Լրահոս
Օրվա լրահոսը

Օդը կեղտոտ է Նորքում, Կենտրոնում ու քաղաքի հարավում

Հունվար 18,2020 13:00

Տրանսպորտի, արդյունաբերության, քիչ կանաչապատման եւ այլ պատճառներով մթնոլորտ են անցնում վնասակար նյութեր։ Դրանք աղտոտում են օդը, ինչը լուրջ խնդիր է հատկապես մարդաշատ քաղաքներում։

Երեւանում ապրում է մոտ 1.8 միլիոն մարդ։ Այստեղ խիտ է երթեւեկությունը, շատ է շինարարությունն ու փոշին, ծառաշատ վայրերն էլ մեծ չեն։

Մայրաքաղաքի օդի աղտոտվածության ձեւերի, պատճառների ու հետեւանքների մասին ենք խոսել ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Սահակյանի հետ։

Մասնագետի խոսքով՝ մթնոլորտը դինամիկ միջավայր է ու սոցիալական փոփոխությունները՝ էթիլացված բենզինի մուտքի արգելում, որեւէ արդյունաբերական ձեռնարկության փակում կամ վերագործարկում, ազդում են մթնոլորտային օդի աղտոտման մակարդակների եւ նաեւ աղտոտիչների տեսակային կազմի վրա։

«Մենք տարիներ շարունակ հետազոտում ենք ծանր մետաղները՝ տոքսիկ տարրերը, եւ փոշին»,- ասում է  Սահակյանը ու հավելում, որ տոքսիկ տարրերը բնության մեջ քիչ են, բայց մարդը շատ է սիրում, այսինքն՝ դրանք տեխնոֆիլ են։

Փոշու շատ լինելու պատճառը ոչ միայն շինարարությունն է, այլեւ Երեւանի դիրքը։

«Երեւանը գտնվում է կիսաանապատային եւ չոր տափաստանային գոտում, որտեղ փոշին բնական է, քանզի ենթադրվում է քիչ բուսականություն, իսկ փոշու առաջացման հիմնական աղբյուրներից են  հողը եւ ողորկ մակերեսները, մենք նաեւ շրջապատված ենք անապատներով եւ կիսաանապատային գոտիներով»,- բացատրում է կենտրոնի ժ/պ Լիլիթ Սահակյանը։

Փոշու մասին ավելի հաճախ է խոսվում, քանի որ այն տեսանելի է՝ ի տարբերություն գազային ու քիմիական նյութերի։ Ըստ հետազոտությունների՝ փոշու մակարդակը գրեթե ամբողջ տարածքում բարձր է, բայց Նորքի զանգվածում, Կենտրոնում եւ հարավային մասում ավելի շատ է։ Ծանր մետաղների դեպքում այլ վիճակ է։ «Եթե Նորքում փոշին գերբարձր մակարդակների է, բայց դրա մեջ ծանր մետաղները համեմատաբար քիչ են, ապա քաղաքի կենտրոնում եւ հարավում հակառակն է»,- ասում է մասնագետը։

Մթնոլորտային օդի աղտոտման վրա իր ազդեցությունն է ունենում նաեւ կառուցապատումը։ Ըստ մասնագետի՝ Թամանյանը քաղաքը գծագրելիս սա էլ էր հաշվի առել ու խելացի էր կառուցել։  «Փողոցները արեւի նման ճառագայթաձեւ էին, օդը ազատ մտնում էր քաղաք ու դուրս գալիս՝ ապահովելով քաղաքի օդափոխությունը, եթե կետային կառուցապատում ենք անում ամեն տեղ, դրանք պատնեշ են հանդիսանում. կեղտոտ օդը մնում է քաղաքում»,- ներկայացնում է Լ. Սահակյանը։

Երեւանը գտնվում է գոգավորության մեջ, հետեւաբար կեղտոտ օդը քաղաքից դուրս գալու ճանապարհ չի ունենում։ Իսկ երբ ձմռան ամիսներին օրեր շարունակ մառախուղ է լինում, վիճակն ավելի է բարդանում։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը բացատրում է, թե ինչու։ «Երբ մառախուղը նստում է քաղաքի վրա, սկսում է իր մեջ հավաքել արտանետումները, եթե քամիներ էլ չեն լինում, քաղաքի վրա, փաստորեն, նստում են մի օրվա հավաքված աղտոտումները»,- ասում է բնապահպանը:

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031