Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» Վարդազարյանին հիշեցրեց, որ Վանեցյանի ընկերն է, որ քաղաքական հայտարարություն է արել, նա էլ թե՝ «էլ չեմ պատասխանելու նման հարցերին»

Մարտ 03,2021 11:50

«Մենք ունենք հիմնավոր պնդումներ, որ ձեր՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական բնույթի էր։ Հանգամանքներին ավելանում է եւս մեկը։ Այդ օրը, երբ դուք հրապարակեցիք ձեր մարտակոչը, ձեր վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի գործով դատական նիստն էր։ Կներեք, բայց նման զուգադիպությունները մեզ թույլ չեն տալիս չմտածել, որ ձեր կոչը քաղաքական չէր։ Էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, թե ձեր կոչը քաղաքական էր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նույնաբովանդակ հարցերն իշխանական պատգամավորներից հնչեցին նաեւ երեկ, Վարդազարյանն էլ պնդեց, թե իր հայտարարությունը քաղաքական բաղադրիչ չուներ։

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ առավել մանրամասն է ուսումնասիրել օրենսդրությունը եւ արձանագրել, որ ԲԴԽ-ն եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ազգային ժողովին, հետեւաբար՝ ինքը պարտավորություն չունի պատասխանելու քաղաքական բնույթի հարցերի․ «Պատրաստ եմ պատասխանել թեկնածուների վերաբերյալ հարցերին։ Խնդրում եմ չշփոթել, որ սա ՄԻՊ կամ գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ։ Իմ մոտ տպավորություն է, որ դուք ինձ տալիս եք երեք տարում կուտակված բոլոր հարցադրումները։ Ավելին՝ մենք պատրաստ ենք բաց քննարկման եւ ցանկացած պատգամավորի հրավիրել ԲԴԽ՝ հարցերը քննարկելու համար։ Այսօրվա օրակարգն այլ է։ Երեկ համբերատար պատասխանեցի, այսօր չեմ պատասխանելու»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ռուբեն Վարդազարյանին կոչ արեց պատգամավորներին չսահմանափակել, նրանք հարց տալու իրավունք ունեն։ Իսկ Արթուր Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Կարծում եմ՝ դուք ընդունեցիք, որ ձեր հայտարարությունը քաղաքական էր։ Դատական օրենսգրքի ո՞ր հոդվածին է համապատասխան ձեր մարտակոչը։ Մենք ժողովրդին ենք ներկայացնում եւ դուք պարտավոր եք մեր հարցերին պատասխանել եւ հաշվետու լինել, որովհետեւ դատական իշխանության հանդեպ մեծ անվստահություն կա»։

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց․ «Նշեցի, որ քաղաքական բնույթի հարցերի չեմ պատասխանելու։ Ես չեմ սահմանափակում հարցերը, պատասխանել-չպատասխանելն իմ իրավունքն է»։

Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ դրանից իրենք եւ քաղաքացիները հետեւություններ կանեն․ «Կոչ եմ անում շարունակել պատասխանել պատգամավորների հարցերին, իսկ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին առաջարկում եմ չընդհատել եւ տեղից չբղավել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031