Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք սրտով, հոգով ձեզ հետ ենք այս դժվարին պայմաններում». ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար

Մայիս 10,2021 23:33

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Մերի Գալստյանը, Սոնա Ղազարյանը մայիսի 10-ին հանդիպեցին Հայաստան ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ:

Հովհաննես Իգիթյանը բարձր գնահատեց պատվիրակության անդամների` Հայաստան այցելելու նախաձեռնությունը, սահմանամերձ շրջաններ եւ նույնիսկ Արցախ մեկնելու պատրաստակամությունը նման դժվարին ժամանակահատվածում:

«Այս պատերազմի ընթացքում խախտվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի հռչակած հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովրդի՝ խաղաղ, ինքնուրույն, բազմակողմանի զարգացման եւ ապրելու իրավունքը: Մենք համոզված ենք, որ ՖԽՎ-ն կշարունակի իր աջակցությունն Արցախի եւ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման հարցում: Հայկական կողմը շնորհակալ է նաեւ ՖԽՎ անդամ երկրներին, որոնք իրենց ձայնն են բարձրացրել գերիների վերադարձի, հետպատերազմյան իրավիճակի կայունացման եւ խաղաղության հաստատման հարցերում»,- նշեց Հովհաննես Իգիթյանը՝ տեղեկացնելով, որ Արցախում գործում է Ֆրանկոֆոնյան տուն-թանգարան: Հայկական պատվիրակության ղեկավարը լավատես է եւ լիահույս, որ ժողովուրդը կհաղթահարի հետպատերազմական իրավիճակը եւ  կանդրադառնա Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

«Մենք սրտով, հոգով ձեզ հետ ենք այս դժվարին պայմաններում»,- նշեց ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան Շառլ Լուպերտոն՝ տեղեկացնելով, որ հանդիպել են նաեւ ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին եւ ստացել հանգամանալից, ամբողջական տեղեկատվություն առկա իրավիճակի վերաբերյալ:

ՖԽՎ-ն ընդունել է մի շարք բանաձեւեր աշխարհի տարբեր կետերում պատմամշակութային արժեքների նկատմամբ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Նմանատիպ բանաձեւի ընդունում նախատեսվում է նաեւ հայկական պատմամշակութային արժեքները օկուպացված տարածքներում պահպանելու վերաբերյալ:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշեց, որ ամեն անգամ  ցավով են անդրադառնում պատմամշակութային կոթողների ավերման՝ սոցիալական ցանցերում տեղ գտած փաստերին: Նա առանձնացրեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարցը՝ ընդգծելով, որ պատերազմի ժամանակ այն երկու անգամ ռմբակոծվել է եւ այժմ էլ վերանորոգման շղարշի ներքո ամբողջովին վերափոխվում է անհասկանալի կառույցի:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձրացրեց հայ գերիներին պատանդ պահելու հարցը` նշելով, որ այն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում է:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը՝ նշելով, որ երկու պետությունները համալսարանի ընդլայնմանն ու զարգացմանը նպաստող նոր ուղիներ կգտնեն:

Պատվիրակության անդամները խոսեցին նաեւ վերջին չորս տարիների համագործակցության արդյունքների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31