Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կռիվ չունեմ ու բանավիճելու բան չունեմ իրար առյուծի ու խոզ խանձելու նկարներ ցույց տվող մարդկանց հետ». Էդմոն Մարուքյան

Հունիս 06,2021 13:00 Share

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մինչեւ ընտրությունները ներքաղաքական վիճակն այնպես է սրվելու, որ գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին ենք լինելու. «Եթե գործող իշխանության եւ նախկին իշխանությունների պայքարը, որը ընթանում է իշխանության համար, շարունակվի այն ոճով, ինչ ընթանում է, մենք չենք կարողանալու խուսափել բախումներից: Նրանք պաշտպանված են, նրանց գլխից մազ չի պակասելու, դուք եք, որպես ժողովուրդ, որպես ընտրողներ լինելու բախման տուժող: Ես տեսնում եմ, որ քաղաքակիրթ քարոզարշավի մերժումը, դուելների առաջարկները, իրար խոզ խանձող ու սատկած առյուծ քշող հայտարարությունները, նման անվանարկումները լավ տեղ չեն տանում: Դրա համար պետք է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել»:

Մարուքյանն ասաց, որ այս պահին բոլոր հարցումներով ո՛չ իշխող ուժն է հաղթում, ո՛չ քոչարյանական թեւը: Միակ ուժը, որը երկու կողմերի մեջ թշնամիներ չունի, «Լուսավոր Հայաստանն» է: Նա նշեց, որ 40% չկողմնորոշված հանրություն կա, կարող են լիազորել իրենց, որ խաղաղեցնեն կողմերին, ձեւավորեն ազգային համաձայնության կառավարություն, հակառակ դեպքում տեսնում են՝ նրանք իրար հետ «լեզու գտնող» չեն. «Մենք պլատֆորմ ենք, մենք կպարտադրենք համերաշխություն: Կան երկու բեւեռներին սպասարկող արբանյակ ուժեր, որոնք ասում են՝ Նիկոլ ջան, արի քեզ օգնենք, սրանց ջարդի, մորթի, Քոչարյան ջան, արի սրանց ջարդի: Նրանք չեն կարող համերաշխություն բերել»:

Մարուքյանն ասաց, որ իրենք այլընտրանք են. «Գիտեք ինչ ռեսուրսներ են դրված՝ իրար ոչնչացվելու համար, բայց ոչ թե իրար են ոչնչացնելու, այլ մեզ բոլորիս են ոչնչացնելու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով, որ ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը պառակտվել է, պետականություն ենք կորցրել, հիշեցրեց Արշակունյաց ու Բագրատունյաց հարստությունների կորուստը. «Պատճառը անհաշտությունն էր հասարակության ներսում, երբ երկու-երեք խմբեր գտնում են, որ իրենց ասած ճշմարտությունը բացարձակ է»: Տարոն Սիմոնյանն ասաց, որ այսօր Ադրբեջանը քայլ առ քայլ 10-20 օրը մեկ մի քանի կիլոմետր առաջ է գալիս ու զավթում մեր տարածքները՝ օգտվելով ներքաղաքական անկայունությունից ու անտաղանդ կառավարումից: Միջազգային հանրությունը ինչքա՞ն ասի, երբ տեսնում է, որ երկրում տարված են իրար հոշոտելով:

Կուսակցությունը քարոզարշավի ընթացքում պատրաստվում է լինել բոլոր վարչական շրջաններում, բոլոր մարզերում, իրականացնելու է երթեր, շրջելու են, տնետուն են գնալու. «Ես կռիվ չունեմ ու բանավիճելու բան չունեմ իրար առյուծի ու խոզ խանձելու նկարներ ցույց տվող մարդկանց հետ: Ես իրենց հետ ի՞նչ պետք է խոսեմ: Մեկն ասում է՝ դուք խոզ խանձող եք, մյուս ասում է՝ այ սատկած առյուծ քշողներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930