Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե փակ ձեւաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է, ուրեմն. Անժելա Էլիբեգովան՝ Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին. «Հրապարակ»

Փետրվար 21,2020 12:19

Նախկինում երբեւէ երկու երկրների ղեկավարներն իրար հետ նման ձեւաչափով չէին հանդիպել ու զրուցել հանրության առջեւ։ Փաշինյանի պահվածքն ու պատասխանները նրա թիմակիցների մոտ հրճվանք առաջացրին, թե տեսա՞ք ոնց Ալիեւի պորտը տեղը դրեց, իսկ հակառակ ճամբարը սկսեց քննադատել ու հանդիպումը համարել անպտուղ։ Քննադատողներից էր նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որը ասաց, որ հիմնական խնդիրը հենց ձեւաչափն էր։ «Որովհետեւ բովանդակային դիսկուրս էդտեղ անհնար էր ստանալ, էդտեղ ամեն կողմը կարծես թե պետք է ներկայացներ իր մոտեցումներն ու դիրքորոշումը, բայց գնացին պատմական էքսկուրսի, իրար ստի մեջ մեղադրելու ոչ բովանդակային քննարկումների, եւ բովանդակայինը շատ փոքր տեղ կազմեց։ Երկրորդ, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու էր ֆորմատը Փաշինյան-Ալիեւ, այլ ոչ թե Բակո Սահակյան-Ալիեւ, որովհետեւ մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում կա հնարավորություն Կոսովոյի եւ Սերբիայի օրինակով անցկացնել նույն ձեւի քննարկում ԼՂՀ եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ»,- նկատեց տիկին Էլիբեգովան։

– Բայց  Ալիեւն ի սկզբանե մերժում է Արցախը բանակցային սեղանի շուրջ տեսնելու մեր ցանկությունը։

– Իհարկե, մերժում է, ինքը միշտ առաջարկել է հետեւյալ տարբերակը, որ եթե նստում են, ապա նստում են երկու համայնքներ, ինչը մեզ համար անընդունելի մոտեցում է։ Բայց եթե մենք մեզ վրա վերցրել ենք պարտավորություն եւ բարձրաձայնել ենք դա տարիուկես առաջ, որ պետք է ջանքեր գործադրենք Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, ես համարում եմ, որ Ալիեւին պետք է պարտադրվեր կա՛մ խոսելու ուղիղ Ստեփանակերտի հետ, կա՛մ հրաժարվեր, առհասարակ, իր հետ այդ ֆորմատով հանդիպելուց։

Երրորդը, որ կուզեի նշել, այն է, որ հանդիպման ընթացքում խոսվեց, օրինակ, այն մասին, թե ինչ տարբերակով են տեսնում կողմերը լուծումը։ Ալիեւը բավականին հստակ խոսեց այն մասին, որ Ադրբեջանը, ինչպեսեւ միշտ, կողմնակից է փուլային տարբերակով լուծմանը։ Եվ Արցախի կարգավիճակը մնում է անհայտ, ու պարզ չէ, թե ինչպես է լուծվում։ Դա հայկական կողմի համար եղել է անընդունելի, մենք միշտ ասել ենք՝ փաթեթային տարբերակին ենք կողմ, երբ հարցը միանգամից է լուծվում կամ չի լուծվում։ Հիմա Փաշինյանն իր պատասխանի մեջ ասում է, որ մենք միկրոհեղափոխությունների շարքով ենք գնալու, եւ էստեղ պարզ չէ, թե ինչ ենք հասկանում դրա տակ։ Արդյոք դա փուլ առ փուլ առաջ գնալու տարբերա՞կն է, որի մասին խոսում է Ալիեւը, թե՞ ոնց։ Եթե փաթեթայինն է, ապա դա պետք է ֆիքսվի, եթե չֆիքսվեց Մյունխենում, ապա դա պետք է հետո ֆիքսվեր գոնե այն 6 սկզբունքներում, որը նա հրապարակեց Ֆեյսբուքում։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ հստակ դիրքորոշում չհայտնե՞ց այս հարցով։

– Այո, եւ դա ինձ մոտ սնում է բաց հարց, թե մենք որ տարբերակով ենք գնում։ Եթե փուլայինն է, եթե այդ միկրոհեղափոխությունները մենք ճիշտ ենք հասկանում, որ ինչ-որ պուճուր քայլերով առաջ ենք գնում, ապա արդյոք դա փուլայի՞ն տարբերակի շրջանակներում է, թե՞, այնուամենայնիվ, մենք մնում ենք փաթեթայինի կողմնակից։

– Բաց ֆորմատով այդ հանդիպումից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյոք նրանք փակ հանդիպումներում է՞լ են նույնկերպ խոսում։ Տեսակետ հնչեց, որ հասկանալի է, թե ինչու այսքան տարի սայլը տեղից չի շարժվել։

– Եթե փակ ձեւաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է, ուրեմն։ Նշանակում է՝ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, առհասարակ։ Բայց ես չեմ կարծում, որ այդպես է փակ դռների հետեւում, որովհետեւ, եթե նկատեք, մյունխենյան հանդիպման ընթացքում բանակցային սեղանի շուրջ դրված որեւէ հարց չբարձրաձայնվեց գրեթե։ Այսինքն՝ այն ամենը, ինչի մասին Մինսկի խմբի համանախագահներն իրենց ռելիզներում խոսում են, դրա մասին փաբլիք դիսկուրսում խոսք չեղավ։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Ժնեւի հանդիպումից հետո Մինսկի խումբը նկատողություն է արել, որ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829