«Այն, ինչ տվեցիր՝ քոնն է հավիտյան,
Այն, ինչ պահեցիր՝ կորած է հավերժ»։
Պողոս Առաքյալ
Արցախի 7-րդ՝ Քաշաթաղի շրջանը կազմավորվեց 1993-ի դեկտեմբերի սկզբին, սակայն 94-ի գարնանը հիմնականում սկսվեց Հայոց ազատագրված տարածքների վերահայացումը։ Իհարկե, դեռևս 1992-ի ամռանը, երբ նոր էին ազատագրվել խորհրդային տարիներին Զաբուղ անվանափոխված Աղավնո գյուղն ու Լաչին-Բերձորը, Արցախի Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանցիների կողմից ցեղասպանության ենթարկված Մարաղայից մազապուրծ հայ ընտանիքներ ժամանակավոր հաստատվել էին Աղավնոյում ու մնացին մինչև 2023 թվականը, երբ հայաթափ եղավ Արցախն ամբողջությամբ։
Նոր կազմավորված շրջանի բնակչությանը, բացի պետական հոգածությունից, անհրաժեշտ էր նաև բարեգործական կառույցների աջակցությունը։ Տարբեր նման կառույցներ գործեցին շրջանում, բայց առանձնակի է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի (ԳՄՔԲԸՀ) դերը, որն արդեն 30 տարեկան է, գործում է անընդմեջ և շարունակում նյութական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված 120-ից ավելի բազմազավակ ընտանիքների։
Կարդացեք նաև
Քուվեյթաբնակ Կիրակոս Գույումջյանի նվիրատվությամբ և հիմնադրամի համագործակցությամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում բացվեց ցեղասպանությունից մազապուրծ Ներսես Գույումջյանի անվան դպրոց, որի աշակերտներն ու ուսուցիչները տարիներ շարունակ օժանդակություն էին ստանում Գույումջյան ընտանիքից։
Այդ 30 տարիների ընթացքում ԳՄՔԲԸՀ-ը՝ հիմնադիր ու գործադիր տնօրեն, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ պրոֆեսոր, ԱՀ ԶՈՒ գնդապետ Գուրգեն Մելիքյանի ղեկավարությամբ, մեծ աշխատանքներ է կատարել Արցախում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ դեռ բաց էին Ստեփանակերտի ու Արցախի՝ հայկական մնացած հատվածները, Գ․ Մելիքյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ շարունակվեցին այցելությունները Արցախ, ու բազում ընտանիքներ Աղավնոյում, Բերձորում, Հին Շենում, Լիսագորում, Եղցահողում, ինչպես նաև դպրոցներ Դահրավում և այլ բնակավայրերում, «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնը՝ Ստեփանակերտում, ստանում էին նյութական աջակցություն՝ դրամական, կենցաղային տեխնիկա, հագուստ, սնունդ, խոշոր եղջերավոր անասուններ և այլն։
«Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնը բարեգործական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1995 թվականին Քարոլան և Ջորջ Նաջարյանների կողմից։ Ստեղծման օրվանից մինչև 2023 թ․ սեպտեմբեր «Արփեն»-ից աջակցություն են ստացել մոտ 35,000 մայրեր, որոնք լույս աշխարհ են բերել 33759 մանուկ՝ Արցախի քաղաքացի:
ԳՄՔԲԸՀ-ն համագործակցում է նաև ռազմահայրենասիրական, մարզակրթամշակութային, ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ․ հաճախ նաև աջակցում է նրանց։
Բացի բազմազավակ ընտանիքներին օգնելուց՝ Գ․ Մելիքյանի կազմակերպմամբ յուրաքանչյուր տարի գարնանն ու աշնանը ԵՊՀ ուսանողների, դասախոսների, ռեկտորի, հյուրերի մասնակցությամբ ծառատունկ էր իրականացվում Բերձորում ու հարակից տարածքներում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու եզրերին։
Հաճախ մասնակից էին լինում նաև Արցախի նախագահը, ԱԺ և կառավարության անդամներ, զինվորականներ։
2022 թ․, քանի դեռ բաց էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, երբ անցնում էինք, արդեն ամբողջովին ծառապատ էր ճանապարհի Աղավնո–Բերձոր ողջ հատվածը, և ծառերն արդեն բերքով ծանրաբեռնված էին։ Բոլոր ստեղծված պուրակներում նաև հուշաքարեր, հուշարձաններ, հուշաղբյուրներ էին տեղադրված։ Այդ գեղեցիկ ու հայրենանվեր ձեռնարկների ընթացքում տնկվել է ավելի քան 10000 ընկուզենի, ինչպես նաև սոսենիներ։
20-ից ավելի պուրակ ու ծառուղիներ հիմնվեցին նշված տարածքներում՝ նվիրված հայ մշակույթի գործիչներին, Արցախյան գոյամարտի հերոսներին, բարերարների ծնողների հիշատակին և այլն։ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի, Լեոնիդ Ազգալդյանի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի անվան պուրակների հարևանությամբ նաև հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քոքսի, Թեսա Հոֆմանի, ԵՊՀ 100-ամյակի, Արցախյան շարժման 25-ամյակի, ինչպես նաև հիմնադրամի բարերարների անունով հիշատակի պուրակներն ու ծառուղիները։
Արցախ այցերի ընթացքում ԵՊՀ ուսանողները նաև այցելում էին զորամասեր, հեռավոր բնակավայրեր, համերգներ տալիս զինվորների, բնակիչների համար, իրականացնում այլ կարևոր ծրագրեր։
Ծիծեռնավանք եռանավ բազիլիկ եկեղեցու հիմնական վերականգնողական աշխատանքներն ու վերաօծումն իրականացվել են 2001 թվականին։ Աշխատանքներն իրականացվեցին սփյուռքահայ բարերարներ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների, ինչպես նաև Հակոբ և Ռուդի Ալթիփարմակյանների ֆինանսավորմամբ։ Գործընթացին մեծապես աջակցել են Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանն ու պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Հիմնադրամը մեծ աջակցություն է ցուցաբերել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու շինարարությանը։
ԳՄՔԲԸՀ-ի հիմնադրման 30-ամյակի առթիվ 2026 թ․ հոկտեմբերի 14-ին գործադիր տնօրենի աշխատասենյակում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի (նախագահ՝ պրոֆեսոր Արծրուն Ավագյան) նիստ, որին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի անդամներ, բարերարներ Զարեհ Մարտինը, Թոնի Կահվեն, Բագրատ Նազարյանը։ Քննարկվեցին հետագա անելիքները։ Խորհրդակցությունից հետո Գ․ Մելիքյանը, հիմնադրամի՝ ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչ, խորհրդի անդամ Արմոնդ Վարդանյանը և Զարեհ Մարտինը, լոնդոնաբնակ բարերարներ Բագրատ Նազարյանը և Թոնի Կահվեն, խորհրդի նախագահ պրոֆ․ Արծրուն Ավագյանը, խորհրդի անդամներ պրոֆ․ պրոֆ․ Սամվել Մուրադյանը և Մարատ Գրիգորյանն այցելեցին Արցախից բռնի տեղահանված, հիմնադրամի շահառու Արևիկ Գրիգորյանի և Էռնեստ Խոսրովյանի՝ 9 երեխա ունեցող, ինչպես նաև Բերձորից բռնագաղթված 12 երեխա ունեցող Քրիստինե Ամյանի ընտանիքներին։
Բռնի տեղահանումից հետո ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Շահումյան գյուղում է բնակություն հաստատել Քրիստինե Ամյանի ընտանիքը՝ 12 երեխայով։ Հաճախ են հիմնադրամի գործադիր տնօրենը, խորհրդի անդամներն այցելում մարզերում բնակվող շահառու ընտանիքներին, ծանոթանում բնակության պայմաններին, խնդիրներին։ Այս անգամ նաև բարերարները ծանոթացան 2020 թ․ նոյեմբերի վերջին Բերձորից տեղահանված ընտանիքի պայմաններին։ Էռնեստ Խոսրովյան և Արևիկ Գրիգորյան ամուսիններն ունեն 9 երեխա։ Բռնագաղթվել են 2023 թ․ սեպտեմբերի վերջին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ Այժմ բնակվում են Արագածոտնի մարզի Թալինի համայնքում գտնվող Ներքին Սասնաշեն գյուղում։ Պետական աջակցությամբ կարողացել են տուն ձեռք բերել։ Զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Մեծ որդին 17 տարեկան է։ Որոշ ժամանակ ընտանիքը բնակվում էր Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի համայնքում գտնվող Հերիկ գյուղում։ 2020 թ․ նոյեմբերին տեղափոխվեցին Ճարտար՝ Խոսրովի ծննդավայր։ Բայց ստիպված էին նաև այնտեղից հեռանալ։ Ամբողջ ընթացքում հիմնադրամն աջակցել է ընտանիքին ու շարունակում է։
ԱՄՆ և լոնդոնաբնակ բարերարները գոհ են հիմնադրամի աշխատանքներից։ Հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 17-18-ին, հոգաբարձուների խորհրդի անդամները, գործադիր տնօրենը հերթական անգամ սիրով ընդունեցին շահառուներին՝ Քաշաթաղից տեղահանված ավելի քան 120 բազմազավակ ընտանիքների, և սննդի համապատասխան օգնություն ցուցաբերեցին նրանց։
Այդ օրերին այստեղ էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանը, ամերիկաբնակ Զարեհ Մարտինը, ովքեր սիրով նաև հովանավորում և աջակցում են 30-ամյա հիմնադրամին։ Հոկտեմբերի 24-ին ԳՄՔԲԸՀ գործադիր տնօրեն Գ․ Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա․ Ավագյանը, անդամներ Մ․ Գրիգորյանը, բարերարներ Բ․ Նազարյանը, Թոնի Կահվեն, Ֆրանսիայից խորհրդի անդամ Ալեքսան Կարապետյանը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանն այցելեցին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում բնակվող Սամվել և Ժենյա Օրդուբեկյանների ընտանիք՝ տանելով սննդային աջակցություն և նվեր՝ հեծանիվ նրանց 10-ամյա դստեր համար։ Սամվելի և Ժենյայի Արայիկ որդին նահատակվել է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին Ջրականում՝ հայրենի երկրի սահմանը պաշտպանելիս։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
Հիմնադրամը երախտագիտություն է հայտնում նվիրյալ հովանավորներին, կամավորներին, աջակիցներին, ովքեր սատարում են աստվածահաճո ու նվիրական այս գործին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


































































