Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացության դեպքերի աճ՝ Քրեակատարողական հիմնարկներում

Հուլիս 08,2019 12:50

«2019-ից առ այսօր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է 13 մահվան դեպք»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Մահվան դեպքեր բանտերում․ բուժսպասարկման հասանելիության խնդիրները ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանը:

Մանրամասնելով՝ հիմնականում ինչ հիվանդությունների հետ են կապված եղել մահվան դեպքերը՝ Անդրանիկ Բաղդասարյանն ասաց. «Հիմնականում որպես կանոն հիվանդությունների հետ կապված տեղ են գրավում սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Մահվան դեպքերից 5-ը սիրտանոթային հիվանդություններով են, գլխուղեղային արյան շրջանառության մեկ դեպք է գրանցվել, ինքնասպանության երկու դեպք է գրանցվել, սուր լեյկոզ՝ ուռուցքային հիվանդություններով՝ մեկ դեպք, գազտրոէնտերոլոգիական հիվանդություններով՝ երկու դեպք և այլ հիվանդություններով երկու դեպք»:

Համեմատելով նախորդ տարիների տվյալների հետ՝ Անդրանիկ Բաղդասարյանը նշեց. «2013-ից սկսած առյուծի բաժինը մահվան դեպքերի ընկնում է քաղաքացիական բուժհաստատություններում տեղի ունեցածներին: Դատապարտյալը, ունենալով հիվանդություն, հիվանդությունն արձանագրվել է, բնականաբար համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դրական արդյունք չի գրանցվել, և նա մահացել է: Մահացության ինը դեպքերն արձանագրվել են քրեակատարողական հիմնարկներում, դատապարտյալների հիվանդանոցում՝ երկու դեպք, Արմավիր քրեակատարողական հիմնարկում գրանցվել է չորս դեպք, Հրազդան քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական բուժհիմնարկում գրանցվել է մեկ դեպք»:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալի ներկայացմամբ՝ վիճակագրությունն այսպիսին է. «2018 թվականին ունեցել ենք 18 մահվան դեպք, 7-ը՝ քաղաքացիական բուժհաստատություններում, 2017-ին՝ 17 մահվան դեպք՝ ութը քաղաքացիական բուժհաստատությունում: 2011-ին ունեցել ենք հինգ մահվան դեպք՝ կիսամյակային, 2012-ին 3 մահվան դեպք՝ կիսամյակային»:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի գնահատմամբ՝ այս պահին մահացության դեպքերի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. «Միայն 2019-ի հուլիսի դրությամբ մենք ունենք 13 դեպք, 2018-ի 18 դեպքերի փոխարեն: Իրավիճակը ցույց է տալիս, որ մահվան դեպքերի աճ է տեղի ունեցել: Կան ակնհայտ ու տեսանելի պատճառներ, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Մինչդեռ յուրաքանչյուր ազատազրկված պետք է ունենա այնպիսի բժշկական օգնության հասանելիություն, ինչ մեզնից յուրաքանչյուրը»:

Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ մահվան դեպքերով արդյունավետ քննություն չի իրականացվում, որ վերհանվեն պատճառները. «Պատճառների վերահանումը թերի է: Այդ դեպքում մենք կարող էինք արձանագրել դեպքեր, որ հնարավոր է՝ բուժանձնակազմի կողմից ուշացում է եղել բուժօգնության կամ պարզվի, որ անձը չպետք է այդ առողջական վիճակով պահվեր անազատության մեջ»:

Ըստ Հասմիկ Հարությունյանի՝ հոգեբանական ոչ պատշաճ օգնությունը հաճախ հանգեցնում է դատապարտյալների ինքնասպանության. «Օրինակ՝ միջինը 500-600 ազատազրկված անձ ունեցող հիմնարկի համար ունենում ենք հոգեբանի մեկ հաստիք, իսկ դա չի կարող արդյունավետ լինել, գոնե հարյուր հանձի համար մեկ հոգեբանի հասանելիություն մշտապես պետք է լինի 24-ժամյա ռեժիմով»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031