Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործը` Կարեն Փոլադյանը չգիտի

Հուլիս 11,2019 16:09

Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանը վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակի մասին կարծիք չի հայտնում: Այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` Վահե Գրիգորյանի նամակը ստացե՞լ եք, բոլոր դատավորներին ուղարկել էին, ասաց. «Այդ մասին քիչ հետո ժողովը հայտարարություն կանի»: Նամակում արծարծված խնդիրների մասին նա նույնպես չխոսեց: Միայն ասաց, որ քննարկումը ԱԺ-ի տիրույթում է. «Սպասեք, տեսնենք ի՞նչ է ասում ԱԺ-ն»:

Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, իր նամակում արձանագրել էր, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ: Հարցին`իր կարծիքով ճգնաժամ կա՞, Կարեն Փոլադյանը պատասխանեց. «Ես չեմ ասում այդ մասին որեւէ բան»:

Կարեն Փոլադյանը չպատասխանեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով որեւէ հարցի: Ասաց` տեղեկություն չունի, ընդհանրապես, գործին չի հետեւում: Ռոբերտ Քոչարյանի գործով բոլոր հարցերին Կարեն Փոլադյանը նույն պատասխանն ուներ. «Չեմ ուսումնասիրել, կուսումնասիրեմ`կպատասխանեմ»: Նա չգիտի, թե որտե՞ղ է Քոչարյանի եւ մյուսների գործը գտնվում:

Հիշեցնենք, երեկ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել` քննության առնել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործի դատաքննությունը կմեկնարկի 2019-ի օգոստոսի 20-ին ժամը 10-ին։ Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:

Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ, գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը` Ազգային ժողովը:

ՍԴ աշխատակարգային մեկ այլ որոշմամբ, Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Դավիթ Գրիգորյանի դիմումի քննությանը, քանի որ ՍԴ դատավորը մասնակցել է այս գործի քննությանը մեկ այլ դատարանում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Դատավորը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Պատասխանելով հարցին`ո՞ւմ լիազորությունների շրջանակում է, ո՞վ կարող է տալ հարցի պատասխանը, թե որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի գործը, Կարեն Փոլադյանը պատասխանեց. «Մեզ համար բոլոր գործերը նույն հարթության վրա են եւ եթե կա օրենքով սահմանված ժամկետ, որ պետք է գործը փոխանցվի վերադաս դատական ատյանից առաջին ատյան պետք է ուղարկվի: Օրենքով սահմանված ժամկետով, դատական ակտը պետք է հինգօրյա ժամկետում փոխանցվի կողմեր ե ւ դրանից անմիջապես հետո ուղարկել դատարան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031