Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաչագանի անունը ոսկե տառերով գրվեց Արցախի ու Հայաստանի պատմության էջերում». գնդապետ

Հուլիս 07,2021 18:02 Share

«Ներիր ինձ, հայրենիք, նվաստիս` անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա` որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք… Ներեցեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեցեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: Եվ ներիր ինձ, իմ ազգ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար»,- այս խոսքերի հեղինակը անմահացած Վաչագան Մանուկյանն է, մեջբերումը նրա գրքից է, որ հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը:

Վաչագանը հրապարակախոս, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին է, որ մասնակցել է Ապրիլյան եւ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին:

Հուլիսի 7-ին Վաչագան Մանուկյանը դարձավ 30 տարեկան: Նա ծնվել էր 1991թ. Էջմիածին քաղաքում, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Կամավորագրվել էր Էջմիածնի զինկոմիսարիատում ու մասնակցել Արցախյան երկրորդ պատերազմին: Հերոսի տարեդարձի օրը մարդիկ նախ հավաքվեցին Եռաբլուրում, այնուհետեւ Էջմիածնի 2-րդ դպրոցում տեղի ունեցավ Խաչքարի օրհնություն` ի հիշատակ Վաչագանի եւ անմահացած մյուս տղաների:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, հողն ամրացել է Վաչագանի ու մյուս տղաների շնորհիվ ու դարձել թիկունք, ինչպես Արարատը: Նրա ձեւակերպմամբ, Վաչագանն ու մյուս հերոսները մեր հոգիներում հարություն են առել, եւ ովքեր ճանաչել են Վաչագանին, գիտեն, որ նա զարմանալի ծրագրային մտածող մարդ էր, որը նպատակներ ուներ. «Նա իր գործը, քայլերը հստակեցրած`ապրում էր, ստեղծագործում: Մարդն իր կյանքն էլ է դարձնում ստեղծագործություն, եթե ճիշտ է ապրում, ու պարտադիր չէ, որ գրի, կարեւորը ապրելիս ամեն քայլը հոգեւոր հյուլեով լցնի: Հենց այդպիսին էր Վաչագանը նաեւ իր գրվածքներով»: ՀԳՄ նախագահը ցավով փաստեց, որ Վաչագան Մանուկյանը հետմահու է արժանացել ՀԳՄ պատերազմի թեմատիկայով գրող գրողների հատուկ մրցանակին:

«Մեր Վաչիկը, մեր Խաչիկի որդին գնաց հերոսների շարքը համալրելու, բայց նաեւ ապրելու է իր գրվածքներով…Նա ամեն ինչ կարծես զմռսած թողել էր իր գրվածքներում, եւ այնտեղ անգամ Արցախի մասին կռահումներ կային, նաեւ մեր ժամանակների ու մարտական գործողությունների մասին»,-ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հետմահու Վաչագան Մանուկյանին պարգեւատրեց «Փառապանծ մարտիկներ» ոսկե մեդալով, մի մեդալ էլ հանձնեց հերոսի հորը` հայրենիքին որդի տալու, հայ տեսակի ու գրական վաստակի համար.

«Այսօր գտնվում ենք հերոսական Պանթեոնում, անմահացած Վաչիկի շիրիմի մոտ…Վաչիկը ոչ թե մահացել է, այլ անմահացել, որովհետեւ Վաչիկի արած գործերը, մատուցած ծառայությունները հայրենիքին ու ռազմաճակատին արվել են նրա կյանքի հաշվին: Մեր հայոց բանակը՝ ի դեմս Վաչիկի, հաղթանակել է, չի կարող մի երկիր 8 երկրի դեմ պատերազմել, 44 օր դիմանալ ու պարտվել: Պարտվել ու դավաճանել են իշխանությունները: Փառք Վաչիկին, որն անմահացավ, եւ նրա անունը ոսկե տառերով գրվեց Արցախի ու Հայաստանի պատմության էջերում»:

Հիշեցնենք, որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը «Բարձունքը մերն է, տղերքը չկան» հայտնի տողերի հեղինակն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031