Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոփփեռ» ՍՊԸ-ի եւ Ավան վարչական շրջանի ղեկավարի «գաղտնի» համաձայնությունը

Սեպտեմբեր 16,2021 16:46

«Քոփփեռ» ՍՊԸ-ն պատրաստվում է Երևանի Ավան վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Աճառյանի 2 փակուղի հասցեում, ձուլման տեղամաս հիմնել: Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախատեսված էր «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման 4-րդ փուլը, որը, սակայն, տապալվեց։ Խնդիրն այն է, որ նախորդ երեք փուլերում քննարկումները իրականացվել են «գաղտագողի», թեեւ առկա են արձանագրություններ եւ տեսաձայնագրություններ՝ հանրային քննարկումների մասին:

Այսօր նախատեսված հանդիպմանը մասնակցում էին Ավան վարչական շրջանի բնակիչներ, որոնք տարբեր լրատվամիջոցներից էին տեղեկացել համայնքում պղնձաձուլարանի կառուցման եւ կայացած հանրային քննարկումների մասին: Հանդիպմանը մասնակցող Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը չհամաձայնեց բնակիչների այն պնդումներին, որ նախորդ երեք հանրային քննարկումների մասին պատշաճ իրազեկում չի իրականացվել: Քննարկումը վերածվեց բնակիչների եւ պաշտոնյաների միջեւ վեճի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, այս քննարկմանը չէր մասնակցում Ավան վարչական շրջանի ղեկավարը: Քննարկումը վարում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Պետրոսյանը: Վերջինս ասաց, որ վարչական շրջանի ղեկավարն այլ քննարկման է մասնակցում: Բնակիչները բացատրություններ էին պահանջում նախարարության եւ համայնքապետարանի աշխատակիցներից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագծվող ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը: Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր և ձուլուկներ: Ըստ Շրջակա միջավայրի նախարարի 25.12.2006թ. 430-Ն և 26.10.2006թ. 342-Ն հրամաններին կից վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի` չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասի:

Տեղամասը նախատեսում է կազմակերպել նախկին արդյունաբերական գոտու տարածքում, գոյություն ունեցող շինությունում՝ 170մ2 վրա: Ըստ Ecolur-ի, մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ:

Աղտոտող նյութերի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան մոտ 104.6 հազար դրամ: Հաշվետվությունում նշված է, որ ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն: Ինչպես խմելու-տնտեսական, այնպես էլ արտադրական կարիքների համար օգտագործվելու է խմելու ջուր քաղաքի ջրմուղու համակարգից: Որպես թափոն ալյումինի ջարդոնի վերաձուլման արդյունքում կառաջանա 1,5 տոննա խարամ, որն իրենից ներկայացնում է մետաղական ալյումինի և դրա օքսիդների խառնուրդ: Տարեկան 1,8 տ մաշված թուջե կաղապարների ջարդոն կառաջանա թուջե կաղապարների մաշվածության պատճառով: Թուջե կաղապարների բաղադրությունն է՝ երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, սիլիցիում, մանգան, պղինձ, նիկել, տիտան: Ձուլման տեղամասում աշխատելու է 18 մարդ: Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին:

Նախագծի հեղինակ Արայիկ Նիկողոսյանն ասաց, արտադրամասը 40-50 մետր քառակուսի տարածք է զբաղեցնելու եւ տեղակայված է արտադրական տեղամասի համար նախատեսված վայրում: Հայաստանում սահմանված նոր կարգի համաձայն, մետաղի ջարդոններն այլեւս չի թույլատրվում հանրապետությունից դուրս տանել,  այսուհետ կարտահանվեն միայն ձուլվածքները, այդ պատճառով էլ տվյալ վայրը, որը նախկինում մետաղների ջարդոնի ընդունման կետ էր, կվերածվի ձուլարանի: Նա հավաստիացրեց, որ ձուլման գործընթացն անվնաս է, հավելանյութեր չեն առաջանում, իսկ արտանետումները չեն գերազանցում թույլատրելիի սահմանը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագծի հեղինակ Արայիկ Նիկողոսյանը նաեւ ասաց, որ այդ տարածքում նախկինում  արտադրամաս եղել է, բայց ձուլարան չի եղել ու հիմնավորեց, թե ինչո՞ւ է հատկապես այդ տարածքում նախատեսվում ձուլարանի կառուցումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կրքերն անընդհատ թեժանում էին եւ հարցուպատասխանը վերածվում էր վեճի ու գոռգոռոցի: Քննարկումը համակարգող Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ընդունեց առաջարկը՝ քննարկումը համարել չկայացած, շահագրգիռ կողմերին տրամադրել առկա փաստաթղթերը եւ մեկ ամիս հետո նոր քննարկում հրավիրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանն ավելի ուշ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին՝ ի՞նչ հետեւանք է առաջանում, եթե համայնքը համաձայնություն չի տալիս, ասաց, որ այդ դեպքում իրենք տալիս են բացասական եզրակացություն եւ նախատեսվող կառուցապատումը չի իրականացվում. «Եթե երեք անգամ համայնքը համաձայնություն տված չլիներ, հանրային քննարկում երբեք չէր կայանա»: Նա ասաց նաեւ, որ այս գործին վերաբերվող փաստաթղթաշրջանառությունը պատկան գերատեսչությունների միջեւ եղել է 2021 թվականին: Ըստ պաշտոնյայի, դրական թույլտվության վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 9-ին. «Եթե այս հանրային քննարկումը տեղի չունենար, մենք, օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնին գրությամբ կդիմեինք՝ 30 աշխատանքային օր երկարացնելու: Եթե պատվիրատուի կողմից հայտը չի լրամշակվել, ըստ օրենքի, նորից իրավունք ունեինք դիմել եւ 10 աշխատանքային օր երկարացնելու: Եթե դա էլ չի իրականացվել, օրենքով սահմանված կարգով, տալիս ենք բացասական եզրակացություն: Բայց այս պարագայում, հանրային քննարկում իրականացվել է»: Նախարարության պատասխանատուն պնդում է, որ օրենքը չի սահմանում նոր հանրային քննարկում կազմակերպելու իրավունք:

Ըստ հավաքվածների խոսակցությունների, քննարկմանը մասնակցում էր նաեւ «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, որը, կրքերը թեժանալուն պես, արագ հեռացել է դահլիճից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930