Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP-17-ի համատեքստում․ գնահատականներ և հետևություններ» խորագրով քննարկման ընթացքում Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն առնչվող խնդիրները՝ ընդգծելով դրանց փաստագրման, միջազգային հանրության ուշադրության հրավիրման և մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
1000-ից ավելի արձանագրված վանդալիզմի դեպք
Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեպքերին՝ Հովիկ Ավանեսովը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր գրասենյակի հրապարակումներն ու զեկույցներն անդրադառնում են արձանագրված բոլոր դեպքերին։
«Մեր բոլոր հրապարակումները և զեկույցները, որոնք ներկայացնում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, մինչ օրս արձանագրված վանդալիզմի բոլոր դեպքերի մասին են։ Եվ եթե մենք այդ ամենը ընդհանուր հանրագումարի ենք բերում, խոսքը 1000-ից ավելի արձանագրված վանդալիզմի դեպքերի մասին է»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Փաստերի հավաստիությունն ապահովող ապացուցողական բազա
Օմբուդսմենի խոսքով՝ արձանագրված բոլոր դեպքերի վերաբերյալ առկա է բավարար և բազմակողմանի ապացուցողական բազա, որը ներառում է արբանյակային լուսանկարներ, միջազգային հետազոտող կազմակերպությունների զեկույցներ, ազգային և անկախ ակադեմիական հարթակներում հրապարակված գիտական հետազոտություններ, մասնագիտական վերլուծություններ ու փաստագրական ուսումնասիրություններ, ինչպես նաև ադրբեջանական մեդիառեսուրսներում հրապարակված տեսանյութեր և լուսանկարներ։
«Ու այս ամենի ծավալը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ»,- հայտարարել է Ավանեսովը։
Արցախի ձայնը՝ COP-17-ի շրջանակներում
Անդրադառնալով COP-17 միջոցառման շրջանակներում արցախցիներին տաղավարներ տրամադրելու մերժմանը՝ Հովիկ Ավանեսովը նշել է, որ, չնայած այդ սահմանափակմանը, արցախցիները չեն լռում և այս օրերին ներկայացնում են տարբեր փաստեր Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում իրականացված վայրագությունների վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը պետք է դիտարկել նաև բնապահպանական խնդիրների համատեքստում։
«Եվ մենք այս համատեքստին զուգահեռ նաև անդրադարձ ենք կատարում այն տեսանկյունից, որ արգելված զինատեսակների կիրառումը ոչ միայն վնաս է հասցնում կենսաբազմազանությանը, մեր բնական միջավայրին, այլ նաև իր ազդեցությունն ունի այդ լանդշաֆտների շրջանակներում առկա մեր պատմաճարտարապետական հուշարձանների վրա։ Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնց պատմական գերեզմանոցների մերձակայքում բավականաչափ անտառածածկ տարածքներ կան, նույն խնդիրն ունենք վանական համալիրների պարագայում»,- նշել է նա։
«Աղվանականացման» քաղաքականությունը և հայկական պատմական հետքի վերացման վտանգը
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման փաստերին զուգահեռ անհրաժեշտ է անդրադառնալ նաև Ադրբեջանի կողմից իրականացվող յուրացման քաղաքականությանը։
«Այս շրջանում շատ է խոսվում աղվանականացման թեզի մասին, բայց պետք է արձանագրենք, որ սա նոր երևույթ չէ. առնվազն 1950–60-ական թվականներից է ձևավորվել։ Բայց եթե այն ժամանակահատվածում այս կեղծ թեզի աշխարհագրությունը սահմանափակվում էր Արցախով, Ուտիքով, Նախիջևանով, ապա առնվազն 2000-ականների սկզբից մինչ օրս ներառում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը, Վրաստանի տարածքում գտնվող հայկական տասնյակ եկեղեցիներ։ Եվ նույն վտանգն է սպառնում նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն»,- նշել է նա։
«Աղվանական» հռչակումը չի երաշխավորում հուշարձանների անվտանգությունը
Անդրադառնալով այն մոտեցմանը, թե Ադրբեջանի կողմից «աղվանական» հռչակված հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին վտանգ չի սպառնում՝ օմբուդսմենը նշել է, որ նման պնդումները հերքվում են բազմաթիվ փաստերով։
«Ես պետք է հիասթափացնեմ նման մոտեցում ունեցող մեր որոշ գործընկերներին և ընդհանրապես այս մոտեցումով կիսվող միջազգային փորձագետներին, որովհետև բազմաթիվ հակառակ ապացույցներ ունենք։
Նախիջևանի պատմաճարտարապետական ժառանգությունը դրա ապացույցն է, Արցախի տարածքում առնվազն վերջին արձանագրված դեպքերը այդ մասին են վկայում։ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին որակում էր որպես աղվանական, հիմա ոչ եկեղեցին կա, ոչ գյուղը։ Նույն որակումը տրվում էր նաև Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն, որը ևս հիմնովին ավերված է։
Եվ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակն ամբողջ տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է»,- հավելել է Հովիկ Ավանեսովը։
Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է
Օմբուդսմենը նշել է, որ գրասենյակի բոլոր հրապարակումներում հիմնական շեշտադրումն այն է, որ Արցախում ոչնչացվող ժառանգությունը միայն հայկական մշակութային ժառանգություն չէ, այլև համամարդկային արժեք ներկայացնող ժառանգություն։
Յուրաքանչյուր նման արձանագրված դեպք հարված է ոչ միայն հայկական ինքնությանը, այլև ամբողջ քաղաքակրթությանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին ներկայացված փաստագրական նյութերը
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պատասխանատուների՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անտեղյակության մասին հայտարարություններին՝ Հովիկ Ավանեսովը նշել է, որ նման պնդումները չեն համապատասխանում փաստերին։
«Եվ այս համատեքստում, երբ մենք տեսնում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պատասխանատուների պատասխանը, թե մենք տեղյակ չենք՝ Արցախում ինչ է կատարվում, նման հայտարարություն անողները բացառապես ստում են։
Ես ընդամենը մի օրինակ բերեմ՝ միայն մեր գրասենյակի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին 30-ից ավելի փաստագրական տեքստեր և զեկույցներ են ուղարկվել։
2025 թվականին Նիդերլանդներում գործող «Նիդերլանդական օրագիր» կայքի հետ համատեղ Արցախի և Նախիջևանի հետ կապված մոտ 30-էջանոց զեկույց ենք ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ին, որտեղ բոլոր դեպքերը փաստագրված են՝ հղումներով, արբանյակային լուսանկարներով։
Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ պետք է ընդգծենք, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը նաև դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։
Իսկ ինչպես գիտենք, պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն՝ հաշվի առնելով, որ դեռևս 1968 թվականին պատերազմական հանցագործների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիա է ընդունվել։
Եվ մեր ամենակարևոր խնդիրը պետք է լինի այն, որ չսպասենք, թե Ադրբեջանն այլ ինչ հուշարձան է ոչնչացնելու, թե Ադրբեջանն այլ ինչ հուշարձան է որպես աղվանական ներկայացնելու կամ այլ ձևակերպումներով։
Մենք մեր պատմական ժառանգությունը պետք է ներկայացնենք բոլոր հնարավոր հարթակներում»,- հայտարարել է նա։
Մշակութային ժառանգության քաղաքականացումը՝ հակահայկական նպատակներով
Անդրադառնալով Վիեննայում Արցախի համույթների մասնակցությունն արգելելու միջադեպին՝ Հովիկ Ավանեսովը նշել է, որ նման դեպքերը վկայում են Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության հարցերի քաղաքականացման և հակահայկական նպատակներով օգտագործման մասին։
«Սա խոսում է այն մասին, որ մշակութային ժառանգության հետ կապված խնդիրները Ադրբեջանն օգտագործում է հակահայկական քաղաքականության նպատակով։
Եվ այս համատեքստում նույն տիրույթում է նաև Ինտերպոլին ուղղված այսպես ասած դիմումը՝ Դադիվանքի խաչքարերի հետ կապված։
Մեր հիմնական արձանագրումը, շեշտադրումը եղել է այն, որ Ինտերպոլը նման հարցերին խառնվելու իրավունք չունի»,- ասել է նա։
Միջազգային համագործակցության ընդլայնում
Հովիկ Ավանեսովը նշել է, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ գրասենյակը համագործակցում է միջազգային շրջանակների և փորձագետների հետ։
«Մենք համագործակցություն ունենք հատկապես Գերմանիայում Բունդեսթագի պատգամավորների հետ, «ՀայաՔվե»-ի շնորհիվ մենք որոշակի կապեր ունենք նաև Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ։ Այսինքն՝ այս շրջանակը գնալով ընդլայնվում է»,- նշել է նա։
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության խնդիրը պահանջում է միջազգային հանրության հետևողական ուշադրություն, փաստերի համակողմանի ուսումնասիրություն և գործուն քայլեր։
Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման յուրաքանչյուր փաստ պետք է արձանագրվի, փաստագրվի և ներկայացվի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում՝ ապահովելու միջազգային պատասխանատվության և արդարության հաստատումը։
Ելույթի ընթացքում ներկայացված առանցքային դրույթներին, փաստերին և գնահատականներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



















































