Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ես դու, որ կարող ես որոշել». Սիսակ Գաբրիելյանի ելույթը՝ Սերժ Սարգսյանի «հանցագործության», դպրոցի մոտ մարմնավաճառների օբյեկտ բացելու ու բուքմեյքերականի մասին

Մայիս 10,2021 17:45

«Ինձ համար մի կարեւոր բան կա այստեղ: Ես այստեղ ժողովրդի ներկայությունը տեսա՝ մեկս մի քիչ բարկացող էր, մեկը հայհոյող էր, մեկը նեղացկոտ էր, մյուսը գրագետ էր: Սա այն ընդհանուր կերպարն էր խորհրդարանում»,- այսօր ԱԺ արձակումից առաջ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսպիսի գնահատական տվեց 7-րդ գումարման ԱԺ-ին:

Նա ասաց, որ վերջին 2 տարում ընդդիմության ավելի շատ նախագծեր են ընդունվել, քան նախորդ տարիներին:

Ինչ վերաբերում է այս իշխանության գնահատականին՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Եթե կան այնպիսի քաղաքացիներ, ովքեր կողմնակից են իշխանությանը, թվարկում են, ովքեր կողմնակից չեն, մի շատ կարեւոր նյուանս կա՝ չեմ նկատել որեւէ կարծիք, որ ասի պայմանական՝ Համազասպ Դանիելյանի դղյակը տեսե՞լ եք ոնց կառուցեց 2 տարում, կամ Սդղի գյոլում այս պաշտոնյայի տղան աչք հանեց, բայց ազատ պտտվում է: Եթե անգամ չեն ընտրում այս քաղաքական թիմին, առաջինը մեջբերում են տված խոստումը եւ չկատարած արդյունքը»: Նա ասաց, որ եթե մեկ-երկու ընտրություն էլ կարողանան անցկացնել առանց փողի, վարչական ռեսուրսի կիրառման, վերջնականորեն այլեւս ՀՀ-ում չի լինի իշխանություն այն համակարգը, որը նախկինում գործել է:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ երբ Փաշինյանը հարց է տվել՝ ի՞նչ փուլում է մի քրեական գործը, «հայտնի շրջանակներն» ասել են՝ միջամտություն է. «Ես կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից՝ Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել ՀՀ-ում: Բոլորովին վերջերս հարցազրույց է տվել, հարց է հնչում՝ ինչո՞ւ չկալանավորեցիք, որ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք, որ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ մինչեւ հիմա ինչո՞ւ իրավապահ մարմինները այս հայտարարության հետքով չեն գնում: Որովհետեւ ո՞վ ես դու, որ կարող ես որոշել՝ ինչ-որ հանցագործություն կատարող անձի կալանավորե՞ն, թե՞ չկալանավորեն: Ո՞վ ես դու, որ որոշես: Զարմանում եմ, ինչո՞ւ այդ հայտարարության հետքով չեն գնում, որ պարզեն՝ այդ ո՞ւմ է հրահանգ տվել, որ չկալանավորեք: Ի դեպ, կալանավորումը դատարանով է լինում: Ինքն ասում է՝ դե որոշեցինք չկալանավորել: Այսինքն, որոշողն էլ է ինքը»:

Խոսելով այս իշխանության հասցեին այն քննադատության մասին, որ թրքասեր են՝ Սիսակ Գաբրիելյանը հորդորեց հենց այդ շրջանակների ֆեյսբուքյան էջերը նայել ու գտնել, թե ոնց է Անթալիայում հանգստանում. «Թրքասիրությունն էլ ո՞նց է արտահայտվում: Կամ այն մի հայտնի ներկայացուցիչն ասում է՝ սրանք թրքասեր են: Ասում է մի մարդ, որի իշխանության ժամանակ հյուրընկալեցին այստեղ Թուրքիայի ղեկավարին, սեղան գցեցին: Ինձ համար ցավալին այն էր, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից հանեցին Արարատ լեռը, որ թուրք գործընկերոջը հանկարծ չնեղացնեն»:

Մայիսի 9-ին Քոչարյանի, ՀՅԴ-ի եւ «Վերածնվող Հայաստանի» «Հայաստան դաշինքի» հանրահավաքը, ըստ Սիսակ Գաբրիելյանի, ատելության հանրահավաքի մեկնարկ էր, որի ժամանակ հնչեցին բազմաթիվ վիրավորանքներ, ուստի վաղը հանկարծ լրագրողները չասեն, թե ատելության քարոզարշավ է:

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի հետ կապված քննադատություններին՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Խոսում են այն մարդիկ, որոնք Թատերական ինստիտուտի առաջին հարկը վաճառել են, դարձրել են բուքմեյքերական գրասենյակ: Ամիրյան փողոցն է, անցեք տեսեք, ժողովուրդ ջան, ինստիտուտի առաջին հարկը բուքմեյքերական կազմակերպությանն է սեփականաշնորհված: Սերժ Սարգսյանը մասնակցել է մի դպրոցի բացմանը, մեր հայաթներում է՝ Նժդեհի հրապարակի մասերում, այդ դպրոցին կպած պատին գործում է 3 ժամը 5000 դրամանոց հայտնի օբյեկտը: Կառուցել են մի բան, որ երեխեքը դուրս են եկել ու տեսել այդտեղ ոնց է մարմնավաճառ մտնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31