Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ, դեռ հստակ չէ․ դա հնարավոր սցենարներից մեկն է․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը պետք է քննարկվի նոր Սահմանադրության նախագիծը ԱԺ բերելուց հետո․ «Տեսնենք՝ ով ոնց է քվեարկում»։
Եթե նույնիսկ հաջորդ արտահերթ կամ հերթական ընտրություններին ՔՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, իր կարծիքով, այս ընդդիմադիր ուժերն ԱԺ-ում կա՛մ չեն լինելու, կա՛մ լինելու են նվազագույն թվով։
«Չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության վերաբերյալ»,-ամեն դեպքում նման կարծիք հայտնեց իշխանական փոխնախագահը՝ հավելելով, որ խորհրդարանը քվեարկելու է ոչ թե նախագծի օգտին կամ դրան դեմ, այլ քվեարկելու է նախագիծը հանրաքվեի դնել-չդնելու հարցը։ Եթե ընդդիմությունը դեմ եղավ հարցը հանրաքվեի դնելուն, իր մեկնաբանմամբ կստացվի սա․ «Դե ժողովուրդն ո՞վ է, որ որոշի, մենք էստեղ կորոշենք»։
Կարդացեք նաև
Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պետականամետ ընդդիմություն ունենալու մասին, Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ այդ ընդդիմության ձեւավորման ուղղությամբ ակտիվ ջանքեր չպետք է գործադրեն, բացի նոր ընդդիմություն ձևավորելու կոչերից․ «Մեր կողմից նման ընդդիմություն ձևավորելու գաղափարը շատ վատն է, քանի որ իշխանության կողմից ընդդիմություն ստեղծելը քաղաքական համակարգի ամենավատ երևույթն է»։
Նա վստահեցրեց՝ իշխանություններին «գրպանային» ընդդիմություն պետք չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































