Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորացումն Արմավիր դեռ չի հասել, բայց 26 գյուղերը դեմ են մեկում միավորվելուն

Մայիս 30,2021 19:45

«2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը»,-2019 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նաեւ հայտնեց, որ այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ են իրականացնում։  Վերջինը, ըստ նրա, տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որպեսզի նրանք կարողանան իրենց ձայնը հանրաքվեի միջոցով լսելի դարձնել:

Արմավիրի մարզում, սակայն, խոշորացման գործընթացը չսկսված` կանգ առավ: 2020 թվականին COVID-19 համավարակը եւ արցախյան պատերազմը թույլ չտվեցին, որ խոշորացումը տեղի ունենա: Մարզի համայնքներում լսումներ ու տեղական հանրաքվեներ պետք է լինեին, որից հետո տեղի ունենար համայնքների միավորումը:

Այս մարզում նախագծով նախատեսվում է միավորել 26 համայնք, որի կենտրոնը լինելու է Մեծամորը: Միավորման ենթակա համայնքներն են` Մեծամորը, Ակնալիճը, Աղավնատունը, Ամբերդը, Այգեշատը, Արագածը, Արշալույսը, Արտաշատը, Արեւիկը, Գեղակերտը, Դաշտը, Դողսը, Եղեգնուտը, Զարթոնքը, Լեռնամերձը, Ծաղկալանջը, Ծաղկունքը, Ծիածանը, Հայթաղը, Հովտամեջը, Մայիսյանը, Մրգաշատը, Մրգաստանը, Շահումյանը, Շահումյանի թռչնաֆաբրիկան, Տարոնիկը:

Նախագիծը` 07.12.2020-22.12.2020 թվականին քննարկվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` արժանանալով բացասական արձագանքների: Այդ մասին է վկայում  առցանց քվեարկությունը` 93 տոկոս դեմ եւ 7 տոկոս կողմ ձայներով:
Ի դեպ, խոշորացման գործընթացից կախված էին նաեւ ՏԻՄ ընտրությունները, որոնք հանրապետության մի շարք համայնքներում` այդ թվում եւ Արմավիրի մարզի 3 գյուղերում` Արշալույսում, Շահումյանում ու Արագածում տեղի չունեցան` չնայած, որ այդ համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն անցյալ տարի ավարտվել է:  Վերոնշյալ 3 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները  նշանակված էին 2020 թ. մարտի 15-ին: Սակայն ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքից հանվեց:

Վահան Մովսիսյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ, փորձագետ Վահան Մովսիսյանը գտնում է, որ համայնքների միավորման գործընթացը պետք է արագ ավարտին հասցնել: Փորձագետի խոսքով, ներկայումս անհավասար պայմաններ է ստեղծված հանրապետության համայնքների միջեւ, քանի որ խոշորացված համայնքները կարողանում են օգտվել սուբվենցիոն ծրագրերից, իսկ  փոքր համայնքներն, ըստ նրա, ի վիճակ չեն օգտվելու այդ ծրագրերից:

Փորձագետը գործընթացի հետաձգումից մեկ այլ վտանգ էլ է տեսնում. Այս տարվա նոյեմբերին 80 եւ ավելի տոկոս համայնքների ղեկավարների եւ ավագանիների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ինչը, ըստ պարոն Մովսիսյանի, լուրջ խնդիրներ կարող է առաջացնել տեղական ինքնակառավարման համակարգում: Եթե համայնքի ղեկավարի պարագայում կարող է լինել պաշտոնակատար, ավագանու ժամկետի ավարտի դեպքում ՀՀ Սահմանադրությունն այն երկարացնելու հնարավորություն չի ընձեռում:

Ավագանու համար ՀՀ Սահմանադրությունը սահմանում է 5 տարի ժամկետ. «Հետեւաբար, այն ավագանիների ժամկետը եթե լրացել է, երկարացնել այլեւս հնարավոր չէ, ավագանին լուծարվում է: Այսինքն՝ կարեւորագույն խնդիրների լուծման համար այլեւս չունենք այն լուրջ, կարեւոր տեղական ինքնակառավարման մարմինը, որը պետք է տնօրինի, հաստատի, որոշի եւ սա շատ վատ է»,-ասում է Վահան Մովսիսյանը:

Aravot.am-ի մուլտիմեդիա պատմությունը համայնքների խոշորացման գործընթացի մասին մանրամասն՝ այստեղ

Խոշորացումն Արմավիր դեռ չի հասել, բայց 26 գյուղերը դեմ են մեկում միավորվելուն

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31