Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը հյուրանոցում. իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

Հունվար 18,2021 00:04

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք բնակավայրեր անցան Ադրբեջանին։

Քաղաքացիները կորցրեցին տարիներով ստեղծած իրենց տները, ունեցվածքը և ստիպված են այսօր լրիվ նոր կետից կերտել իրենց ու իրենց երեխաների ապագան։

Դիլիջանի Կենտրոնական բանկի հյուրանոցում այսօր դեռ բազմաթիվ ընտանիքներ են ապրում, որոնց մեծ մասը Շուշիից կամ Հադրութից են։

Հյուրանոցի շքամուտքում միշտ երեխաների աղմուկ է։ Փոքրերի վազվոցը և աղմուկը դադարում է, երբ հյուրանոց նոր մարդ է մտնում։

Նրանք հերթով սկսում են հավաքվել քո շուրջը, և դու շատ արագ ու անսպասելի դառնում ես նրանց նոր խաղալիքը։

Շուշիից 4 տարեկան Հայկը հստակ պատասխանում է բոլոր հարցերին։

Նա գիտի, որ իրենք այստեղ են, քանի որ Շուշիում հակառակորդը վերցրել է իրենց տունը և հիմա իրենք պետք է նոր տուն գտնեն. «Արդեն ողջ իմ տունը թուրքերինն ա, քեթանք օրիշ տուն։ Հյուրանոցը արդեն մեր տունն ա, բայց ստեղ լավա, որտև ստեղ երեխաներ կան։ Տղանցն հետ վազվազ ենք խաղում»։

Շուշիից 7 տարեկան Ելենան պատմում է, որ երեխաներով հյուրանոցում ընկերներ են դարձել, բայց մեկ է, ինքը իր Շուշին է կարոտում. «Ես կարոտել եմ իմ ընկերներին, իմ տունը։ Ես շատ եմ ուզում, որ նորից լինեմ տանը»։

Ամբողջ Հայաստանում ժամանակավոր ապաստարաններում բնակվող արցախցիների մեծ մասը ապագայի հետ կապված ոչ մի հստակ պատկերացում չունի։ Նրանք չգիտեն, թե երբ և որտեղ հիմնական ապաստան կունենան, որտեղ իրենք կկարողանան որոշել, թե ինչ կենցաղավարություն կունենան։

Հյուրանոցներում, գիշերօթիկ հաստատություններում բնակվող փոքր հասակի երեխաների օրվա մեծ մասն անցնում է միջանցքներում կամ շքամուտքում վազվզելով։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031