Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հակառակորդին հերքելը «թավշյա առաջնորդի» նպատակը չէ

Սեպտեմբեր 25,2020 14:30

«Ուրիշ էլ ովքե՞ր եւ քանի՞ անգամ պետք է ասեն` բանակցությունների սեղանին դրված է հինգ շրջանների վերադարձի հարցը, որպեսզի հավատաք դրան: Մերոնք, հավանաբար, սպասում են Էրդողանի հաստատմանը». «Առավոտի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պետք է պատրաստվել պատերազմի, քանի որ տեսանելի ապագայում բանակցություններ չեն լինելու: Ավելի ուշ՝ Արցախի անվտանգության խորհրդի նիստում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը որեւէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել» եւ «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ»: Արցախից՝ դիրքորոշման նման կոշտացումը ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Արցախը բանակցությունների կողմ չէ եւ նրա դիրքորոշմանը` կոշտ թե փափուկ կարելի է մոտենալ պերճախոսության կամ հռետորական արվեստի տեսանկյունից: ԼՂ հակամարտության կարգավորման մեջ Արցախն իր ներկա ղեկավարությամբ արդեն երկուսուկես տարի ոչինչ չի որոշում: Այն ՀՀ վարչախմբի կցորդն է բառի բարի ու մեղմ իմաստով: Դա է Արցախի այս ղեկավարության ընտրությունը:

– Փոխարենը, պաշտոնական Երեւանը վերջին շրջանում բավական զուսպ է Արցախի հարցում իր մեկնաբանություններում, ավելին, ՀՀ ԱԳ նախարարը պատրաստակամություն էր հայտնել ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո Ադրբեջանցի գործընկերոջը հանդիպելուն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց անգամ Իլհամ Ալիեւի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որոնք վերաբերվում էին Դուշանբեում կայացած իրենց հանդիպմանն ու պայմանավորվածություններին, Ալիեւի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված մյուս ցինիկ հայտարարություններին եւ բանակցությունները տապալելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքներին: Իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց՝ դրանք հուզական հայտարարություններ որակելով: Պատասխաններ չեն տրվում նաեւ Էրդողանի հայտարարություններին, միջազգային մամուլում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածվող տեղեկություններին, որ քուրդ զինյալներ են տեղափոխվում Հայաստան: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Արցախի հարցի կարգավորման այս փուլում, ըստ Ձեզ:

– Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Արցախի շուրջ, համեմատենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովում: Մեր երկիրը ներկայացավ միջազգային հանրությանը հզոր ինստիտուցիոնալ ողնաշար տալով, ավելի լավ աշխարհակարգի հաստատմամբ մտահոգ մի երկիր, որին անհանգստացնում են աշխարհակարգի նշմարվող թուլությունից օգտվող անխոհեմ ռեւիզիոնիստները եւ այն, որ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դարձել է սովորական երեւույթ: Հավանաբար հասկացաք` անխոհեմ ռեւիզիոնիստները ադրբեջանցիներն են, իսկ նրանց կողմից յուրացվում է հայերիս քաղաքակրթական ժառանգությունը: Տիեզերական հոգսերի տակ կքած ՀՀ գործադիրի ղեկավարը վախվորած հիշեցնում է, թե ինքնորոշման իրավունքի իրացումը վերջին մի քանի տասնամյակում էլ է շարունակվել: Որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, խոր ցավով ու զայրույթով նշում եմ, որ ընդամենը չորս օր առաջ ունեցած հիշյալ ելույթում ժողովրդի մի մասի սրտի սիրած վարչապետը չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը` դա թողնելով համերաշխության եւ համագործակցության իդեաներով տոգորված օտարների ու յուրայինների «ֆայմին»: Մեր վարչապետի այս խաղաղ խոսքի հակոտնյան էր Ադրբեջանի նախագահի ելույթը: Նա, իհարկե ոչ առաջին անգամ, խտացված գույներով ներկայացրեց ագրեսոր հայերիս` ունկնդիր հասարակության մոտ որեւէ կասկած չթողնելով առ այն, որ Հայաստանի ԶՈւ-երը պետք է անմիջապես ու անվերապահորեն դուրս բերվեն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, որտեղ մենք իրականացրել ենք էթնիկ զտում, ցեղասպանություն, անօրինական բնակեցում: Ընդ որում, «կիրթ մարդը» իր զայրույթը ուղղեց ՀՀ վարչապետին` նրան մեղադրելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող բանակցությունների ձեւաչափն ու էությունը նպատակասլաց խախտելու, ագրեսիվ մտադրություններ ունենալու, ադրբեջանաֆոբիա հրահրելու եւ իհարկե, Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստվելու մեջ: Մնում է միայն գոհունակությամբ նշել, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի ելույթի անատամ գլոբալիզմի` Ալիեւը հիշեցրեց, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եւ հայերը հանդուգն ու ռազմատենչ ժողովուրդ են:

Էական մի լրացում. Ալիեւը ելույթ է ունեցել ՀՀ ղեկավարից մեկ օր առաջ, այսինքն` մենք ունեինք մեկ օր նրա խոսքը շտկելու, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից մեր մասին տարածված կեղծիքը հերքելու, նրա կողմից արծարծված որոշակի հարցերի պատասխանելու համար: Ավաղ, ոչ: Հակառակորդին հերքելը «թավշյա առաջնորդի» նպատակը չէ, նրա խոսքի ամպրոպն ու որոտը հասցեագրում է միմիայն իր քաղաքացիներին ու ընդդիմությանը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին կողմերին՝ վերսկսել առարկայական բանակցությունները: Ինչի՞ շուրջ պետք է բանակցություններ լինեն, եթե ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ բանակցային օրակարգում «մադրիդյան սկզբունքները» չկան, իսկ վերջերս նաեւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը դա վերահաստատեց:

– Ուրիշ էլ ովքե՞ր եւ քանի՞ անգամ պետք է ասեն` բանակցությունների սեղանին դրված է հինգ շրջանների վերադարձի հարցը, որպեսզի հավատաք դրան: Մերոնք, հավանաբար, սպասում են Էրդողանի հաստատմանը: Բայց նա հինգ շրջանով բավարարվողը չէ: Նրա ախորժակի մասին կարող եք դատել Բալկաններից ու Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Միջագետքի արեւելք ընկած երկրներում Թուրքիայի ծավալապաշտական գործողություններից եւ Հայաստանի նկատմամբ այդ երկրից հնչող անթաքույց սպառնալիքներից:

– Իսկ ինչպե՞ս հասկանալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որ ինքը կերազեր, որ Նիկոլ Փաշինյանը լիներ իր վերադասը, քանի որ դա կնշանակեր՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորում:

– Խիստ կասկածանքով, անվստահությամբ եմ վերաբերվում, քանի որ նա ընդգծում է կոնկրետ մարդու անուն: Հայաստանի եւ Արցախի միավորումը ամենեւին Արայիկ Հարությունյանի կամ ՀՀ վարչապետի երազով չէ, որ պիտի իրականանա: Մանավանդ, որ ինձ ծանոթ չէ համատեղ երազների գոյությունը հաստատող որեւէ փաստ:

Զրույցը՝

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930