Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին՝ Արցախի անվտանգության համար

Հոկտեմբեր 11,2019 12:00

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենք իրագործեն Ադրբեջանի մերժած հետաքննության մեխանիզմների կիրառումը

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հոկտեմբերի 6-ին Aravot.am-ում հրապարակել է՝ «Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» հոդվածը, որտեղ նա ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարեւոր թեմա է արծարծել։ Շահնազարյանը քննարկման թեմա է դարձրել հարցը՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները կարո՞ղ են առանց կողմերի համաձայնության՝ ԼՂ հակամարտության շփման գծում կայունություն հաստատել։

Տարիներ շարունակ լարվածության թուլացման՝ շփման գծում հրադադարի ռեժիմի ապահովման վերաբերյալ միջնորդների առաջարկները Ադրբեջանը  հետեւողականորեն մերժեց։ Միջնորդների հորդորները, պահանջներն այդպես էլ մնացին բարի ցանկություններ. պաշտոնական Երեւանը մշտապես հայտարարում էր, որ կողմնակից է այդ մեխանիզմների կիրառմանը, իսկ պաշտոնական Բաքուն ուղղակի մերժեց դրանք։

Ահա, Շահնազարյանն առաջ է քաշում նոր գաղափար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն ունեն հնարավորություն առանց հակամարտող կողմերի համաձայնության ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կառավարելի դարձնելու եւ կայուն պահելու։ «Հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են՝ աշխարհաքաղաքական լրջագույն կենտրոններ են, երեքն էլ տեխնիկապես ունեն շփման գծի նկատմամբ արբանյակային վերահսկողություն սահմանելու հնարավորություն, եւ հիմա էլ, ակնհայտ է, որ եթե ոչ մշտադիտարկում, ապա՝ պարբերաբար այդ հնարավորությունից օգտվում են եւ հետեւում են ԼՂ հակամարտության շփման գծի շուրջ բոլոր շարժերին ու փոփոխություններին։ Հետեւաբար, այս երեք միջնորդ պետությունները կարող են քաղաքական կամք ցուցաբերել եւ առանց հակամարտության կողմերի համաձայնության հանդես գալ համատեղ պաշտոնական հայտարարությամբ, որ արբանյակային դիտարկումներից ստացած իրենց տեղեկատվության մշտական փոխանակում են իրականացնելու միմյանց միջեւ եւ որ միջնորդ երկրները պարբերաբար քննարկելու, վերլուծելու են ԼՂ հակամարտության գոտում ռազմական իրավիճակի փոփոխություններն ու հնարավոր անցանկալի զարգացումները։ Արբանյակային դիտարկման տեղեկատվության փոխանակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջեւ քննարկումներն ու վերլուծությունը շփման գծում իրավիճակի վերաբերյալ բավական լուրջ զսպաշապիկ կարող է հանդիսանալ հարձակողական ծրագրերի համար։ Միջնորդների այսպիսի համագործակցությունը էապես կնվազեցնի լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության բանակցությունները առաջ մղելու էական դրական խթան կհանդիսանա»,- գրում է նա։

Շահնազարյանը հիշեցնում է, որ եթե 1994թ.  մայիսի 12-ին կնքված զինադադարի պայմանագրով կրակի դադարեցման ապահովումը հակամարտության կողմերի համար միջազգային պարտավորություն է, ապա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից նման նախաձեռնության իրագործումը միջազգային պատասխանատվության հարց է, եւ այն կարող է իրագործվել նաեւ հակամարտության կողմերից որեւէ մեկի ընդդիմանալու պայմաններում՝ կանխելով նոր լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց նախորդում են զինուժի տեղաշարժերը եւ ռազմական կուտակումները շփման գծում։ «Հետեւաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից նման նախաձեռնությունը լրջագույն դրական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի համար, այլեւ հավանական է, որ նման համագործակցությունը երեք պետությունների միջեւ դրական դեր ունենա մեծ, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, սկիզբ դնելով նաեւ մի գործընթացի, որտեղ նորից կարեւոր կդառնա դիվանագիտությունը, այլ ոչ թե՝ ուժի ցուցադրումը»,- հավելում է նա։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խումբն առավելապես զբաղված է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումների կազմակերպմամբ, որպեսզի դրանց հիմքով բացառվի պատերազմի բռնկումը, ապա նման նախաձեռնության կյանքի կոչելը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, անշուշտ, կարող է էլ ավելի մեծացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելության ազդեցությունն ու նշանակությունը։

Բացի այդ, նման մթնոլորտում կնվազի Ադրբեջանի կողմից սադրանքների դիմելու, սահմանային լարվածություն ստեղծելու հնարավորությունները, որոնցից պաշտոնական Բաքուն մտապես օգտվում է՝ բաց չթողնելով «հարմար» որեւէ առիթ։

Բազմիցս է նշվել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն այն բացառիկ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են արդյունավետ աշխատել, եւ այս հանգամանքը կարեւորում են թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում։ Հետեւաբար, նման նախաձեռնությունը կարող է նույնիսկ համագործակցության լրացուցիչ հարթակ դառնալ երկու գերտերությունների համար։

Մնում է սպասել, թե Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում ինչպես կընդունեն իրենց ուղղված այդ գաղափարի իրագործման առաջարկը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031