Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տարի է Աբովյանի ԴԱՀԿ-ն դատարանի վճիռը չի կատարում, հիմի էլ ասում է՝ կարանտին է»

Ապրիլ 04,2020 13:30 Share

Անցյալ տարվա սեպտեմբերից  Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության Աբովյանի բաժինը պետք է կատարի Դատավոր Ա. Ս. Խաչիկյանի վճռի պահանջը: Սակայն ինչպես մեր զրուցակիցն է ասում՝ չի կատարում, ամեն անգամ այսօր վաղն են անում:

«Տաս օրից կգանք, տասնհինգ օրից կգանք, հիմա էլ ասում են՝ կարանտին ա»,-նշում է դատարան դիմած Մադլենա Ահարոնյանը, որը մի քանի տարի դատական ատյաններում պայքարելուց հետո հասել է արդարության: Սակայն, այս անգամ էլ ԴԱՀԿ-ն է, տիկին Մադլենայի խոսքով, անտեղի ձգձգում: Դատարանի պահանջը չկատարելու համար ԴԱՀԿ-ի Թեժ գիծ էլ են ահազանգել. վերջին անգամ Աբովյանի ԴԱՀԿ-ից խոստացել են մարտի 15–ին գործը գլուխ բերել, բայց կրկին չեն արել: Թե ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն գլուխ պահում, պարզ չէ: Ըստ Մադլենա Ահարոնյանի, հիմի էլ պատճառաբանում են, թե կարանտին է:

Բանն այն է, որ Մադլենա Ահարոնյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կիրակոս Հովհաննիսյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու հայցով: Նա հայտնել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1180 հեկտար ընդհանուր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային օգտագործման հողատարածքը եւ քարաշեն տունը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Զովք համայնքի 8-րդ փողոցի թիվ 5 հասցեում:

Ըստ տիկին Ահարոնյանի, իր հողամասի աջակողմյան սահմանի հարեւանությամբ գտնվում է Կիրակոս Հովհաննիսյանին պատկանող միեւնույն մակերեսով եւ նպատակային նշանակության հողատարածքը, որում առկա են քարաշեն տուն եւ այլ կառույցներ, իսկ ձախ կողմից սահմանակից է Վիկտորիա Ստեփանյանին պատկանող հողատարածքին:

Դատական մի քանի հայցերի քննությամբ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ս. Խաչիկյանը վճռել է Մադլեն Ահարոնյանի հայցն ընդդեմ Կիրակոս Միշայի Հովհաննիսյանի բավարարել: Վճռով Կիրակոս Հովհաննիսյանին դատարանը պարտավորեցնում է  վերադարձնել սեփականության իրավունքով Մադլեն Ահարոնյանին պատկանող 0,04172 հա մակերեսով հողամասը եւ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ու պատասխանողի ապօրինի տիրապետության ներքո գտնվող հողամասում առկա բոլոր ինքնակամ կառույցները, այն է` քարե պարիսպը, գոմը եւ այլ շինությունները քանդել ու հողամասը բերել նախկին տեսքի:

Ըստ դատավորի, վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Սակայն, ինչպես մեր զրուցակիցն է նշում, ԴԱՀԿ-ն անընդհատ ձգձգում է, ու դատարանի վճիռը չի կատարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930