Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի համայնքի ղեկավարը հարցաքննվել է որպես վկա, նա դուրս եկավ ՀՔԾ-ից

Հուլիս 07,2021 20:23 Share

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը չի ձերբակալվել, նրան բերման էին ենթարկել, քանի որ ունի վկայի կարգավիճակ եւ հարցաքննվում է Քարահունջի վարչական Լուսինե Ավետյանի գործով։ Այս մասին տեղեկացրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Գորիսի համայնքի ղեկավարի ձերբակալության մասին հայտարարել էր նրա տեղակալ Իրինա Յոլյանը։

Հիշեցնենք, որ Քարահունջ  բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու կասկածանք է ներկայացվել:

Ըստ ՀՔԾ-ի՝ Ավետյանը Քարահունջի 4 բնակիչների այս տարվա մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի Գորիսի հանրահավաքին, հետո էլ նրանց ստիպել մասնակցել ընտրություններին ու ընտրել նույն դաշինքին։ Քարահունջի մեկ այլ բնակչի էլ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է կազմակերպել՝ սոցիալական առողջական խնդիրների լուծման համար, հետո այդ բնակչին ու նրա ամուսնուն գումարը ներկայացրել որպես ընտրակաշառք՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին՝ ապա ընտրությանը մասնակցելու դիմաց։

Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտարարել է, որ փոխհամաձայնությամբ հրաժարվել է պաշտպանել Ավետյանի շահերը։ Իսկ armlur.am-ի  տեղեկություններով, Քարահունջի վարչական ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ նրան առաջարկվել է ցուցմունք տալ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ։

Նշենք, որ մի այլ գործով, Առուշանյանն արդեն ամբաստանյալի կարգավիճակ ունի, գործը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում է, դատական  նիստի օրը դեռ չի նշանակվել։ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3-րդ մասի 1-ին կետ (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (Ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Մի այլ գործով էլ նյութեր են նախապատրաստվում, ըստ որոնց՝ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը 2020թ. հունվարից մինչեւ 2021թ. հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել եւ հաստատել են շուրջ 91 որոշումներ,, որոնցով Գորիս համայնքի 836 բնակչի, որպես դրամական աջակցություն հատկացված 59.575.000 դրամը մեծամասամբ վատնվել է՝ այն տրամադրվելով ակնհայտ ապահովված անձանց, ինչպես նաեւ պարզվել է նույն անձանց մի քանի անգամ դրամական աջակցության տրամադրման դեպքեր:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031