«Եթե անգամ ադրբեջանական զինված ուժերը մի շաբաթ ոչինչ չանեն, հարցը չի վերանալու։ ՀՀ քաղաքացիների իրավունքները մնում են ոտնահարված։ Անգամ եթե մեկ ամիս չկրակեն, կյանքի իրավունքն է ոտնահարվում։ Նրանց ներկայությունը ՀՀ միջպետական ճանապարհներին այդ իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Ճանապարհը փակելով՝ նրանք լավ տեղյակ են եղել ՀՀ-ի այլընտրանքային ճանապարհներից։ Միայն մեկ հատվածում հիսունից ավելի զինծառայող էր փակել ճանապարհը»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր անդրադառնալով Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին գտնվող ադրբեջանական ԶՈՒ-ի խախտումներին՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ անընդունելի են պնդումները, թե Ադրբեջանի սահմանապահներին չի կարելի նույնացնել նրանց ԶՈՒ ծառայողների հետ․ «Կապ չունի՝ սահմանապա՞հ են, թե ոչ։ Նրանք զենքով մարդիկ են։ Ես իմ գնահատականներում օբյեկտիվ եմ։ Մի շփոթեք մեր սահմանապահների հետ։ Նրանք իրենց գործառույթն են անում՝ հաստատված միջազգային փաստաթղթերով։ Հայկական կողմը պահպանում է բոլոր կանոնները։ Բայց այս ամենով հանդերձ՝ մենք ունենք Ադրբեջանի կողմից շարունակվող խախտումներ։ Կապանից Ճակատեն-Շիկահող-Սրաշեն ճանապարհին եւս ազատ տեղաշարժը սահմանափակված է»։
Թաթոյանը շեշտեց, որ Արցախում էլ Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների բնույթը եւ քաղաքականությունը նույնն է, ոչինչ չի փոխվել․ «Պատճառն անպատժելիությունն է։ Իրենց իշխանությունները ոչ միայն նրանց չեն պատժում, այլեւ խրախուսում են։ Նրանք ցուցադրաբար եւ բարձր աստիճանի ցինիզմով են արել բոլոր հանցագործությունները։ Համոզված եմ, որ նրանք չեն հանգստանալու։ Գուցե մեկ կամ երկու ամիս, բայց չեն հանգստանալու, մինչեւ մենք պաշտպանության ամուր միջազգային մեխանիզմներ չներդնենք։ Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ինձ երբեմն ասում են՝ վերջը ո՞նց է լինելու, մի տարածաշրջանում եք ապրում։ Ես էլ ասում եմ՝ կարեւոր է, որ լինի խաղաղություն, բայց քանի դեռ ունենք Ադրբեջանի իշխանության կողմից թշնամանքի եւ ատելության խորքային քաղաքականություն, խախտումները շարունակվելու են։ Նրանք պետք է պատժվեն։ Ինչպե՞ս հանդուրժել, որ երեխադ խաղում է մի տարածքում, որտեղ երեք երկրի զորք կա։ Դուք կհանդուրժեի՞ք․․․»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































