Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կունենա զգայական ինտեգրացիոն թերապիայի բացառիկ սենյակ

Դեկտեմբեր 13,2019 18:09

Ճապոնիայի կառավարությունը 46.500 դոլար դրամաշնորհ է տրամադրել «Երևան իմ սեր» հիմնադրամին: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցին «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

«Հատկացված գումարով «Երևան իմ սեր» հիմնադրամի Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնն ունենալու է մասնագիտացված զգայական ինտեգրացիոն թերապիայի սենյակ, որն իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով առաջինն է լինելու Հայաստանի Հանրապետությունում: Ձեռք ենք բերելու հատուկ զգայական ինտեգրացիան, կենտրոնական նյարդային համակարգը կարգավորող սարքավորումներ: Դրանց շնորհիվ, տարբեր զգայական խնդիրներ, աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, հոգեխոսքային խնդիրներ ունեցող երեխաները կբարելավեն իրենց շարժողական համակարգը, վարքային դրսևորումները, կարողությունները, սոցիալական հմտությունները, ճանաչողության զարգացման գործընթացն ու աշխարհընկալումը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնի սաների ու հայտնի մարդկանց հետ համատեղ, այդ թվում դիվանագետների եւ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի նկարած նկարների ցուցահանդեսով:
Արշակ Կարապետյանը նշեց, որ գործընկերների հետ պայմանավորվել են, որ Ամանորյա միջոցառումների ավարտից հետո երեխաների եւ մեծահասականների համատեղ աշխատանքները կմեկնեն շրջագայության, եւ եւս մեկ անգամ արվեստի միջոցով ընդգծելու վերականգնողական ծրագրերի կարեւորությունը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ընդգծեց իրենց ջերմ հարաբերությունները «Երեւան իմ սեր » հիմնադրամի հետ, ասաց, որ երեխաների հետ կապված բազմաթիվ դրվագներ կան, ամենատպավորիչը համատեղ նկարել էր: «Ճիշտ է, երեխաներն ավելի լավ էին նկարում, քան ես»,-ժպտալով ասաց դեսպանը: Նա կարեւորեց վերականգնողական ծրագրերը եւ ներառականությունը, մասնավորապես վերջին դրամաշնորհային պայմանագիրը: Ասաց, որ իր համար մեծ հաճույք է Ճապոնիայի կառավարության անունից մասնակցել նման ծրագրի ստորագրմանը:

«Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրենը դեսպանին նվիրեց իր իսկ նկարը, որը լուսանկարել էին հիմնադրամի շահառուները մեկ այլ ծրագրի շրջանակում:

Հավելենք, որ դրամաշնորհային պայմանագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրանք «Երևան իմ սեր» հիմնադրամի մանկական վերականգնողական կենտրոնի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ զարդարեցին բակում տեղադրված տոնածառը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել