Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան․ «ԳԱԱ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել գործող իրավական փաստաթղթերի հիման վրա՝ առանց խախտումների»․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 10,2021 10:10

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, գործող նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը, արձագանքելով ԳԱԱ նախագահի թեկնածուներից Լենսեր Աղալովյանի այն պնդմանը, թե հունիսի 28-ին ԳԱԱ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կոպիտ խախտմամբ, նշում է, որ ընտրությունը տեղի է ունեցել գործող իրավական փաստաթղթերի հիման վրա՝ առանց խախտումների:

«ԳԱԱ մասին օրենքը եւ ԳԱԱ կանոնադրությունը (երկուսն էլ ընդունվել են Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության օրոք՝ 2011 թվականին-խմբ.) Կառավարության կողմից հաստատված փաստաթղթեր են, եւ ընտրությանը շարժվել ենք գործող իրավական փաստաթղթերով»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը մեր զրույցում նշել էր, որ ընտրությունը տեղի էր ունեցել մի շարք խախտումներով: Մասնավորապես նա խախտում է համարում ԳԱԱ նախագահի ընտրության այն կարգը, ըստ որի՝ եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ընտրությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությունը, ընտրության երկրորդ փուլ է անցնում այն մեկ թեկնածուն, որը ստացել է ընտրության մասնակիցների առավելագույն ձայները: Այս կարգը, սակայն, Աղալովյանի պնդմամբ, երկրորդ փուլի անցկացման տրամաբանությունը իմաստազրկում է։ Ու բացի դրանից՝ կարգը ժամանակին հաստատվել է միայն նախագահության որոշմամբ եւ չի ներկայացվել ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի հաստատմանը, որը եւս Լենսեր Աղալովյանը համարում է խախտում։

Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ ԳԱԱ նախագահի ընտրության կարգը հաստատելը միայն նախագահության գործառույթների մեջ է, իսկ Ընդհանուր ժողովն ունի այլ գործառույթներ, այդ թվում՝ նախագահության հաշվետվության հաստատելը կամ չհաստատելը: Նրա խոսքով՝ Ընդհանուր ժողովը գումարվում է տարին առնվազն մեկ անգամ, ու Ընդհանուր ժողովում հաստատելով նախագահության հաշվետվությունը, ավտոմատ կերպով հաստատվել է նաեւ այդ կարգը: Այսինքն՝ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ նախագահության գործառույթների միջոցով այդ կարգն իհարկե հաստատվել է Ընդհանուր ժողովում:

«Կանոնադրությունը հաստատվել է 2011 թվականին, հաստատվելուց հետո այն դրվել է կայքում, գաղտնի չէ: Աբսուրդը նրանում է, որ նա (նկատի ունի Լենսեր Աղալովյանին-խմբ.) ինձ հետ մասնակցել է նաեւ 2011 թվականի ընտրություններին, որը տեղի է ունեցել համաձայն այս կարգի: Այս դեպքում ասել, թե կարգին ծանոթ չեմ եղել, ես դա չեմ հասկանում. ուրեմն ակադեմիկոսը մասնակցում է ընտրություններին եւ չգիտի՞ այդ կարգի մասին»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ռադիկ Մարտիրոսյանը չհերքեց, որ ինքն ու նորընտիր ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մտերիմ ընկերներ են:

«Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, որ մտերիմ ու միեւնույն ժամանակ լավ մարդիկ ընտրվեն»,-ասաց նա։

ԳԱԱ նախագահի խորհրդականը նշեց նաեւ, որ նիստի ընթացքում ինքը փոքր հաշվետվություն է ներկայացրել, եւ կադրերի երիտասարդացման հարցի ներկայացման ժամանակ ասել է, որ այսօր շատ կարևորում է այդ խնդիրը:

Հարցին, թե սա ուղիղ հրահա՞նգ չէ ընտրությունից անմիջապես առաջ ընտրելու ամենաերիտասարդ թեկնածուին՝ Աշոտ Սաղյանին, Ռադիկ Մարտիրոսյանի փոխարեն արձագանքեց ակադեմիայի թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը, որը ներկա էր մեր զրույցին:

Նա բացառեց այդ հանգամանքը՝ նշելով, որ զեկույցից հետո ելույթներ ունեցան շատ ակադեմիկոսներ, որոնք եւս խոսեցին կադրերի երիտասարդացման անհրաժեշտության մասին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031