Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարների կանոնները

Դեկտեմբեր 17,2019 10:00

Անցած շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձություններն էին գործարար Ռուբեն Հայրապետյանի տանը եւ «փոխկապակցված» վայրերում ստուգումներ կատարելը, դրան հետեւած նրա հարցազրույցը «168 ժամին», գործարար Խաչատուր Սուքիասյանի, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների ու ջատագովների կոշտ հակադարձումները: Արդյոք դա հետաքրքիր կլինի՞ լայն զանգվածներին այս շաբաթ՝ ճիշտն ասած, խիստ կասկածում եմ. անգամ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք առաջադրելն առանձնապես շատ չքննարկվեց:

Այսքանով հանդերձ՝ գործարարների հանգամանքն, իմ կարծիքով, հետաքրքիր է: Ինչպես հայտնի է՝ նրանց գործը փող աշխատելն է, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա. ավելին՝ շուկայական հարաբերությունների պայմաններում, եթե չլինի փող աշխատելու ձգտումը, երկրի տնտեսությունը կանգ կառնի, իսկ դրանից կտուժեն բոլոր քաղաքացիները: Ցանկացած երկրում բիզնեսմեններն իրենց գործն անում են՝ այդ երկրի «խաղի կանոններին» հետեւելով: Մեր նման երկրների կանոնները, մասնավորապես, պահանջում են առնվազն լոյալ վերաբերմունք իշխանությունների հանդեպ. եթե բիզնեսմենները ցանկանում են զբաղվել իրենց գործով, նրանք պետք է ենթարկվեն այդ կանոնին:

Խաչատուր Սուքիասյանը սկսել է հարստանալ Տեր-Պետրոսյանի ժամանակ, լոյալ էր Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, 2003 թվականին այլ գործարարների հետ միասին ստորագրել էր մի նամակի տակ, որտեղ աջակցում էր Երկրորդ նախագահի՝ կրկին իր պաշտոնում առաջադրվելուն (պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե չաջակցեր): Այդ վիճակը շարունակվում էր մինչեւ 2007 թվականի աշուն, երբ Սուքիասյանն իր աջակցությունը հայտնեց Տեր-Պետրոսյանին: Քանի որ Տեր-Պետրոսյանը նախագահ չդարձավ, եւ իշխանությունն, ըստ էության, վերարտադրվեց, գործարարին սկսեցին դաժանորեն հետապնդել եւ վրեժ լուծել իր քաղաքական դիրքորոշման համար՝մասնավորապես, խլելով նրանից «Բջնի» գործարանը: Դա տեւեց մինչեւ 2012 թվականը, երբ գործարարի հարաբերություններն իշխանության հետ սկսեցին կարգավորվել՝ ձեռք չբերելով, սակայն, շատ ջերմ բնույթ: Հեղափոխությունից հետո եկած իշխանությունն այս գործարարի համար, իհարկե, խիստ բարենպաստ է:

Ռուբեն Հայրապետյանը նույնպես սկսեց հարստանալ Տեր-Պետրոսյանի ժամանակ, իսկ հետո «սառը լոյալություն» էր պահպանում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: 2008 թվականին նա չպաշտպանեց Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ, հակառակը՝ այն ժամանակ «ընդունված ձեւով» մասնակցեց ընտրություններին՝ իշխանության կողմից (էլ չնկարագրեմ, թե ինչն էր ընտրությունների ժամանակ ընդունված): Նրա բիզնեսի համար խիստ բարենպաստ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, իսկ հիմա եկել է նրան հետապնդելու եւ նրանից վրեժ լուծելու ժամանակը:

Երկուսն էլ արել են թե՛ վատ, թե՛ բարի գործեր: Ինչպես բոլորիս մեջ, նրանց մեջ էլ կա ե՛ւ լույս, ե՛ւ ստվեր: Արձանագրելով ստվերը՝ չեմ կարող չտեսնել նաեւ լույսը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,թե քաղաքական գործիչի,թե գործարարի,,իմիջը,, դուք՝լրագրողներդ եք ստեղծում՝ուզում եք,բարձրացնում եք մինչև աստղեր,ուզում եք նետում եք ամենախոր անդունդը..
    Ինուսականներից մինչ այսօր նույն լրատվամիջոցները նուն հոդվածներն են գրում իշխանության,քաղաքական գործիչների և գործարարների մասին՝միայն անուներն են փոխված,այսինքը չկան լավ իշխանություններ,գործարարներ,քաղաքական գործիչներ….:
    .

  2. Լավատես says:

    Գործարարները՝ գործ արարողներն են, գործի արարիչներն են, նրանք տնտեսության զինվորներն են, տնտեսության բանակն է, որը մշտական տնտեսական պայքարի մեջ է այլ ազգերի տնտեսական բանակների հետ, դրա համար, ինչպես ռազմական բանակն ունի իր գլխավոր սպայակույտն ու պետական ռազմական նախարարությունը, այնպես էլ տնտեսական բանակը պետք է ունենա իր գլխավոր սպայակույտն ու պետական տնտեսական նախարարությունը, որոնք պետք է մշակեն տնտեսական հայեցակարգն ու տնտեսական մարտի արվեստը: Տնտեսությունը ազգ բանակի տնտեսություն բանակ բաղադրիչն է, կանոնավոր տնտեսության բանակը: Ռազմական հզոր բանակն ունի տնտեսական հզոր բանակ՝ սկսած սննդից ու համազգեստից վերջացրած հրթիռներով ու համակարգիչներով, միայն պետական ղեկավարման դեպքում մասնավոր գործարարը հզոր տնտեսության զինվոր է դառնում, պետք է նաեւ պարտադիր ժամկետային տնտեսական ծառայություն, որտեղ սովորեցնում են գործարարության արվեստին: Ազնվականը եւ լավ զինվոր է, միաժամանակ լավ գործարար, երգի պարի արվեստների ու գիտությունների, առողջ կենսակերպի լավագույն օրինակ:
    Ոչ մի վարձու աշխատող, դա ստրուկի ժամանակակից տեսակն է, ստրկատիրական համակարգը վերացնելու համար ստրուկները ստրկատերերին են ուզում վերացնել, իսկ ստրկատերերը՝ ստրուկներին: Հայն ազնիվ տեսակ է եւ հային խորթ է ինչպես ստրուկ լինելը, այնպես էլ ստրկատեր լինելը, բոլոր վարձու աշխատողների համար պետությունը բացում է անհատական ձեռնարկություններ՝ դրանք տնտեսական շարքային զինվորներն են, հետո նրանցից կազմված վաշտեր, գումարտակներ եւ այլն: Հզոր երկրները շուտվանից են տնտեսական պատերազմներ վարում, իսկ դա հնարավոր է հզոր կանոնավոր տնտեսական բանակ պահելու դեպքում:

  3. Alfred says:

    իյա բա ասում են իրավիճակ է փոխվել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031