Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան. «Նախկիների եւ այսօրվա իր շրջապատի ամբողջ մեղքը Փաշինյանը վերցնում է իր վրա»

Սեպտեմբեր 09,2019 16:05

Երբ խոսք գնաց, որ վարչապետը ֆեյսբուքով նորից հայտարարություն պետք է անի, ես խնդրեցի նրան օրենքների մասով լռի, չխոսի, որովհետեւ այն, ինչ իրեն ներկայացրել են՝ սխալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի շահագործման-չշահագործման թեմայով ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած դիտարկումների մասին:

Տիկին Վարդանյանն ասաց, որ սեպտեմբերի 6-ին, երբ հանդիպել էին վարչապետին, ինքը մեկ էջով հատ-հատ գրել եւ ներկայացրել է օրենքներն ու հոդվածները, միջազգային կոնվենցիաները, որոնք հաստատում են՝ արգելված է «Լիդիան Արմենիային» այնտեղ գործունեություն իրականացնել: «Կարծում էի՝ վարչապետը գոնե կնստի ու կկարդա, ու կհասկանա, որ առկա է հերթական ապատեղեկատվությունը, չի կարելի օրենքներն այդպես մեկնաբանել»:

Այսօր վարչապետն ուղիղ եթերում ասել է՝ այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում: Փաշինյանը վստահեցրել է՝ չեն անտեսվելու բնապահպանական անհանգստությունները, սակայն եթե հանքի շահագործումը անվտանգ է, ապա այն պետք է շահագործվի. «Լիդիան Արմենիա ընկերության հետ իմ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ այդ ընկերությունը գլխավոր պատասխանատուն է։ «Լիդիանը» հիմա ասում է, որ երաշխավորում է, որ 100% անվտանգ է շահագործելու հանքը։ Սա նշանակում է՝ ոչ մի լիտր ջուր չի աղտոտվելու, օդը չի աղտոտվելու, կենսաբազմազանության խնդիր չի առաջանալու։ Ես անգամ հարցրել եմ, թե արդյոք այդտեղ արոտավայրերի վրա փոշի է նստելու, ինչը ֆերմերների համար խնդիր է դառնալու կամ մսի որակի վրա է ազդելու։ Նրանք պարտավորվում են, որ անգամ դա է հաշվի առնված։ Մենք ասում ենք, որ եթե թերացումներ լինեն, ապա հանքը 90 օրվա ընթացքում պետք է փակվի։ Բոլոր չափանիշները պետք է պահպանվեն շինարարության փուլից մինչեւ հետագա բոլոր փուլերը»,- ասաց վարչապետը։

«Ես հասկացա, որ իրեն այլ մեկնաբանումներ են ներկայացրել, որ այդ օրենքն այդպես չէ, այլ կերպ պետք է հասկանալ, բայց օրենքը պետք է հասկացվի այն իմաստով եւ բառերով, ինչպես գրված է»,-ասաց Վարդանյանը: Ըստ նրա, մեր օրենքը հստակ ասում է՝ «Լիդիանի» փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրել է, եւ կան բազմաթիվ հիմքեր, նոր հանգամանքներ են ի հայտ եկել, եւ դրանով նույնպես ուժը կորցրած պետք է ճանաչվի եւ առանց նոր փորձաքննական եզրակացության, ըստ ՇՄԱԳ օրենքի, ոչ ոք իրավունք չունի որեւէ գործունեություն իրականացնի այնտեղ. «Ներկայացրել եմ, թե որ օրենքներն են խախտվել, Սահմանադրությունն է խախտվել, միջազգային կոնվենցիաները, որոնք ՀՀ-ն վավերացրել է, այս ամենը հաստատում են՝ արգելվում է այդտեղ հանքաարդյունաբերությունը, տրված թույլտվությունը եղել է հակաօրինական»:

Փաշինյանն այսօր ասել է, որ հանձնարարական է տվել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ լիբանանյան էլարդ ընկերության հետ տեսակոնֆերանսի ժամանակ շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրացված հարցերի հետքերով։ Փաշինյանը նաեւ խնդրել է Ջերմուկի եւ մյուս համայնքների բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։

Նազելի Վարդանյանն այս առնչությամբ այսպես արձագանքեց. «Ես Փաշինյանի հետ հանդիպմանը եղել եմ ջերմուկցիների հետ, իրենք ասել են՝ ոչ մի քայլ չեն նահանջելու, կատարելու են իրենց պարտականությունները, սա ի դեպ, Սահմանադրական պարտականություն է՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը: Որեւէ մեկը չի կարող խոչընդոտել Սահմանադրական պարտականությունների իրականացմանը: Դա նույնն է, եթե որեւէ մեկը խոչընդոտի զորակոչին: Եթե ջերմուկցիների դեմ ոստիկանություն դուրս գա, կամ այլ ուժեր կիրառվեն՝ դա կդիտվի որպես հակասահմանադրական եւ հակաօրինական»:

Ըստ Վարդանյանի, տեսչական մարմինն անցյալ տարի ստուգել եւ արգելել է ընկերության գործունեությունն այնտեղ, վարույթ է սկսվել, ընկերությունը սա վիճարկում է, քրեական գործն ընթացքի մեջ է, եւ այդ արգելքն ուժի մեջ է. «Դրա պայմաններում չի կարելի գործունեություն թույլ տալ այնտեղ, սա ասել ենք, եւ այսօր նախկիների եւ այսօրվա շրջապատի ամբողջ մեղքը, պարտավորությունը Նիկոլ Փաշինյանը վերցնում է իր վրա»: Վարդանյանն ասաց՝ եթե նոր ստուգումներ պետք է լինեն՝ ուրեմն թող ճանապարհը փակ մնա, գնան իրենց ուսումնասիրություններն անեն. «Դա էլ էր ճանապարհ՝ ձգելու ճիշտ որոշման գալու, բայց չարեցին: Ի դեպ, նախարարը միակ մարդն է, որ այս թեմայի շուրջ չի խոսում, ամբողջ աշխարհն անհանգստացած է, ով ասես խոսում է, բայց նախարարը չի խոսում, փորձաքննության մասին ինքը պետք է ասեր, ոչ թե վարչապետը»:

Տիկին Վարդանյանը վստահեցրեց՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե չկան հիմքեր հանքը չշահագործելու. «Հայտարարվեց, որ նոր ՇՄԱԳ-ի հիմքեր չկան, սա էլ իրականությանը չի համապատասխանում: Օրենք ասում է՝ եթե փոփոխություններ կան նախագծում կամ կան այնպիսի բաներ, որոնք հաշվի չեն առնվել փորձաքննական եզրակացության մեջ, ապա նոր փորձաքննության կարիք կա: Նույնիսկ Էլարդի հետ տեսակոնֆերանսում էլ երեւաց, որ այնտեղ մաքրման նոր մեթոդներ են առաջարկում՝ պասիվից ակտիվ: Իսկ եթե «Լիդիանը» ստանձնում է, որ իրենք պետք է պասիվից ակտիվին անցնեն, դա նշանակում է, որ ամբողջ տեխնոլոգիան փոխվում է: Իսկ օրենքն ասում է՝ եթե փոխում ես տեխնոլոգիան՝ պետք է նոր փորձաքննություն արվի: Ասում էին՝ ոչ մի լիտր ջուր չի արտահոսելու, փոշի չի լինելու, խոտի վրա չի նստելու, անասնակերի վրա չի ազդելու, բայց սա էլ ապատեղեկատվություն է: Կոնֆերանսում էլ պարզ դարձավ, հարց տվեցին՝ ցիանիդի հարթակի ջուրն ո՞ւր է գնալու, սրա մասին ընդհանրապես չեք խոսում: Ասել են՝ ջուրը ճեղքերից գնալու է հասնի մինչեւ Ջերմուկի խմելու ջրի աղբյուրներին, բոլոր ապացույցները կան»:

Փաշինյանն իր ուղիղ եթերում նաեւ ասել է՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում կառավարությունը ճշգրիտ որոշում եթե չկայացնի, ապա դա կհանգեցնի Հայաստանի վարկանիշի վատացման: Նա նշել է. «Եթե մենք ասում ենք, որ ենթադրենք, Ամուլսարի հանքը ուղղակի չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Եթե բնապահպանական մտավախություններից ելնելով, ապա եթե այդպես է՝ ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործվի կամ Թեղուտը շահագործվի։ Արդյոք դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Եթե հանկարծ պարզվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ, դա լավ չի լինի մեր տնտեսության համար»,- նշեց Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30