Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դա Ձեզ չէր վերաբերվում, այդ փոփոխությունների կարիքը չկա՞». ԱՀ ԱԺ պատգամավորը՝ Սամվել Բաբայանին

Սեպտեմբեր 09,2020 15:49

Այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, պատգամավորներից մեկն Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին խնդրեց գաղտնազերծել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ստորագրած համագործակցության հուշագիրը: Այն փոխհամաձայնությամբ չի հրապարակվել:

Սամվել Բաբայանն ասաց, որ իրենք դեմ չեն հուշագրի տեքստը հրապարակելուն: Պարզապես այն ժամանակ կողմերն այդ որոշման են եկել, որ չհրապարակվի, իրենք համաձայնվել են: «Արտառոց ոչինչ չկա, շատ հստակ՝ ինչի մասին ես խոսում եմ, այդ ճանապարհն է»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ական գործընկերը կարդացել է տեքստը եւ կարող է հավաստել, որ այնտեղ գաղտնիք չկա:

ԱԺ նախագահ, «Ազատ հայրենիք-ի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանն էլ իր կողմից հավելեց, որ հուշագրում որեւէ գաղտնիք չկա, հուշագիրը, ըստ էության, երկու կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի սինթեզն է: Նա հորդորեց դիմել նախագահի կուսակցության գրասենյակ՝ տեքստի հրապարակման համար:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր նախընտրական շրջանից առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններ անել եւ վերացնել նախագահական մրցապայքարին մասնակցելու համար Արցախում մշտական բնակության 10 տարվա պարտադիր շեմը:

Պատգամավորին հետաքրքրում էր՝ այդ հարցն այսօր Սամվել Բաբայանի կուսակցության օրակարգում կա՞, թե՞ ոչ:

Սամվել Բաբայանն ասաց, որ սահմանադրության փոփոխությունները «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ «Միասնական հայրենիքի» հուշագրի կետերից մեկն են: Նաեւ հավելեց, որ այսօր Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են մշակվում, ուստի ճիշտ է սպասել, Հայաստանում դրանք ավարտվեն, հետո՝ համահունչ Սահմանադրություն մշակել, որպեսզի շատ հակասություններ չունենանք, խնդիր չլինի:

«2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար, դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան՝ պարզ կլինի՝ հետո ի՞նչ է կատարվել՝ 2000-ին հանցագործները ովքե՞ր էին, տեռորիստներն ովքե՞ր էին եւ ի՞նչ է կատարվել: Երբ որ կպարզվի՝ ձեր ասածը ավտոմատ կվերականգնվեն բոլոր իրավունքները»,- պատգամավորին պատասխանեց Սամվել Բաբայանը:

Վերջինս շարունակեց՝ եթե դա Ձեզ չէր վերաբերվում, այդ փոփոխությունների կարիքը չկա՞:

ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Կա, բայց Հայաստանում թող լինի՝ հետո: Կարող 10-ը 5 կամ 3 սարքենք՝ հասարակությունը կորոշի»:

ԱԺ նախագահն էլ հիշեցրեց, որ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության առաջարկած փոփոխություններին նախորդ գումարման խորհրդարանը դեմ էր քվեարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930