Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ զինվորականներին

Փետրվար 02,2021 23:05

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ազատ արձակել գերիներին

Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրենդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը, Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովվկան համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Անցյալ տարվա պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սարսափելի մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ բացի ցավալի և առանձին միջադեպերից, հրադադարը պահպանվում է, բայց պետք է անել ավելին՝ այդքան անհրաժեշտ հաշտության հասնելու համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման և տարածաշրջանի հետագա իրավական ճակատագրի վերաբերյալ բանակցությունները մնում են առավել պարտադիր, քան երբևէ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հանրային և հստակ կերպով վերահաստատել իրենց կամքը՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում՝ հիմնված խմբի հիմնարար սկզբունքների (որոնց իրենք էլ համաձայնություն են տվել), ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Այժմ, երբ ԱՄՆ նոր վարչակազմը նոր խթան է բերել, մենք հաստատուն կերպով վերահաստատում ենք Եվրոպական հանձնաժողովի, և բնականաբար Եվրոպական միության շարունակվող աջակցությունն այս գործընթացին և այս սկզբունքներին:

Հրադադարի համաձայնագրի ամբողջական իրականացումը անհրաժեշտ առաջին քայլն է, և ցավալի է, որ առայժմ գերիների փոխանակությունը լիարժեք չի իրականացվել: Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո, և դիմում ենք Ադրբեջանին՝ ազատ արձակելու մյուսներին՝ հանուն վստահության վերականգնման: Մենք նաև կոչ ենք անում կողմերին ապահովել միջազգային կազմակերպությունների լիարժեք առանց խոչընդոտների մուտքը՝ մարդասիրական աջակցության և մշակութային ժառանգության պաշտպանության համար: Այս հարցերն էլ ավելի են ընդգծում նոր բազմակողմ ջանքերի անհրաժեշտությունը՝ աջակցելու գտնել երկարաժամկետ լուծում հակամարտությանը»:

Հայտարարությունն ամբողջությամբ` այստեղ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728