«Նրանք ոչ թաղային հեղինակություն եղել են, ոչ էլ կարող են լինել: Նրանք ուղակի բանսարկուներ են, ովքեր իրենց նեղ անձնական շահի համար մարդկանց փորձում են ուղղորդել, ճնշել: Բայց այս ամենում աբսուրդն այն է, որ մի քաղաքացին, որը որեւէ պետական սուբյեկտի հետ կապ էլ չունի՝ դատախազություն, ոստիկանություն եւ այլն, գնում մեկ այլ քաղաքացու հորդորում է, որ պետք է գնաս ցուցմունք գրես, հակառակ դեպքում քեզ կկալանավորեն: Մնացածը՝ թողնում եմ ձեր եզրակացությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ Վազգեն Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել՝ գրառմամբ, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին. «Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը ` Գյուրջի մականունով։ Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացման պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է՝ վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս»։
Առուշ Առուշանյանը տեղեկացրեց, որ տարածաշրջանի բոլոր գյուղերի ղեկավարներին, բնակիչներին, իսկ Որոտանում գյուղի բոլոր բնակիչներին հրավիրել էին հարցաքննության՝ միայն մեկ նպատակով, որ որեւէ մեկն իր դեմ ցուցմունք տա:
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին, Առուշ Առուշանյանն ասաց, որ նոր զարգացումներ չկան, իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ արդեն մեկ ամսից ավել մեր տարածքում են՝ Սեւ ջրի տարածքում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































