Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Նիկուլինը գրազ եկավ սիգարետի վրա, եւ ինչու էր հրաժարվում նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում

Մարտ 28,2020 13:00

Այն փառքին, որ ուներ Յուրի Նիկուլինը, կարող էին նախանձել նրա բոլոր գործընկերները:

Նրան ճանաչում էր ողջ Խորհրդային երկիրը, կանայք սիրահարվում էին ֆիլմերում մարմնավորած նրա կերպարներին, որոնց արտահայտությունները դառնում էին թեւավոր խոսքեր:

Կրկեսին էլ արվեստագետը ծառայեց շուրջ կես դար, հյուրախաղերով  շրջեց աշխարհով մեկ:

Kulturologia.ru-ն որոշ դրվագներ է ներկայացրել հարուստ ժառանգություն թողած արվեստագետի կյանքից:

Նա դերասան էր առանց կրթության: Երբ պատերազմից հետո նա գալիս է ՎԳԻԿ, ընդունող հանձնաժողովը հայտարարում է, որ Նիկուլինը  դերասանական շնորհք չունի եւ էկրանին չի նայվի, նմանօրինակ պատասխան են տալիս  նաեւ ԳԻՏԻՍ-ում: Համառությունը Նիկուլինին տանում է  կրկես: Դեռ դպրոցական տարիներից նա շուրջ հազար անեկդոտ էր գրի առել, եւ ոչ միայն անեկդոտներ, այլեւ դրանց առանցքային արտահայտություններն ու բանալի բառերը:

Ասում են՝ անգամ բանակում նրա մասնակցությամբ մի զավեշտալի միջադեպ է եղել: Նիկուլինը տասը տուփ սիգարետի վրա գրազ է եկել, թե ով ավելի շատ անեկդոտ կպատմի եւ երկուժամյա «պայքարից» հետո, որի ընթացքում զինվորները հոգնել են ծիծաղելուց, ինքը հաղթող է ճանաչվել:

Իր ինքնակենսագրական «Համարյա լուրջ» գրքում արտիստն անդրադարձել է պատերազմի տարիներին, որին մասնակցել է որպես զինվոր: Նիկուլինը խոստովանել է, որ իր համար էլ են սարսափելի եղել այդ տարիները, պատմել է, թե ինչպես էին ոմանք վախից հիստերիայի մեջ ընկնում կամ լաց լինում: Նա մի քանի շքանշան է ստացել, այդ թվում՝ «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար»:

Յուրի Նիկուլինը կինոյում հայտնվեց 35 տարեկանում, դա  «Աղջիկը՝ կիթառով» կատակերգությունն էր, որտեղ նրան էպիզոդիկ դեր բաժին ընկավ: Հենց այս ֆիլմից հետո էլ նա հայտնի դարձավ՝ պիրոտեխնիկի դերով:

Ըստ Kulturologia.ru-ի, երբ արդեն համարյա պատրաստ էր Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմի սցենարը, Նիկուլինը այն խոտան է անվանում: Նա հայտարարում է, որ  ֆիլմի շատ տեսարաններ արժանահավատ չեն, անհետաքրքիր են եւ հրաժարվում է նկարահանվել:  Ռեժիսոր Գայդային մի կերպ է հաջողվում համոզել նրան: Նա Մորգունովին եւ Նիկուլինին խնդրում է խմբագրել սցենարը, գնում է մի արկղ շամպայն, բաժանում ստեղծագործական խմբի անդամներին ու մտածում Շուրիկի հետաքրքիր պատմությունը: Դրանից հետո Նիկուլինը որոշում է կայացնում նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում:

Յուրի Նիկուլինի անունը աշխարհի մեծագույն կատակերգակ դերասանների  ցանկում է:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Kulturologia.ru-ի

«Առավոտ» օրաթերթ
27.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031