Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 24,2019 11:30

2015թ.-ից Վայոց ձորի մարզում իրականացվող «Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլի վերաբերյալ տրամադրվածությունն ընդհանուր առմամբ դրական է:

Սակայն թե՛ մեր ուսումնասիրությունները, թե՛ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» տարեկան հաշվետվությունները, եւ թե՛ 2018 թ.-ին մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների ներկայացրած հաշվետվությունները փաստում են, որ տեխնիկական խնդիրներն անհնար են դարձնում ծրագրի անխոչընդոտ ու սահուն ընթացքը:

Ծրագրի իրականացման ճանապարհին ծագած ամենալուրջ եւ անհապաղ լուծում պահանջող խնդիրը, թերեւս, ինտերնետ կապի որակն է: Մեր այցելած գրեթե բոլոր դպրոցներում (մի քանի բացառություններով) պատմեցին ինտերնետ կապի անբավարար որակի, մի շարք դպրոցներում էլ՝ դրա հաճախակի ընդհատումների մասին:

Քաղաքային համայնքների դպրոցներում, որտեղ տարրական դասարանների եւ սովորողների թիվը մեծ է, մի քանի դասարանի աշակերտներ միաժամանակ չեն կարողանում օգտվել գրասալիկներից՝ ինտերնետ կապի ոչ բավարար որակի պատճառով, իսկ մի շարք գյուղական համայնքներում կապը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է:

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ դպրոցների տնօրենների հետ ունեցած մեր զրույցներից եւ մենթոր-ուսուցիչների հաշվետվությունից.

 

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյան

«Մեր աշակերտների թիվը մեծ է. տարրական դասարաններում սովորում է 30 եւ ավելի աշակերտ: Այդ պատճառով որոշել ենք, որ յուրաքանչյուր օր միայն 1 դասարան է գրասալիկներով աշխատելու: Երբեմն էլ դասասենյակի մի հատվածում կապը բավարարում է, մյուսում՝ ոչ: Այդ պատճառով ընտրում ենք այնպիսի դասասենյակ, որտեղ կապն առավել հասանելի է: Խնդիրն այդպես կարգավորել ենք, եւ դասերն անխափան իրականացվում են»:

 

Սերսի հիմնական դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյան

«Մեր դպրոցի գերխնդիրը համարվում է ինտերնետ կապը, որը պարբերաբար խափանվում է: Դուք էլ կարող եք ստուգել եւ կհամոզվեք: Ի դեպ, ոչ թե հենց այսօր է խափանվել, այլ չկար 4 օր առաջ, 5 օր առաջ… Տեխնիկական սպասարկողը, որքան գիտեմ, սպասարկում է նաեւ Սյունիքի մարզը: Եթե նա շրջի բոլոր բնակավայրերով, ֆիզիկապես չի հասցնի: Մենք զանգահարում ենք, բարձրաձայնում ենք համապատասխան մարմիններին խնդիրների մասին: Այնպես չէ, որ մեր զանգերը անտեսվում են: Ուղարկում են համապատասխան մասնագետին, բայց խնդիրը միայն դպրոցի շենքով չի սահմանափակվում: Ընդունիչ կայանը տեղակայված է դիմացի բարձր սարին, հոկտեմբերից մինչեւ մայիս այնտեղ գնալ հնարավոր չէ: Ճանապարհը ձյունածածկ է: Ես շատ ավելի հակված եմ այն տեսակետին, այս պահի դրությամբ խնդիրը դպրոցի ներսում է: Ինտերնետ կապը լինում է շատ թույլ, կամ բացակայում է: Միշտ եղել է այդ խնդիրը: Հաշվետվությունների մեջ եւս նշված է»:

 

Հատվածներ՝ մենթոր-ուսուցիչների հաշվետվությունից. Աղավնաձոր, Գետափ

«Զրույցներից պարզեցի, որ հիմնականում բոլորի մտահոգությունը կապված է տեխնիկական խնդիրների հետ՝ ոչ լիարժեք կապ, գրասալիկների անսարքություն»:

 

Ջերմուկի կրթ., Ազատեկ

«Ե՛վ ուսուցիչները, եւ՛ տնօրենները դժգոհում են ինտերնետ կապից, քանի որ պլանշետները չեն միանում կապին: Հիմնականում կիրառել են այնպիսի ծրագրեր՝ paint, ձայնագրում, հաշվիչ եւ այլն, որոնք աշխատում են առանց ինտերնետի»:

Վերոնշյալ հատվածներն, ի դեպ, ընդհանուր դժգոհությունների մի փոքր մասն են միայն: Սակայն, մտահոգությունն այս դեպքում լիովին արդարացված է, քանի որ առանց ինտերնետ կապի, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, պարզապես անհնար է (չնչին բացառություններով) գրասալիկների կիրառումը:

Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինտերնետ կապի խնդիրն իսկապես մտահոգիչ է: Նա վստահ է՝ անհրաժեշտ է ինտերնետ կապի հսկողությունն իրականացնել մեկ կենտրոնից, որպեսզի հնարավոր լինի անհապաղ արձագանքել կապի ընդհատումներին:

«Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանն էլ նշեց, որ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից նախքան Ծրագրի փորձնական փուլի մեկնարկը գնահատվել է մարզի ՏՀՏ ենթակառուցվածքների հնարավորությունները:

Գնահատումից հետո հիմնադրամին ներկայացվել են առկա խնդիրները, հստակեցվել է, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ ծրագրի անխափան իրականացման համար: Սարքավորումների եւ այլ միջոցների տրամադրումից հետո «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ը Վայոց ձորի մարզում կատարել է «Հայաստանի կրթական ցանցի» տեխնիկական վերազինում՝ մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում ապահովելով առնվազն 5 մբ/վրկ ինտերնետ թողունակություն:

Սակայն, ինչպես Գոռ Գասպարյանն է փաստում, Ծրագրի իրականացման ընթացքում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել. «Ցանցը, որը այս պահին ստեղծված է, չի բավականացնում նման ծրագիր իրականացնելու համար: Այսինքն՝ եթե մի դպրոցում 20-25 գրասալիկներով միաժամանակ փորձեն աշխատել, ինտերնետի թողունակությունը չի բավականացնի: Մենք նաեւ մասնագիտական խմբի հետ նոր ուսումնասիրություններ ենք իրականացրել, որտեղ հանգամանորեն նշված են բոլոր պատճառները: Վերլուծությունները ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը՝ առաջարկություններով հանդերձ, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն, որպեսզի ծրագրի ընթացքն անխափան լինի: Մինչ օրս հիմնական հարցերին դեռ լուծում տրված չէ»:

Խնդիրը համակողմանի, անաչառ ներկայացնելու նպատակով մենք կապ ենք հաստատել նաեւ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի պատասխանը մեր հարցադրումներին՝ ամբողջությամբ եւ առանց խմբագրման.

«Նշված ծրագրի հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը եղել են մեր ուշադրության կենտրոնում ծրագրի պիլոտային գործարկման սկզբից: Կազմվել է նաեւ աշխատանքային խումբ՝ «Յուքոմ» ՍՊԸ-ի, «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի, ինչպես նաեւ Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի մասնագիտական կազմով։ Նշյալ խումբն իրականացրել է բազմաբնույթ ուսումնասիրություններ, այդ թվում՝ Վայոց ձորի մի քանի դպրոցներում անձնապես կատարվող այցելությունների եւ ուսումնասիրությունների միջոցով։

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրների լուծման ճանապարհը տեսնում ենք ՀՀ կառավարության եւ «Յուքոմ» ՍՊԸ-ի միջեւ գործող ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված կապուղիների էական ավելացման եւ տրամադրված գրասալիկների քանակի լրացման կամ ավելի ժամանակակից լուծումներով փոխարինման միջոցով։ Հատկապես կարեւորում ենք գրասալիկների Wi-Fi Roaming եւ 4G+ միացման հնարավորությունները, որոնք ներկայիս սալիկները չունեն»։

Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի տնօրեն Մուրադ Մուրադյանի հետ, մեր հեռախոսազանգերը, սակայն, նախնական պայմանավորվածությունից հետո մնացել են անպատասխան:

Շարունակելի

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930