Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լինի ոչ թե ագրեսիվ մոտեցում, այլ կառուցողական, կքննարկենք»․ Վարդազարյանը՝ «Իմ քայլ»-ին

Մարտ 03,2021 13:41

ԱԺ լիագումար նիստում այսօր չնայած այն հանգամանքին, որ ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քանիցս պնդեց՝ նոյեմբերի 15-ին դատավորներին ուղղված իր կոչ-հայտարարությունը քաղաքական չէր, ինչպես «Իմ քայլի» պատգամավորներն են կարծում, վերջիններս շարունակեցին նույն հարցադրումները նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցի կենսագրության ներկայացման ժամանակ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան․ «Եթե նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությունը քաղաքական չէ, ապա ինչպե՞ս է այն համընկել Արթուր Վանեցյանի խափանման միջոցի քննարկման հետ»։

Ռուբեն Վարդազարյան․ «Իմ մոտ տպավորություն է, որ 3 տարվա ընթացքում կուտակված խնդիրների վերաբերյալ եք ինձ հարցեր տալիս։ Մեր օրակարգում ոչ թե իմ հայտարարությունն է, այլ 2 դատավորների ընտրության հարցը։ Նորից եմ ասում, որ իմ հայտարարությունը կապված չէ որևէ անձի հետ։ Երեկ համբերատար պատասխանեցի այդ հարցերին, ասացի իմ կարծիքը, ասացի դրդապատճառները։ Ես հարցերից չեմ խուսափում, խնդրում եմ իմ հայտարարության մասին այլեւս հարց չտալ»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյան․ «Նիստը վարում է ԱԺ նախագահությունը, ո՛չ ես, ո՛չ դուք չենք կարող որոշել՝ ի՞նչ հարց հնչի, եւ որ հարցին պատասխանել, իսկ որին՝ ոչ»։

Ռուբեն Վարդազարյան․ «Իմ հայտարարությունը քաղաքական չէր»։

 

«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյան․ «Առավոտյան եկաք միանգամից պաշտպանողական տրամադրված, թե հաշվետու չեք։ Ի՞նչ խնդիր կա։ Եկեք քննարկենք, փորձենք լուծումներ գտնել։

Ռուբեն Վարդազարյան․ «Եթե ԲԴԽ նախագահի հանդեպ լինի ոչ թե ագրեսիվ մոտեցում, այլ կառուցողական, ինչու չէ, պատրաստ ենք նաեւ ձեր հետ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հուզում են ձեզ կամ դատական իշխանությանը։ Բայց այդ ամենը պետք է լինի բարիդրացիական հարաբերությունների արդյունք, ոչ թե այլ մոտեցումների, որոնց ականատես եղա երեկ։

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան․ «Նախկին իշխանության որոշ անձինք դեռ ղեկավարում են դատական համակարգը եւ ցուցումներ տալիս։

Ռուբեն Վարդազարյան․ «Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, եւ ես չեմ կարող այն կիսել։ Գտնում եմ, որ այսօր դատական իշխանությունը չունի որեւէ կախվածություն նախկին իշխանությունից։ Եթե փաստեր ունեք, դիմեք դատախազություն կամ տրամադրեք ինձ՝ ես դիմեմ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031