Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների մշտական «հայրը»

Փետրվար 04,2021 10:00

1994 թվականի հունիսի 28-ին Արծրուն Պեպանյանը «Հայք» թերթում հոդված էր հրապարակել, որի վերնագիրը ավելի քան խոսուն էր՝ «Բոլշեւիզմը՝ բոլոր կուսակցությունների հա՞յր»: Ուշագրավ է, որ «Հայքն» իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր՝ փաստ, որը խոսում է քիչ թե շատ ազատ բարքերի մասին. բոլշեւիզմն, անշուշտ, հատուկ էր այն ժամանակվա բոլոր կուսակցություններին, բայց ՀՀՇ-ն, ըստ երեւույթին, վերջնականապես «բյուրոկրատացված» չէր, եւ գոնե հանդուրժում էր իր բոլշեւիզմի մասին հիշատակումները: Շատ բան փոխվեց (դեպի վատը) նույն թվականի դեկտեմբերի 28-ից հետո, երբ արգելվեց Դաշնակցությունը:

Մինչ այդ համեմատաբար «բուսակեր» մոտեցումն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ այն ժամանակվա իշխող կուսակցությունը թեեւ ընկղմվել էր մեղքերի մեջ, սակայն իր հիմքում ուներ որոշակի գաղափարներ եւ արժեքներ, որոնք 1994 թվականին դեռեւս վերջնականապես չէին մոռացվել: Դրանով այն տարբերվում էր հետագայում իշխող ՀՀԿ-ից. երբ 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, իսկ այնուհետեւ Սերժ Սարգսյանը «վերցրեցին» այդ կառույցը, զուտ «ձեւի համար» հանրապետականները խոսում էին «տարոնականության» եւ «նդժդեհականության» մասին, սակայն իրականում այն ծառայում էր  ընտրությունների «ժողովրդավարական» բնույթն ապահովելու համար, այդ կուսակցության մեջ արդեն որեւէ գաղափար կամ արժեք չկար՝ «ՀՀԿ»-ն պարզապես կոռումպացված նոմենկլատուրայի անունն էր:

Ազգային արժեքների այդ վարկաբեկմամբ է, ի դեպ, բացատրվում հասարակության շոշափելի մասի «անզգայացումը» հայրենիքի կորստի եւ հետագա ահավոր վտանգների վերաբերյալ: Երբ ներկայիս իշխանությունն ասում է՝ «Շուշի՞: Ի՞նչ Շուշի», «Արցա՞խ: Այսքանն էլ է հերիք. նախագահ կա՝ գնում-գալիս է», «Սյունի՞ք: Ոչինչ, դիմացեք ցավոտ խնդիրներին»՝ դա մեր քաղաքացիների մեջ ցասում չի առաջացնում: Եթե նժդեհականությունն իսկապես լիներ 10 տարվա պաշտոնական գաղափարախոսությունը, մարդիկ այդքան անտարբեր չէին լինի:

ՀՀԿ-ն, այդպիսով, ամբողջությամբ բոլշեւիկյան կառույց է: Իսկ «Քաղպայմանագի՞րը»: Նման կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը լիարժեք ձեւով բոլշեւիկյան է եւ պատրաստ է կատարել «շեֆի» ցանկացած քմահաճույք: Պե՞տք է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խնդիր չկա՝ մի՛շտ պատրաստ: Պե՞տք է «դատական բարեփոխումներ» անցկացնել, որպեսզի դատարանները վերջնականապես հայտնվեն գործադիր իշխանության գրպանում: Մեծ հաճույքով: Անհրաժե՞շտ է ընդդիմադիր լրատվամիջոցներին նեղելու համար փոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը: Էս սհաթիս:

Եթե կառավարությունից օրինագիծ բերվի՝ Նիկոլ Փաշինյանին սրբադասելու մասին, կասկածո՞ւմ եք, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի: Ընդ որում, այս նոր «լճացման» երեւույթներն ուղեկցվում են պատգամավորների մեծ մասի վարքագծի կտրուկ փոփոխությամբ: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես են նախկինում համեստ եւ դաստիարակված երիտասարդներն իրենց պահում ճիշտ այնպես, ինչպես նախորդ գումարումների ժամանակ իրենց դրսեւորում էին ՀՀԿ-ի ամենաօդիոզ ֆիգուրները:

…19-րդ դարի կեսերին (ուշադրություն դարձրեք՝ բավականին լուսավորյալ ժամանակաշրջանում, ոչ թե միջնադարում) Հռոմի պապ Պիոս 9-րդը որոշել էր փոխել կաթոլիկ եկեղեցու դոկտրինը եւ նոր դոգմատ էր ներմուծել, ըստ որի Հռոմի պապը, այսինքն՝ ինքը… անսխալական է: Ներկայիս Ազգային ժողովը հանգիստ կարող է նման օրենք ընդունել վարչապետի վերաբերյալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սխալ է օրակարգում քննարկել զոմբի տիկնիկներին, այդ օբյեկտների բանականությունը նույնիսկ արհեստականի մակարդակը չունի, պետությունը զոմբիությամբ է վարակված համ իշխանությունը, համ էլ ընդդիմությունը։ Պետք է ստեղծել հասարակական կազմակերպություն։

  2. Ruben says:

    Արծրուն Պեպանյանի ստեղծագործական կյանքին հետեւում եմ ավելի քան քսանհինգ տարի: Իմ ցանկությունն է տեսնել նրան մշակույթի նախարարի (փոխվարչապետ) պաշտոնում: Հանրապետության այսօրվա բնակչության ներկայությամբ, իհարկե, այդ միտքը ուտոպիա է:
    Հետաքրքիր գործընթաց տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին (Օվերմենի հանձնաժողով, 1918-ի սեպտեմբերից 1919-ի հունիս): Դուք կարող եք ծանոթանալ և զուգահեռներ անցկացնել այսօրվա հետ. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D0%BC%D0%B8%D1%81%D1%81%D0%B8%D1%8F_%D0%9E%D0%B2%D0%B5%D1%80%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B0
    Ո՞վ ստեղծեց քրիստոնեական բոլշևիզմը, մահմեդական (արաբական) բոլշևիզմը և ի՞նչ նպատակով: Հետաքրքիր է, որ արաբական արշավանքն անցավ և գնաց, բայց «ոստիկան»-ը մնաց: Մտածեք ինքներդ, թեման շատ լայն է:
    Հանրապետական կուսակցության մասին. Մի մոռացեք, որ այդ քաղաքական կուսակցությունը ստեղծեց սովետական ժամանակների այլախոհ Աշոտ Նավասարդյանը: Նրա մահից հետո (ըստ հատուկ ծրագրի) ՀՀՇ կուսակցության «ականավոր» անդամներ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և այլոք սեփականաշնորհեցին այդ կուսակցությունը (ՀՀՇ-ն արդեն կորցրել էր իր լեգիտիմությունը): Դա նույնպես մնաց անցյալում:
    Թվում է, թե Սերժի իրավահաջորդի ավարտական ժամանակներն են: Բայց ոչ: Այսօրվա «թավշյա» բոլշեւիկները դեռ չեն ավարտել իրենց առաքելությունը: Ինչպե՞ս ավարտվեց ադրբեջանական Էլչիբեյի «դարաշրջանը»: Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց պատմությունը շուռ տալու համար և բնակչությանը նվիրեց «հայկական» էլչիբեյին: Կյանքի ցիկլը հանրապետությունում կամ 3 տարի է կամ 30 տարի:

  3. Armen says:

    Իմ համոզմամբ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը անհրաժեշտ էր, իսկ «դատական բարեփոխումները» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունը ուշացած, բայց ճիշտ:
    «Իմ քայլի» մոլի ջատագովներից չեմ, պարզապես հետաքրքիր է, իշխանական որ՞ մի պատգամավորն է համեմատելի ոչ վաղ անցյալի նեմեցի, թոխմախի, լիսկայի, վարդանիկի, շմայսի և բազմաթիվ այդպիսիների հետ: Եթե այսօրվա մեծամասնական պատգամավորների մեջ լինեին թվարկածներին նմաններ, պատերազմի ավարտից անմիջապես հետո իշխանափոխություն կլիներ…

    • Ruben says:

      Նրանք (նախկինները) կոպիտ խառտոցներ (ռանչպիլներ) էին, իսկ ներկաները՝ թավշյա: Բայց թե՛ նախկինները, թե՛ ներկաները միայն ընդունակ են խառտելու:

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Շնորհակալ եմ բոլորին հետաքրքիր մեկնաբանությունների համար: Դրանք ինձ մեծապես օգնում են իմ աշխատանքում: Հարգելի Արմեն, Հայկ Սարգսյանի օրինակը բերված է այս հոդվածի «հիպերլինքում»: Կան նաեւ այլ օրինակներ, երբ «Իմ քայլի» պատգամավորների (նաեւ, ցավոք, իմ նախկին գործընկեների) վարքն, իմ կարծիքով, միանգամայն «շմայսական» էր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728