«Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հովիվը մոտեցել է դիրքերին, ինչից հետո միջադեպ է եղել, որը հարթվել է։ Բայց առհասարակ նման հարցերին անդրադառնամ։ Տեսանյութեր կան՝ «մտան, վերցրին»․․․հստակ ասեմ, որ ԽՍՀՄ-ով նախատեսված սահմանն ամբողջությամբ պահպանվում է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ադրբեջանցի զինվորների կողմից Սյունիքի մարզի Արավուս համայնքի հովվին բռնության ենթարկելու դեպքին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Նա նշեց, որ Սյունիքի սահմանին կան տեղեր, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, եւ կան տեղեր, որտեղ իրենք են առաջ․ «Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որը կապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը։ Առհասարակ, սահմանային փոփոխությունները շատ փոքր մակերես ունեն։ Նման հարցերը դեմարկացիայի ժամանակ պետք է լուծվեն»։
Վաղարշակ Հարությունյանի խոսքով, որպեսզի նման դեպքերը բացառվեն, համապատասխան մարմինները պետք է քաղաքացիներին իրազեկեն, որ դիրքերին պետք չի մոտենալ․ «Դա շփման գծի բնականոն կյանքն է։ Կարեւորը՝ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի եւ վիրավորների։ Իսկ նման միջադեպերը կլինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որ հովիվը չմոտենա ադրբեջանցիների դիրքերին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































