Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին հարցրեց, թե էկոնոմիկայի նախարարությունը վերջերս ինչու է կրճատումներ արել ու հաստիքներ կրճատել: Դրանցից 54-ը վերաբերում է մարզերում գյուղատնտեսական խորհրդատվական նորարարությունների մոնիտորինգի կենտրոններում հաստիքային կրճատումներին:
Քերոբյանը պատասխանեց, որ այդ կրճատումները միտված չեն կոնկրետ անձանց դեմ, այլ ուզել է արտադրողականությունն ու արդյունավետությունը բարձրացնել. «Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, թե ինչպես պետք է փոխվի նախարարության կառուցվածքը, որ ավելի լավ սպասարկի այս ժամանակահատվածում մեր տնտեսության առջեւ ծառացած խնդիրները ու որոշել ենք հարկատուների միջոցներն ավելի արդյունավետ ծախսել: Կրճատվել են այն հաստիքները, որոնք գործառույթները կարող ենք տանել այլ հաստատությունների վրա»:
Բաղդասարյանը չհամաձայնեց, որ հաստիքների նույնականացում կա. «Շիրակի մարզում իրականացվել են շուրջ 47 դասընթացներ, 1084 տնտեսություն վարող քաղաքացիներ խորհրդատվություն են ստացել, 19 մոնիտորինգի ծրագիր է իրականացվել»: Նա նշեց, որ նախկինում գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոններ կային ու եթե գյուղատնտեսությունն ուզում են զարգացնել, խիստ խնդրահարույց են նման կրճատումները:
Քերոբյանը պատասխանեց, որ բոլոր գործառույթները մանրամասն ուսումնասիրել են. «Հավատացեք, այն հաստիքները, որոնք մնում են՝ ամեն մարզում 3 հոգի, ավելի քան բավարար է այդ գործառույթների ծավալն իրականացնելու համար»:
Կարդացեք նաև
Քերոբյանն ասաց, որ Հայաստանի գյուղացին ժամում 3 դոլարի գյուղատնտեսական համախառն արտադրանք է տալիս: Դա խայտառակ ցածր ցուցանիշ է, 7 անգամ զիջում է ԵԱՏՄ միջին ցուցանիշին ու գյուղատնտեսական այդ կառույցների աշխատանքը չի կարող հիմնավորված լինել այս ցուցանիշով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































