Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ էդ մարդիկ գոնե հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, վաղ թե ուշ բռնվելու են». Փաշինյան

Հոկտեմբեր 23,2019 21:12

ՀԱՊԿ անդամ մի երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ մյուս երկրին՝ Ադրբեջանին, որը կոնֆլիկտ ունի ՀԱՊԿ անդամ մյուս երկրի հետ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ինչ-որ ձեւաչափով հնարավո՞ր է սահմանափակել հարձակողական զենքի վաճառքը: Առաջիկայում ՀԱՊԿ վեհաժողովն է, նա առաջարկեց բարձրացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը անընդհատ բարձրացնում են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների ժամանակ:

Խոսելով Ադրբեջանի հռետորաբանության մասին՝ Փաշինյանն ասաց, որ այդ հռետորաբանությունը վերջին 13 տարում նույն գծի վրա է. «Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց, թե 20 տարի ծառայած ու զորացրված սպաները, որոնք բնակարանային ֆոնդից չեն կարող օգտվել, հարցնում են՝ ծրագիր կլինի՞ իրենց համար, եթե այո, ի՞նչ սխեմայով: Տոնոյանը պատասխանեց, որ զորացրվածները պետք է երկար սպասեն, կամ հիփոթեքային ծրագրերից օգտվեն: Նա ասաց, որ առաջնահերթ պետք է ծրագրերից օգտվեն ծառայության մեջ գտնվողները. «Ովքեր զորացրվել են, իրենց համար հիմա ծրագիր է իրականացվում, տրվում են սերտիֆիկատներ: Արդեն մոտ 85 զորացրված զինծառայողի Տավուշի շրջանում եւ Արարատում տրվել են ԲԳՎ-ներ»:

«Իմ քայլական» Արուսյակ Ջուլհակյանն էլ վարչապետին հիշեցրեց իր ֆեյսբուքյան լայվի մասին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր պետական կառավարման համակարգում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամի, կաթվածի մասին: Նա հարցրեց՝ իրականացվո՞ւմ են որոշակի քայլեր՝ կաթվածը հաղթահարելու ուղղությամբ, ի՞նչ քայլերի մասին է խոսքը եւ ի՞նչ ժամկետների հետ գործ ունենք: Փաշինյանը պատասխանեց. «Ուզում եմ մի օրինակ բերեմ, թե ինչ նկատի ունեմ. Օրինակ, նախկինում երբ ճանապարհ էր կառուցվում, դրա նպատակը ո՞րն էր, ոչ թե ճանապարհը կառուցվի, մարդիկ ենթակառուցվածքն օգտագործեն, ավելի որակյալ տեղաշարժ ունենան, ավելի արագ հասնեն A կետից B կետ, այլ անում էին նրա համար, որ ամեն մեկն իր ատկատի բաժինն ունենար: Հիմա մենք այդ տրամաբանությունը փորձում ենք փոխել: Հուսով եմ, վերջնականապես ենք փոխել, որովհետեւ  երբ հիմա ասֆալտապատում է արվում, որը նախարարության կողմից չի ընդունվում, ես ուզում եմ հասկանամ՝ այդ անօրինակ աշխատանքն արած մարդու տրամաբանությունը: Ես չեմ հասկանում, անկեղծ եմ ասում: Մինչեւ հիմա պետական պաշտոնյաներ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են, ես այդ մարդկանց տրամաբանությունը չեմ հասկանում: Իմ մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ էդ մարդիկ գոնե հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, վաղ թե ուշ բռնվելու են»:

Վարչապետը բացատրեց, որ կառավարման համակարգում պրոբլեմի են բախվում, որովհետեւ եթե առաջ կաշառք ստանալու համար տեղից իրար էին գալիս, որ շուտ անեն, փողը շուտ գրպանը դնեն, հիմա մտածում են՝ դրա համար փող չեմ ստանալու ավել, ինչի՞ անեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031