«Անընդհատ ներկայացնում են, որ ԱԽ-ն երկրորդ իշխանություն է, որը որ չի կարող լինել՝ եւ օրենսդրորեն, եւ ընդհանրապես, դրա կարիքը պետք էլ չի, որովհետեւ մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել, որ համաձայնությամբ կարողանանք գնալ առաջ»,- այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանն անդրադարձավ արդեն տեւական ժամանակ շրջանառվող խոսակցություններին, որոնք վերաբերվում են Անվտանգության խորհրդի կազմին, հնարավորություններին, լիազորություններին: Նա հորդորեց այդ ամենում ի նկատի ունենալ մի պարզ ճշմարտություն՝ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է «նախագահի կարգադրություններն ասեմ, ռազմավարությունը, ծրագրեր, որը որ համատեղ հուշագրեր մենք ստորագրել ենք»:
«Մենք այսօր այն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ կարողանանք մրցավազք մտնել: Չգիտեմ, դուք ինչքանով եք տեղյակ կամ ինֆորմացիայի տիրապետում, բայց չեմ գտնում, որ տարածաշրջանում այսօր էն վիճակն է, որ մենք պետք է ստեղ՝ ներսում, ինչ-որ խաղեր տանք: Չի լինելու դա: Մենք չենք գնում էդ ճանապարհով: Գնում ենք զուտ ծրագրային գործունեության, զարգացման… էն 2020-25 թվականների հուշագիր ենք որ ստորագրել՝ էդ ծրագրի իրականացման»,- ասաց ԱՀ ԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ Արցախի նախագահի կողմից ԱԽՔ գրասենյակ են ներկայացվել մի շարք ծրագրեր: ԱԽ քարտուղարի գրասենյակն այժմ զբաղված է այդ ծրագրերի մշակմամբ՝ նախարարությունների հետ համատեղ: Փոխնախարարների մասնակցությամբ հանձնաժողովն աշխատում է ինտենսիվ, որ տարեմուտին հանրությանը ներկայացվեն այդ ծրագրերը: Դրանք 2021-ի բյուջեի հիմքն են լինելու եւ ուրվագծելու են ԱՀ զարգացման ուղղությունները՝ բոլոր ոլորտներով:
«ԱԽ-ն զբաղվում է էդ գործունեությամբ, ուրիշ ոչնչով: ԱԽ-ն ոչ կադրային քաղաքականությամբ է զբաղվում, ոչ որեւիցե այլ խնդիրներով: Նորմատիվային ակտերն ենք վերանայում, բյուջե կազմելով»,- ասաց Սամվել Բաբայանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով սպասվելիք կադրային ջարդի մասին խոսակցություններին էլ՝ նա ասաց. «Ներկայացվելու է ծրագիր եւ նախարարությունն արդեն պետք է հիմնավորի, թե որ անձն այդ ծրագրի իրականացման գործընթացում, ինչ աշխատանքներ է կատարելու: Ութ ժամվա զբաղվածությունը պետք է ցույց տան: Եթե չկարողանան դա անել, ապա նախարարը պետք է ազատի տվյալ մարդուն աշխատանքից: Որպեսզի չհավաքվեն թեյ խմելու: Մենք բազմիցս ընտրարշավի ժամանակ դա խոսել ենք»: Սամվել Բաբայանը գտնում է, որ պետական ապարատը ուռճացված է. «Սոցիալական հարց են փորձել լուծել՝ մարդկանց կես դրույքով աշխատանքի վերցնելով, արդյունքում մարդը քիչ է վճարվել, սոցիալական խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































