Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում ժամեր չեն տրամադրի լավագույն դասախոսին

Հունիս 29,2020 12:00

Պարզվում է՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության եւ օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը, ճանաչվելով ԵՊՀ լավագույն դասախոս, նոր ուսումնական տարվանից չի դասավանդելու համալսարանում, քանի որ նրան ժամեր չեն հատկացրել: Հարություն Մովսիսյանի հետ զրուցել ենք իրեն դասաժամերից զրկելու պատճառների եւ հիմնավորումների մասին:

– Վերջերս արժանացել եք «ԵՊՀ լավագույն դասախոս» մրցանակին։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ մրցույթը, եւ ինչո՞ւ է որոշվել Ձեզ շնորհել այդ մրցանակը։

– «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթն ուղղված է ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելուն, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաեւ լավագույն փորձի տարածմանը նպաստելուն: Այն առաջին անգամ էր անցկացվում ԵՊՀ-ում, սակայն կրելու է շարունակական բնույթ: Մրցույթն անց է կացվում` ըստ հաստատված ընթացակարգի. ստեղծվում է հանձնաժողով, հայտարարվում է հայտերի ընդունման ժամկետ, ներկայացվում են պահանջվող փաստաթղթերը եւ նյութերը, հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված հայտերը եւ ըստ անվանակարգերի` կայացնում է որոշում մրցույթի հաղթողների վերաբերյալ: Հայտարարված 4 անվանակարգերում հաղթող է ճանաչվել 10 մասնակից:

– Հայտնի է դարձել, որ այլեւս չեք դասավանդելու ԵՊՀ-ում, եւ դա տեղի է ունեցել ոչ Ձեր կամքով։ Հետեւապես ի՞նչն է խնդիրը։ Ի՞նչ է տեղի ունեցել։

– Ճիշտ է, այդ մասին դեռ պաշտոնական գրություն չեմ ստացել եւ չեմ տվել որեւէ համաձայնություն հետագայում ԵՊՀ-ում չդասավանդելու վերաբերյալ, սակայն ամբիոնի կողմից դասախոսների բեռնվածության բաշխվածության մասին տեղեկացված եմ, գիտեմ, որ այն ներկայացված է հաստատման, եւ որով ինձ ժամեր չեն հատկացվել: Քանի որ ես ԵՊՀ-ում ոչ ամբողջական հաստիքով էի աշխատում, մեկ այլ հիմնական աշխատանքի (մասնագիտության հետ անմիջական կապված) անցնելով, ԵՊՀ-ում անցել եմ 0.5 հաստիքով համատեղությամբ աշխատանքի եւ հստակ ցանկություն եմ հայտնել (նաեւ բանավոր պայմանավորվածությամբ), որ ցանկանում եմ պահպանել ԵՊՀ-ի հետ սերտ կապը եւ դասախոսել այնտեղ:

Հիմնական պատճառաբանությունն ամբիոնի վարիչի կողմից եղել է այն, որ ֆակուլտետի ղեկավարությունը հստակ սկզբունք է սահմանել. ժամերով ապահովել նախ հիմնական աշխատողներին, այնուհետեւ ավել ժամերի առկայության դեպքում դրսից եկած մարդկանց տրամադրել: Եվ ամբիոնում էլ ժամերի բաշխումն իրականացվել է՝ ըստ այդ սկզբունքի։ Ես այդ մասին խոսել եմ նաեւ ֆակուլտետի դեկանի հետ, սակայն նա կտրականապես հայտնել է իր «դեմ» կարծիքը՝ ինձ ֆակուլտետում ժամերով ապահովելու հետ կապված: Ժամերի բաշխվածության հաստատման համար իմ կողմից ամբիոնի նիստի հրավիրման եւ հարցը ամբիոնում քննարկելու համար հնչած առաջարկը նույնպես մերժվել է՝ «ամեն ինչ արդեն որոշված է» պատճառաբանությամբ: Սակայն կարծում եմ, որ այս սկզբունքը ֆակուլտետում կիրառվել է միայն մեր ամբիոնում եւ իմ դեպքում: Խնդիրը, կարծում եմ, տարբեր ասպեկտներ ունի։ Օրինակ, մեկն այն, որ ես վերջին տարիներին սկզբունքորեն փորձել եմ պահպանել կրթական ծրագրերում կառուցվածքի եւ բովանդակության (դասընթացների ցանկի, դրանց ծավալների) սահմանման հետ կապված որոշ կանոններ: Կամ ֆակուլտետի ղեկավարության կողմից բարձրացված որոշ հարցերի վերաբերյալ հակառակ կարծիք արտահայտելու, դրանց հետ չհամաձայնվելու, դեկանի ընտրությանը ներկայիս դեկանի թեկնածությանը դեմ քվեարկելու եւ մի շարք այլ հարցերում, որոնք վերջին երեք տարիների ընթացքում քիչ չեն եղել:

– Ի՞նչ առարկաներ էիք դասավանդում։ Ի՞նչ յուրահատկություն ունեին դրանք։

– Դասավանդում էի մասնագիտական կարեւոր առարկաներ, որոնց թվում կային այնպիսիք, որոնք մշակվել էին իմ կողմից: Դասավանդել եմ «Micromine GGIS եւ GeoBank համակարգերի կիրառումը հանքարդյունահանման աշխատանքներում» դասընթացը, որը, ըստ էության, նոր է, վերջին մի քանի տարիներին է ներմուծվել մագիստրոսի կրթական ծրագիր: Դա հատկապես պայմանավորված էր եւ հնարավոր է դարձել MICROMINE (Micromine GGIS, GeoBank) եւ SEEQUENT (Leapfrog Geo+Edge) ընկերությունների կողմից ծրագրային ապահովումների լիցենզավորված, ուսումնական նպատակներով անվճար օգտագործման հնարավորության տրամադրմամբ եւ այդ նպատակով նաեւ Երեւանում՝ ԵՊՀ-ում, ընկերության ներկայացուցիչների կողմից անցկացված վերապատրաստման հատուկ դասընթացների, իմ կողմից անձնական ժամանակի տրամադրման եւ այդ ընկերությունների բազմաթիվ վերապատրաստման առցանց դասընթացներին ու վեբինարներին մասնակցելու, ինքնակրթվելու արդյունքում: Գրեթե բոլոր հանքավայրերում նմանատիպ ԾԱ կիրառումը պարտադիր է այսօր, եւ ցանկալի է, որ մեր շրջանավարտները տիրապետեն կամ գոնե ծանոթ լինեն այդ ծրագրերի հետ: Նշեմ, որ ծրագրերի լիցենզիաների հետագա տրամադրման եւ դասընթացների արդյունավետ կազմակերպման հարցն այսօր արդեն հարցականի տակ է։ Եթե պետք է շարունակել համագործակցությունը եւ տրամադրել լիցենզիաները, այդ դեպքում ո՞վ է դասավանդելու այդ ծրագրերը:

Բացի դրանից՝ նշեմ, որ «Կառուցվածքային երկրաբանություն եւ երկրաբանական քարտեզագրություն» դասընթացը կարեւորագույններից մեկն է «Երկրաբանություն» մասնագիտությամբ մասնագետների պատրաստման գործում: Առանց երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ ճիշտ պատկերացումների եւ տարածքի երկրաբանական կառուցվածքի քարտեզագրման անհնար է պատկերացնել երկրաբանությունը: Չգիտեմ՝ հետագայում ինչպես է լինելու մասնագետների պատրաստման գործընթացը, եւ ինչպես է այս դասընթացը մատուցվելու ուսանողներին, քանի որ նույնիսկ դասընթացի դասախոսությունների դասավանդումը հատկացվել է մեկ այլ դասախոսի, որը երբեք այն չի դասավանդել, նույնիսկ հաշվի չեն առել առաջարկը՝ այն տրամադրելու ամբիոնում մեկ այլ դասախոսի, որը տասնյակ տարիներ դասավանդել է այս առարկան՝ լաբորատոր պարապմունքներ եւ հեռակայում նաեւ դասախոսություններ, արդյունավետ ղեկավարել է դասընթացի կուրսային աշխատանքները եւ ուսումնական պրակտիկաները:

– Այժմ ինչպե՞ս են ապահովելու այդ առարկաների դասավանդման որակը՝ հաշվի առնելով թե դրանց առանձնահատկությունները, թե այն հանգամանքը, որ Դուք, ինչպես նշեցիք, հատուկ վերապատրաստումներ եք անցել դրանք դասավանդելու համար։

– Այո, ինչպես նշեցի, որոշ դասընթացների ծրագրեր մշակել եմ, թարմացրել կամ նորն եմ առաջարկել, իսկ մի քանիսի համար անցել եմ հատուկ վերապատրաստման դասընթացներ կամ ինքնակրթվել եմ: Որքանով ծանոթ եմ ամբիոնային անհատական բեռնվածությունների բաշխմանը, դասընթացների բաշխման ժամանակ ավելի շուտ շեշտը դրվել է դասախոսներին անհրաժեշտ ժամերով ապահովելու, այլ ոչ թե նրանց համապատասխան կարողությունների՝ այդ դասընթացներն անցկացնելու կամ աշխատանքները ղեկավարելու վրա: Ցավալի է, երբ կրթական համակարգում կրթության արդյունավետ կազմակերպման եւ համապատասխան որակավորմամբ մասնագետների պատրաստման գործընթացի նկատմամբ տեսնում ես նման «անլուրջ» մոտեցում դրա անմիջական պատասխանատուների (ամբիոն, ֆակուլտետ) կողմից:

– Ո՞րն էր Ձեզ դասաժամերից զրկելու իրական պատճառը։

– Անհասկանալի է վերաբերմունքը կամ մոտեցումը, երբ ֆակուլտետը պատրաստում է կադր (սովորել եմ ֆակուլտետում 2001-2007, 2007-2010 ասպիրանտուրա, պաշտապանել եմ թեկնածուական ատենախոսությունը եւ անցել եմ հիմնական աշխատանքի ֆակուլտետում), որն առնվազն 10 տարի աշխատել է, շարունակել ինքնակրթվել եւ զարգանալ, հստակ ցանկություն հայտնել շարունակել դասավանդելու, ինչպես նաեւ պրակտիկ գիտելիքները փոխանցելու ապագա մասնագետներին, եւ հնարավորություն չի ընձեռում նրան իրականացնելու գործունեություն՝ ելնելով ինչ-որ անհասկանալի սկզբունքներից կամ միջանձնային կոնֆլիկտներից: Կարծում եմ՝ ֆակուլտետում եւ ամբիոնում կադրային ոչ ճիշտ քաղաքականություն են վարում եւ անձնական սկզբունքային հարցեր առաջ բերում:

– Այս դեպքը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում կարծես թե առաջին կամ միակ դեպքը չէ։ Ի՞նչ իրավիճակ, ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում ֆակուլտետում։

– Կադրային քաղաքականության վարման խնդիր, այո՛, ֆակուլտետում (ոչ բոլոր ամբիոններում) կա, եւ կարծում եմ՝ դա լուրջ խնդիր է: Ցավոք, երբեմն անձնային, միջանձնային հարաբերություններն ավելի առաջնային են դիտարկվում այս գործում, քան մասնագիտական գիտելիքներով ու կարողություններով (հատկապես երիտասարդ, պրակտիկ գործունեության հետ կապ ունեցող եւ այլն) մարդկանց ներգրավումը: Դա ինչ-որ տեղ պայմանավորված է ժամերի ոչ բավարար քանակից, սակայն կրթության կազմակերպման ժամանակակից մարտահրավերներում անընդունելի մոտեցում է: Ժամերի բաշխումը գործընկերների միջեւ առաջացնում է ավելորդ լարվածություն՝ մեկը մյուսից ժամեր փախցնելու խնդիրներ եւ այլն, որը չպետք է լինի կրթական համակարգում։ Ինչպես նաեւ կարծում եմ՝ դասախոսը պետք է պարտաճանաչ կերպով զբաղվի իր աշխատանքով, այլ ոչ թե ավելորդ լարվածությունների արդյունքում փորձի այդ խնդիրները հարթել:

Զրուցեց

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930