Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերք, էս ինչ եք անում

Նոյեմբեր 11,2019 13:41

Տարիներ առաջ՝ 2011թ.-ին, երբ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրանից ոչ հեռու գտնվող Ուտոյե կղզում Անդրես Բրեյվիկի իրականացրած զարհուրելի սպանդի հետևանքով 95 մարդ զոհվեց, 100-ից ավելին վիրավորվեցին, ողջ Եվրոպան շոկի մեջ հայտնվեց ու տևական ժամանակ փորձում էր ուշքի գալ այդ դեպքերից: Ողջ աշխարհը սպասում էր եվրոպական արդարադատությանը: Բոլորիս էր հետաքրքիր, թե ինչպես կվարվի Նորվեգիան մարդասպան ահաբեկչի հետ:

Ու որքա՜ն զարմանքի պահեր պիտի ապրեինք այդ ողջ ընթացքում, երբ Եվրոպան մի ամբողջ տարի դինջ-դինջ դատավարություն էր անում, մի քանի անգամ մեղադրյալին ուղարկում էր փորձագիտական, նյարդաբանական, հոգեբուժական ու այլ տարբեր ստուգումների, որպեսզի կրկնակի, եռակի անգամ համոզվեր՝ մեղսունա՞կ է նա, թե ոչ, հոգեբանական ի՞նչ վիճակում է եղել ոճրագործության պահին և արդյո՞ք նրա նուրբ սիրտը չի ճմլվել այդ զարհուրելի տեսարանից: Որքա՜ն պիտի ապշեինք՝ տեսնելով նրա համար ապահովված բանտային պայմանները, օրինապահ մարմինների վերաբերմունքը հանդեպ նրա:

Մեր գիտակցության մեջ գուցե այդ ամենը չեր տեղավորվում ու չէր ընկալվում մինչ այն պահը, երբ Մոսկվայում ողբերգական ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձավ մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանը: Թող որ՝ ո՛չ միտումնավոր, թող որ՝ դժբախտ պատահար, բայց մի՞թե զոհվածների հարազատների համար դա կարող էր արդարացում լինել, իհարկե՝ ոչ: Նրանք այդ պահին կերազեին անձամբ դատաստան տեսնել Հրաչյայի հետ: Դե իսկ այն թատրոնից հետո, որ բեմադրեցին ՌԴ օրինապահ մարմինները՝ Հրաչյային կնոջ ծաղկավոր խալաթ հագցնելով ու դատարանի դահլիճում ծաղր ու ծանակի ենթարկելով, բոլորիս ներսում ինչ որ բան փոխվեց: Կասեք՝ այնքան էլ ճիշտ համեմատություն չէ: Մի դեպքում դժբախտ պատահար էր, մյուս դեպքում՝ սառնասրտորեն իրականցված սպանդ: Սակայն աշխարհում ոչ ո՛ք հանցագործ չի ծնվում: Աշխարհի նույնիսկ ամենադաժան հանցագործությունների իրականցման հիմքում ընկած են բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական խնդիրներ՝ սկսած տվյալ հանցագործի ապրած մանկությունից, վերջացրած հասուն տարիքում ունեցած բազմաբնույթ հոգեբանական խնդիրները, որոնք հաղթահարելու անկարողությունը, ի վերջո, հանգեցրել է տվյալ հանցագործության կատարմանը: Նույնիսկ ամենազարհուրելի հանցանքներ գործած անձինք ունեն գործողության որոշակի հոգեբանական մոտիվացիա, որոնք ուսումնասիրելով ու վերլուծելով հնարավոր է տեսականորեն գտնել հիմնավորում նրանց արարքին: Ոչ ո՛ք, հենց այնպես, ինչ որ մի օր չի արթնանում ու դառնում սերիական մարդասպան, հենց այնպես ոչ ո՛ք չի դառնում մանկապիղծ, սեռական մոլագար, բռնաբարող ու ոճրագործ:

Այն՝ ինչ մեզ համար թվում է անըմբռնելի ու անընդունելի, վաղուց հանդիսանում է եվրոպական ու արևմտյան արժեհամակարգերի հիմնասյունը. Մարդը գերագույն արժեք է և, անկախ նրանից, նա օրինախախտ է, թե օրինապաշտ, հասարակ գրպանահատ է, թե ամենադաժան մոլագարը երկրի վրա, ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու նրա արժանապատվությունը և ոտնահարելու նրա իրավունքներն ու ազատությունները:

Այս երկար նախաբան-էքսկուրսը արեցի ցույց տալու այն տեղապտույտը, որ այս օրերին կարծես ձևավորել է մեր կյանքում «Ստամբուլյան կոնվենցիա-Դաշնակցություն-ԿԳՄՍ նախարար-Արայիկ Հարությունյան-Զելյոնկա-Սատանաներ-Դավադիրներ-հող հանձնողներ-հեռացիր» սնանկ օրակարգը:

Մենք երբեք չենք կարող եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ և եվրոպական արժեհամակարգի իրական կրողը լինել, քանի դեռ առաջնորդվում ենք ազգային, կրոնական, ռասսայական, սեռական խտրականություններով: Քանի դեռ մեր քաղաքական հռետորաբանության մեջ ու մեր հասարակության մտածելակերպում շարունակում են գերիշխող մնալ ազգ, ազգային, ցեղակրոն բառերով ու բառարմատներով սկսվող նախադասությունները, մենք չենք կարող աշխարհի հետ հավասար քայլել:

Քանի դեռ մեզ համար հիմնարար է ազգայինը և ոչ թե պետականը, քանի դեռ մենք քարոզում ենք ազգային մտածելակերպ և ոչ թե պետական, քանի դեռ մենք ամեն կազմակերպության անվանմանը կցում ենք «ազգային, համազգային, համահայկական, միավորված, միացյալ, ավանդական» բառերն ու ինքներս մեզ համոզում, որ շատ խելոք բան ենք արել, մենք դեռ երկար աննշմար կմնանք աշխարհի քարտեզին:

Գերագույն արժեքը Մարդն է, նրա արժանապատվությունն ու ազատությունները, և այն պետությունը, որն առավելագույնս կպաշտպանի այդ արժեքները:

Ի դեպ, այն ինչ այսօր կատարվում է, երբեմն դեժավյու չի՞ առաջացնում Ձեզ մոտ. Այն, ինչ անում է այսօր Հանրային Խորհրդի ղեկավարը, այն, ինչով այսօր զբաղված է մեր ավանդական-ամենահին-հեղափոխական-համա-ազգա-միացյալ ամենա ամենան, չի՞ հիշեցնում ձեզ արդյոք իննսունականների հետպատերազմյան շրջանը, երբ նոր-նոր դրվում էր պետականության հիմքերը:

Եվ այսօր, երբ երկիրը փորձում է նոր հուն մտնել, վերականգվել, առողջանալ…: Քսանհինգ տարիների ընթացքում կարծես շատ բան չի փոխվել:

Սա, իհարկե, այլ նյութ է, և պահանջում է առանձնակի ծանր մտավոր աշխատանք և հասունություն, և որի մասին, թերևս, մեկ ուրիշ անգամ, երբ ավարտած կլինեմ Թորգոմ Վեհապետյանի «Նոր սերունդը՝ քավության նոխազ» գրքի ընթերցումը:

Այսքանը:

Ավագ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930