Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած տոնակատարություն, որն այս ծանր իրավիճակում այսպես շքեղությամբ ու ճոխությամբ կատարվում է, բարոյալքման մասին է խոսում». Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 13,2023 18:15

Այսօր Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունն էր: Հրապարակված լուսանկարներում ու կադրերում նա սրբում է իր արցունքները ու անզորությունից կախում հայացքը:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգվել էր Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից այս տարվա հուլիսին։ Նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով իբր տուժող է ճանաչվել 59 անձ։

Երբ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դատից հրապարակվել էին նմանատիպ լուսանկարներ՝ ծաղկավոր խալաթով, հայաստանյան դաշտի մի շարք իրավապաշտպաններ բողոքի ցույցեր էին կազմակերպում ՌԴ դեսպանատան մոտ: Aravot.am-ը իրավապաշտպան Նինա Կարապետյանցին հարցրեց՝ հիմա բողոքի ցույցեր ինչո՞ւ չեն կազմակերպվում, թե՞ մենք հիմա նվաստացած չենք զգում այդ տեսարանից: Նա պատասխանեց. «Տարբերությունը հետեւյալն է՝ մենք այստեղ ունենք ՌԴ դեսպանատուն ու կարող էինք գնալ ներկայացուցչություն, պահանջ ներկայացնել, Ադրբեջանի դեպքում նման հնարավորություն չունենք, այլապես համոզված եղեք, որ մեծ թվով մարդիկ այնտեղ կլինեին: Բոլորը, ում ես ճանաչում եմ, բոլոր հանդիպումների ժամանակ բաց չեն թողնում առիթը՝ խոսելու մեր գերիների մասին, ոչ միայն վերջերս գերեվարվածների, այլեւ նախորդ ժամանակներում գերության մեջ հայտնված մեր երիտասարդների, կանանց ու տղամարդկանց վերաբերյալ:

Նաեւ դա է պատճառը, որ մեծ ճնշումների արդյունքում տարբեր խմբեր ուղարկվեցին: Տարբեր հետաքրքրված կողմեր կարողացան իրենց ճնշումը գործադրել ու ուղարկել, եղավ վրացական կողմի նախաձեռնությամբ, ամերիկյան կողմի, եվրոպական կողմի, նաեւ ռուսական կողմի ճնշումների ներքո: Ուղիղ իմաստով Ադրբեջանի վրա ներազդելու հնարավորություն չկա, միակ տարբերակը, որը կարող ենք օգտագործել եւ հանրությունը պիտի համոզված լինի, որ միջազգային բոլոր կառույցները, խոշոր խաղացողները, որոնք կարող են ազդեցություն ունենալ, բոլորի հետ ամեն հանդիպում օգտագործվում է՝ գերության մեջ գտնվող մարդկանց հարցերը բարձրացնելու, օր առաջ նրանց վերադարձնելու:

Ամենակարեւոր բաներից մեկը, որ հիմքում դրվում է, դա հենց իրենց կողմից հրապարակված տարբեր զեկույցներն են, որոնք արդարադատության համակարգի իսպառ բացակայության մասին են խոսում Ադրբեջանում: Երբ որ իրենք իրենց էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ են թշնամաբար եւ անարդար վարվում, պարզ է, թե այդ ատելության ֆոնի վրա ոնց են վերաբերվելու ազգությամբ հայերին: Այդ հարցը բարձրացվում է, աշխատանք տարվում է, բայց հանրային դաշտում դա շատ քիչ է երեւում, չի երեւում առհասարակ»:

Հարցին՝ ճիշտ եք, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսարան չկա, բայց երբ տեսնում ենք, որ այդ նույն ժամանակահատվածում, երբ Վագիֆ  Խաչատրյանի դատավարությունն է, մարդը Բաքվի բանտում արտասվում է ու Երեւանի ողջ կառավարական կազմը ուրարտական ոճով պալատական ծես է կազմակերպում Ավինյանի երդմնակալության արարողության, մենք չունե՞նք կառավարությունից պահանջելու բան, ի վերջո կառավարությո՞ւնը չի պատասխանատուն այս իրավիճակի՝ Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Ցավոք, տարբեր ժամանակներում մենք ունեցել ենք իրավիճակ, երբ իշխանությունները լրիվ կտրված են եղել մեր  հանրային խնդիրներից, այսօր էլ, այո, մեր իշխանությունները ոչ միայն իրենց տոնակատարությամբ, Երեւանի քաղաքապետի երդմնակալության պրոցեսով, այլ առհասարակ տարբեր իրավիճակներում լրիվ կտրված են իրականությունից: Եվ ակնկալիք, ես անձնապես իմ անունից կարող եմ ասել, որ այս իշխանությունից չունեմ: Այս իշխանությունը բավարար ջանք չի գործադրում վերադարձնելու համար: Դրա ամենավառ օրինակներից է ԱԽ նիստից երկու ժամ առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը եւ էլի տարբեր տեսակի հայտարարությունները:

Տարբեր տեսակետ ունեցողները կասեն՝ դե տեսեք, գնացին միջազգային դատարան: Բայց միջազգային դատարանի արդյունքները հողի վրա մենք կարող ենք ունենալ շատ ավելի ուշ, օպերատիվ լծակներ իշխանությունը չի օգտագործում, գոնե տեսանելի չի ինձ համար: Իսկ ցանկացած տոնակատարություն, որը այս ծանր իրավիճակում այսպես շքեղությամբ ու ճոխությամբ կատարվում է, ինձ համար ուղղակի բարոյալքման մասին է խոսում, դիտավորությամբ հասարակությանը բարոյալքելու մասին է խոսում: Իրենց բազմաթիվ գործողություններ՝ սկսած իրենց բառամթերքից, բառապաշարից, վերջացրած իրենց վարքագծով, տարբեր գործողություններով ու անգործությամբ, վստահ եմ ուղղակի դիտավորությամբ տանում են հասարակությանը ավելի խորը բարոյալքման ու հիասթափության, որպեսզի կարողանան մեկ օր ավել շարունակեն կառավարել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031