Գյումրիում բնակվող եւ 2020թ․-ի պատերազմի մասնակից-զինծառայողների ծնողները նամակով դիմել են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին՝ խնդրելով իրենց առաջարկը հնչեցնել ազգային ժողովի նիստում։ Այսօր խորհրդարանի հերթական լիագումար նիստի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը մեջբերեց նամակից հատված, որում ծնողները մատնանշել են՝ պատերազմի հիմնական բեռը դրվեց 2019-20թթ․ զորակոչված զինծառայողների ուսերին, եւ իրենք մտահոգ են երիտասարդների ապագայով։ «Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ, իսկ տղերքը գերազանց են կատարել իրենց պարտքը, ու հիմա պետության եւ հասարակության վերաբերմունքի հերթն է»,-մեջբերեց Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքով՝ ծնողների խնդրանքը հետեւյալն է․ «Համոզված լինելով, որ ԱԺ-ն մեծամասամբ համաձայն է պատերազմով անցած զինծառայողներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու հարցում, նաեւ խորհրդարանի միջոցով ՀՀ կառավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել հերոսներին խրախուսելու համար, որի լավագույն ձեւերից մեկը վաղաժամկետ զորացրումն է՝ ծառայության ժամկետները կրճատելու ձեւով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































