Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան. «Մենք պայմանական հակառակորդին հետ շպրտեցինք եւ վերականգնեցինք մեր պետական սահմանը» (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2020 18:08

«Կովկաս 2020» միջազգային զորավարժության շրջանակներում այսօր «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց կրակային հերթական փուլը:

Հայ-ռուսական միացյալ վերախմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ համատեղ զորավարժությանը ներգրավված են հայկական տարբեր բանակային կորպուսների եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների, ինչպես նաեւ սահմանապահ զորքերի շուրջ 1500 մասնակիցներ, օգտագործվել է մինչեւ 300 միավոր տեխնիկա, մեծամասամբ՝ զրահատեխնիկա: Գեներալ-լեյտենանտի նախնական գնահատմամբ, զորավարժության մասնակիցներն, ընդհանուր առմամբ կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը:

«Այսօրվա փուլը վերջացրինք: Սակայն վերջնական ամփոփումը կլինի, երբ ավարտվի ընդհանուր զորավարժությունը: Այսօրվա մասին ասեմ, որ կլինեն խրախուսվողներ: Ես հիմա սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին, թե ովքեր ինչպիսի խոցում են իրականացրել, ինչով են աչքի ընկել ու մասնակցել»,-ասաց նա:

Հարցին, թե սցենարային առումով ի՞նչ գործողություններ են կատարվել եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, Տիգրան Փարվանյանը պատասխանեց. «Ընդհանուր նպատակը եղել է հետեւյալը. պայմանական հակառակորդը խախտել է սահմանը, ներթափանցել մեր տարածք: Մենք հակառակորդին հետ ենք շպրտել եւ վերականգնել մեր պետական սահմանը: Այս զորավարժությունների անցկացման եւ դրանց կիրառական նշանակությունն է, որ զորախմբում կարողանանք գործել մեկ հրամանատարության ներքո»:

Aravot.am-ի հարցին, թե այս զորավարժությունների ընթացքում ինչ-որ թերություններ արձանագրվե՞լ են, միացյալ զորախմբավորման հրամանատարը պատասխանեց. «Անթերի գործ չի լինում: Բայց դրանք այնքան չնչին են, որ ես արդեն հիմա ասում եմ, որ մենք մեր մարտական խնդիրը կատարեցինք»:
 

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե հայ-ռուսական այս համատեղ զորավարժությունը արդյոք ուղե՞րձ է որեւէ այլ պետության: «Նման բան չկա: Դա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը Հարավային զինվորական օկրուգի եւ մեր զորախմբի շտաբի հետ համատեղ մշակել ենք տարեսկզբին եւ այդ ծրագրով շարժվում ենք առաջ: Այսպիսի մի միջոցառում պետք է անցկացնեինք նաեւ ապրիլ ամսին: Բայց քանի որ համաշխարհային պանդեմիա էր հայտարարված, դրա համար չարեցինք: Այսպիսի միջոցառումներ տարվա ընթացքում լինում են 2-ից 3 անգամ: Այնպես որ, սա ոչ մեկին ուղերձ չէ: Մենք մեր գործն ենք անում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930