Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ն 2016-ից ի վեր լուրջ չի վերաբերվել այս գործին և նպատակ չի ունեցել մինչև վերջ բացահայտել բոլոր մեղավորներին». Աշոտ Մելիքյանը՝ «Սարի թաղի» գործի մասին

Մարտ 11,2021 21:21

«ՀՔԾ-ն 2016-ից ի վեր լուրջ չի վերաբերվել այս գործին և որևէ նպատակ չի ունեցել մինչև վերջ բացահայտել բոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «5 տարի նախաքննության փուլում գտնվող Սարի թաղի գործի քննությունը կրկին կասեցվեց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա ցավով նշեց՝ հայտնվել են փակ շրջանում ու շարունակեց. «ՀՔԾ-ն կասեցնում է գործի վարույթը, լրագրողներին օգնում ենք, որ բողոքն ուղարկեն դատախազություն, դատախազությունը բողոքը մերժում է, հետո սկսվում է դատական գործընթաց, վերջում ՀՔԾ-ն տեսնում է, որ հետ են վերցնում կասեցման որոշումը կամ դատարանն է պահանջում: Այդպես չի կարելի. մենք չենք համակերպվելու: Եթե դա մի մասնավոր, ոչ այնքան կարևոր միջոցառում լիներ, միգուցե կարելի էր ասել՝ հինգ տարի անցել է, կարելի է մոռանալ: Այն, ինչ տեղի ունեցավ Սարի թաղում, Էլեկտրիկ Երևանի պարագայում, աննախադեպ էր, և այդ գործերը պիտի մինչև վերջ հետաքննվեն»:

Նշենք, որ 2016-ից ի վեր ԽԱՊԿ-ը սկսեց զբաղվել Սարի թաղի դեպքերի ընթացքում տուժած լրագրողների իրավունքների հարցով: Դիտարկմանը՝ ունենք գործի վարույթի երկու անգամ կասեցում և ոչ մի մեղադրյալի ներգրավում, Աշոտ Մելիքյանն արձագանքեց. « ՀՔԾ-ն 2016-ից ի վեր լուրջ չի վերաբերվել այս գործին և որևէ նպատակ չի ունեցել մինչև վերջ բացահայտել բոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել: Ավելի շատ գործընթացն իմիտացիոն բնույթ է կրել: Ըստ էության այդ գործողությունները համաձայնեցված էին վերին իշխանությունների հետ, այս է պատճառը, որ մի քանի ամիս հետո երևաց, որ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում: Տարօրինակ է, որ հեղափոխությունից հետո նույն մոտեցումը շարունակվեց, ե նախաքննություն վարողներն ու նրանց ղեկավարները նույն մարդիկ են և նույն համակարգի աշխատակիցներ: Հասկանալի է նաև, որ ՀՔԾ-ն այս տարիներին բազմաթիվ այլ գործերով է զբաղված, այդ թվում կոռուպցիոն խնդիրների հետ կապված, բայց դա չի նշանակում, որ այդպիսի աղմկահարույց քրեական գործը, որտեղ քսանից ավել լրագրողներ և օպերատորներ են տուժել, բացի այդ դա կրկնողությունն էր Էլեկտրիկ Երևանի իրադարձությունների: Այն ժամ բոլոր մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին, և դա կրկնվեց Սարի թաղում: Այս մոտեցումը կանաչ լույս է վառում ապագայում նման գործողությունների համար: Սա է պատճառը, որ ուժային կառույցները չարաշահում են իրենց լիազորությունները, ստացվում է՝ ցանկացած նման սրման պարագայում լրագրողներն անպաշտպան են և ուժային կառույցների ձեռքերը բացված են, ընդհուպ մինչև հատուկ միջոցների կիրառում, լրագրողների՝ թիրախավորված հետապնդում»:

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է հարցաքննվել և ի՞նչ գործողություններ են կատարվել 2019-ից ի վեր, երբ գործը կրկին վերաբացվեց, Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած լրագրող Գևորգ Ղազարյանը պատասխանեց. «Վերջին այցելությունս ՀՔԾ եղել է 2018-ին: Որևէ շարժ չկար, դրանից օրեր անց կասեցման որոշում եղավ: Ձևի համար մեզ հրավիրեցին, մենք մեր ասելիքն ասացինք, այդքանով՝ վերջ»:

Մյուս հարցին՝ Ձեր դեպքում արդյոք կայի՞ն բազմաթիվ ապացույցներ խախտում արձանագրելու համար, և եթե այս պահին՝ հինգ տարի անց առերեսում տեղի ունենա, ի՞նչ կտա դա, ի՞նչ է հիշում, լրագրողը պատասխանեց. «Այն փաստերը, որոնք չեն կցվել գործին, քանի որ գործի նախնական քննության փուլում պարզապես պարապուրդի մատնված, գործը բացված վիճակով մի կողմ դրված է եղել: Մինչդեռ ինձնից վերցրել են սարք, որը ֆիքսել է ինձ մոտեցող, իմ շուրջ եղած մարդկանց: Էլեկտրիկ Երևանում հիշում էի՝ իմ շուրջը կար նվազագույնը երկու ոստիկան, որոնք տեսաձայնագրում էին տեղի ունեցողը՝ իմ նկատմամբ բռնությունը: Ես դա տեսել ու ֆիքսել եմ: Փաստացի ես գիտեմ, որ կա ապացուցողական այն բազան, որը մեզ կօգնի գտնել այդ մարդկանց, հնարավոր այն մարդկանց,  ում կարող են բերել, ու ես նրանց փորձեմ հիշել, հիմա արդեն դժվար կլինի: Իսկ եթե որևէ տեսանյութ լինի փաստող, կարող է տեսնեմ ու հիշեմ: Դա հետևանք է այն հետևողական պարապուրդի, որը տարիների ընթացքում վարվել է  երկու գործերով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031