Լրահոս
Օրվա լրահոսը

Սեմա Թանգյանը կմնա ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմության մեջ ամենափայլուն անձնավորություններից մեկը

Դեկտեմբեր 12,2020 20:25 Share

Այսօր մենք հիշում ենք հայ ժողովրդի արժանի զավակի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սեմա Թանգյանի մասին: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին աշխատակիցների ասոցիացիայի Lien №137 նոր լույս տեսած ամսագրից մահախոսական` թարգմանված ֆրանսերենից Մարիաննա Նիկողոսյանի խմբագրությամբ:

Սեմա Թանգյան (1926-2020թթ.)

Սեմա Թանգյանը եղել է ականավոր մանկավարժ, ով ուներ մեծ հեղինակություն ամբողջ աշխարհում: Ինձ շատ էր դուր գալիս աշխատել իր հետ և ձեռքի տակ ունենալ իր գրառումները: Նա մեկընդմիշտ կմնա ամենափայլուն անձնավորություններից մեկը` ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմության մեջ։

Ֆեդերիկո Մայոր, ՅՈւՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն 1987-1999թթ.

Սեմա Թանգյանը, ով մահացավ 2020 թվականի մայիսի 16-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆենոմենն էր: Որպեսզի հասկանաս դա, պետք է վերադառնաս 1956 թվական: ԽՍՀՄ-ը նոր էր միացել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որը հնարավոր դարձավ միայն Ստալինի մահից հետո և այդ կազմակերպության դռները բացվեցին քիչ թվով սովետական աշխատակիցների համար: Այդ առաջին խմբում էր երիտասարդ մանկավարժ և հետազոտող Սեմա Թանգյանը: Եվ նա այս կազմակերպությունում աշխատել է 45 տարի:

Սովետական Միության քաղաքացու համար, այս դեպքում հայկական ծագում ունեցող, այդպիսի երկարատև համագործակցությունը միջազգային կազմակերպությունում` ՄԱԿ-ում ինքնին աներևակայելի էր և բացառիկ: Սակայն այդպիսին էր մարդը և իր ճակատագիրը: Սեմա Թանգյանը ՅՈւՆԵՍԿՕ-ում աշխատելու ընթացքում իր հեղինակությամբ և արդյունավետությամբ դարձել է լեգենդ` այս կազմակերպության պատմության մեջ: Ես Սեմա Թանգյանի հետ ծանոթացել եմ իր կարիերայի գագաթնակետին, երբ նա փայլուն կառավարելով իր` կրթության ոլորտը, դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը (1975-1988թթ.):

Ինձ համար`34 տարեկան երիտասարդի, նա դարձավ ուսուցիչ և խրատատու, ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Ինձ երկար ժամանակ հարկավոր չէր, որպեսզի հասկանայի, որ իմ գործընկերներից շատերն ունեին նույն հարգանքն և հիացմունքն իրենց ղեկավարի և առաջնորդի նկատմամբ: Սեմա Թանգյանը հիանալի գիտեր ոչ միայն իր առարկան և ՅՈւՆԵՍԿՕ-ի ծրագիրը, այլ նաև ադմինիստրատիվ և բյուրոկրատական մեքենան, նա պահանջկոտ էր ինչպես իր անձի, այնպես էլ իր աշխատակիցների նկատմամբ:

Կրթական ոլորտի մակագրված և կնքված փաստաթղթերը պետք է լինեին խորը բովանդակությամբ և անթերի: Պետք է ասել, որ բացի հայերենից և ռուսերենից նա հիանալի տիրապետում էր ֆրանսերենին և անգլերենին: Շնորհիվ նրա գրական տաղանդի` կրթության ոլորտի զարգացման բազմաթիվ ծրագրեր և նախագծեր ունեցան մեծ հաջողություններ, որոնք հրատարակվեցին ՅՈւՆԵՍԿՕ -ի հովանու ներքո: Հեղինակ է ավելի քան 200 հրապարակումների (և բազմաթիվ այլ փաստաթղթերի` առանց նշելու հեղինակին, համապատասխան ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ ժամանակվա ավանդույթներին և էթիկային), Սեմա Թանգյանը աշխատել է իր աշխատասենյակում անտրտունջ մինչև ուշ գիշեր և հանգստյան օրերի մեծ մասը` փաստաթղթերը հասցնելով կատարելության, որոնք կազմվում էին իր ղեկավարության ներքո` ՅՈւՆԵՍԿՕ-ի կառավարող մարմինների համար:

Նրա աշխատելաոճը ժողովրդավարական կառավարումն էր առանց հովանավորչության, հարգանքը բոլոր աշխատակիցների և աշխատակցուհիների նկատմամբ, որը գրավում էր բոլորի ուշադրությունը դեպի իրեն: Նա իրեն տրամադրում էր կրտսեր աշխատակազմին, հրավիրելով մեզ` երիտասարդ աշխատակիցներիս, քննարկելու ծրագրերի մանրամասները: Դա նրա որոշում կայացնելու մեթոդն էր, որը նա հետո պաշտպանեց մինչև վերջ: ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում նա վայելում էր հարգանք՝ որպես վառ անհատականություն և կազմակերպության ղեկավար: Բարձրագույն կրթության բաժնի ղեկավարը հաճախ նշում էր, որ կրթության գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ աշխատանքը ոչ միշտ է եղել հեշտ, սակայն նրա թիմից յուրաքանչյուրը շատ բան է սովորել: Եվ ավելացնում էր՝ Թանգյանը եղել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալներից լավագույններից մեկը:

Մեկ այլ նախկին գործընկեր, ով աշխատել էր գլխավոր տնօրենի գրասենյակում, նախկին բարձրաստիճան պաշտոնյա` ՅՈւՆԵՍԿՕ-ի իր երկրի ազգային հանձնաժողովում, սիրում էր հիշել, որ յուրաքանչյուր Գլխավոր համաժողովի համար, որն անցնում էր տարվա մեջ 2 անգամ, կրթության ոլորտը Սեմա Թանգյանի գլխավորությամբ ներկայացվում էր նոր նախագծերով և ծրագրերի առաջարկներով: Հենց նրա օրոք կրթության համընդհանուր հասանելիության, էկոլոգիական կրթության հարցը բարձրացվեց համաշխարհային մակարդակի: Ես թույլ կտամ ինձ ավելացնել այդ ցուցակին նաև կրթության ժողովրդավարությունը, շարունակական կրթությունը, գրագիտության տարածման բազմաթիվ արշավները Աֆրիկայում և այլ շրջաններում, որոնք իրականացվում էին նրա ղեկավարությամբ, ինչպես նաև մինչհամալսարանական համագործակցությունների մեխանիզմների ստեղծումը, որի նպատակն էր Ամազոնի շրջանի կայուն զարգացումը:

Կրթության ոլորտի ղեկավարի պաշտոնում Սեմա Թանգյանին փոխարինեց Ամադու Մախտարա Մՙ Բոուն: Դառնալով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը` Աֆրիկայի մեծ որդին Սեմա Թանգյանին նշանակեց կրթության գծով գլխավոր տնօրենի տեղակալ: Այդ պաշտոնին Թանգյանը մնաց 13 տարի, ինչը Սովետական Միության քաղաքացու համար հազվադեպ երևույթ էր ՄԱԿ-ի կազմակերպություններում: Ամադեու Մախտար ՄՙԲաուի իրավահաջորդը՝ Ֆեդերիկո Մայորը (1987-1999թթ.), կենսաթոշակի անցած Սեմա Թանգյանին հրավիրեց հատուկ խորհրդականի պաշտոնի: Անվանելով նրան աշխարհի լավագույն մանկավարժ`  նա ուզում էր, որպեսզի ՅՈւՆԵՍԿO-ն օգտվի նրա բազմամյա փորձից: 1998 թվականի Bարձրագույն կրթության Համաշխարհային կոնֆերանսից հետո գրեց գիրք «Բարձրագույն կրթությունը XXI դարում» (2020թ.):

Սեմա Թանգյանի` կենսաթոշակի անցնելուց հետո ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ իր ընտանիքի անդամների հետ: Նա հայ էր, ես վրացի, երկուսս էլ նույն տարածաշրջանից` Կովկասից, մենք կիսում էինք մեր ընդհանուր պատմական կապվածությունը Թբիլիսիի (Վրաստանի մայրաքաղաքը)`բազմազգ և ջերմ քաղաքի հետ: Նույն ժամանակ ես ծանոթացա նրա կնոջ՝ Ավգուստ Թանգյանի` հրաշալի Այայի հետ, նրա կյանքի միակ սիրու: Նրանց որդու Ադրիանկայի` Գերմանիայի և Ֆրանսիայի համալսարանների նախկին պրոֆեսորի հետ, մենք հաճախ կիսվում էինք նրա լուսավոր հոր մասին հիշողություններով: Հիմա, երբ Սեմա Թանգյանի երկրային կյանքը ավարտվեց և նա գտավ հանգստություն իր կողակցի կողքը`Սենտ-Ժենևիև-դե-Բուաում ռուսական գերեզմանատանը, ես լիարժեք գիտակցում եմ իմ և իմ որոշ նախկին գործընկերների մասնագիտական կայացման մեջ նրա դերը և հասկանում եմ, որ այդ մարդը ՅՈւՆԵՍԿՕ-ի սյուներից մեկն էր և դարձավ նրա կենդանի լեգենդը:

Դիմիտրի ԲԵՐԻԴԶԵ

ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության նախկին բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031