«Քանի որ Էդգար Ղազարյանին շատ է հուզում, թե ինչքան է Հայաստանի հարկատուն վճարում պետություն ունենալու համար, այսինքն՝ կառավարություն, Ազգային ժողով, կառավարության կազմում նաև վարչապետ, նաև նրա կեցության ծախսերը, ես մի փոքր մաթեմատիկա արեցի՝ պարզելու համար, թե ինչքան են նստում հարկատուի վրա վարչապետի, նաև վարչապետի բնակության կեցության վայր հանդիսացող Կոնդի առանձնատան ծախսերը»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը շտապեց Նիկոլ Փաշինյանին պաշտպանել ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանից։
Նա շատ էր վրդովվել Էդգար Ղազարյանի՝ Լիլիթ Մակունցին ուղղված հարցերից, որոնք վերաբերվում էին Նիկոլ Փաշինյանի վրա պետական բյուջեից արվող ծախսերին։
«709 միլիոն դրամը բաժանած հարկատուների մոտավոր թվի վրա՝ 1 միլիոն, անում է տարեկան ամեն հարկատուի կողմից վճարվող 709 դրամ, ամսական՝ 59 դրամ։ Այսինքն՝ մոտավորապես 1 կիլովատ/ժամ էներգիա հոսանքի գին, այսինքն՝ մոտավորապես այնքան, ինչքան կծախսի այս սենյակում այս նիստը արվելու ժամանակ էներգահամակարգը՝ այդ թվում պարոն Ղազարյանի հարցը տալու համար իր խոսափողի վրա, այս լուսավորության վրա, որ տեսանելի լինի ինքը, որ այստեղ է, և այլն, և այլն: Ի հավելումն սրա, հերիք չի սա, ի հավելումն սրա՝ հարկատուն պարոն Ղազարյանի նման պատգամավոր ունենալու վրա ծախսում է տարեկան 7600 դրամ։ Բա Կոնդի առանձնատանը մենակ վարչապե՞տն է… ասում է՝ ձերը ձրի է, բա դե մենակ վարչապե՞տն է կամ այդ ծախսը մի՞ հոգու համար է, կամ ընդհանրապես որևէ մեկի՞ համար է այդ ծախսը, թե՞ պետության համար է։ Ասում է՝ իրա հաշիվը ուզում է սաղիս վրա բաժանի, ուրիշների հաշիվը գրում է մենակ մի մարդու վրա: Լավ մաթեմատիկա՝ ծախսում է 7600, ամսական 633 դրամ է ծախսում Հայաստանի հարկատուն, որ Հայաստանը ունենա Ազգային ժողով՝ ներառյալ Էդգար Ղազարյանի նման պատգամավոր, այսինքն՝ 10 անգամ ավելի շատ պատգամավոր ունենալու համար Հայաստանի հարկատուն վճարում է 10 անգամ ավելի շատ, քան Կոնդի առանձնատան վրա ծախսված գումարն է։ Բայց պարոն Ղազարյանն իր վրա ծախսված գումարը չի հաշվում, ինչի՞ պիտի հաշվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































