Եվրոպական միության Գերագույն Ներկայացուցչի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր Քարտուղարի համատեղ հայտարարություն
Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա առիթով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են մահապատժին իրենց խիստ դեմ լինելը բոլոր ժամանակներում և բոլոր հանգամանքներում:
Մահապատիժը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պատժամիջոց է, որը հակասում է կյանքի իրավունքին: Դրա վերացումն ունի հիմնարար նշանակություն երաշխավորելու մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը:
Այս տարվա Համաշխարհային օրը նվիրված է կանանց: Թեև կանայք աշխարհում կայացրած մահապատիժների թվում փոքր տոկոս են կազմում, գենդերային հիմքով խտրականությունը շարունակում է ազդեցություն ունենալ կանանց վրա քրեական արդարադատության համակարգի բոլոր մակարդակներում: Որոշ երկրներում մահապատժի դատապարտված կանանց թիվը ավելի բարձր է, քան տղամարդկանցը` սեռական բարոյականության հետ կապված հանցագործությունների, օրինակ՝ դավաճանության համար: Ավելին, քրեական գործընթացի ընթացքում հազվադեպ են հաշվի առնվում գենդերային հիմքով կատարված բռնության և հանցանքի հետ կապված մեղմացուցիչ հանգամանքները:
Մահապատժի վերացումն առաջին հերթին քաղաքական կամքի հարց է: Մենք ողջունում ենք այն փաստը, որ մարդկանց մահապատժի ենթարկող երկրների թիվը շարունակում է նվազել: Անցյալ տարի մահապատիժ չի կայացվել 176 երկրներում, ինչը կազմում է ՄԱԿ-ի անդամ պետությունների 91 տոկոսը: Ամեն տարի աշխարհում մահապատժի վերացմանն ուղղված նոր քայլեր են կատարվում: Հոկտեմբերի 8-ին Սյերա Լիոնեն նույնպես վերացրել է մահապատիժը: Այս տարի մահապատիժը վերացվեց ևս Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում: Նախագահ Բայդենի մտադրությունը վերացնել մահապատիժը Միացյալ Նահանգներում դաշնային մակարդակում, ինչպես նաև Արդարադատության նախարարի որոշմամբ մահապատիժ չկայացնելու մորատորիումը հանդիսանում են կարևոր քայլեր ապագայի համար: Հայաստանը վավերացրել է մահապատժի վերացման երկրորդ կամընտիր արձանագրությունը, իսկ Ղազախստանը դրա վավերացման ավարտական փուլում է: Մենք հորդորում ենք Բելառուսին քայլեր ձեռնարկել մահապատժի վերացման ուղղությամբ:
Վերջապես, մահապատժի վերացման համար հատկապես կարևոր նշանակություն ունի մահապատժի իրականացման համար օգտագործվող ապրանքների վաճառքի դադարեցումը: Անդրադառնալով Եվրամիության «Հակախոշտանգումների մասին որոշմանը», Եվրոպայի խորհուրդն այս տարի ընդունեց հանձնարարական, որի նպատակն է կանգնեցնել այս սարսափելի առևտրում եվրոպական մասնակցությանը (Հանձնարարական CM/Rec(2021)2 «մահապատիժ, խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ առժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ իրականացնելու միջոցների մասին»): Մենք խրախուսում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին ի կատար ածել այն: Հույս ենք հայտնում, որ Եվրոպայի խորհրդի այն անդամ պետությունները, որոնք դեռևս չեն միացել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան արձանագրություններին, անհապաղ կանեն դա:
«Առանց խոշտանգումների առևտրի համաշխարհային դաշինքը» այսօր ընդգրկում է 62 պետություն: Կոչ ենք անում բոլոր պետություններին անդամակցել դրան և ձեռնարկել միջոցներ խոշտանգումներից զերծ առևտրի համընդհանուր միջազգային չափանիշներ սահմանելու ուղղությամբ:
2022 թվականի Մահապատժի դեմ համաշխարհային համագումարի նախաշեմին մենք շարունակելու ենք աջակցել մահապատժի՝ ընտանիքների ու հասարակությունների վրա սարսափելի ազդեցությանը վերաբերող ընդլայնված հանրային քննարկումներին և իրազեկման միջոցառումներին: Մենք չենք դադարեցնելու մեր աշխատանքը և մեր զգոնությունը, և մեր երկխոսությունը նրանց հետ, ով դեռ չեն վերացրել մահապատիժը, ինչպես նաև մեր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը և ոչ-կառավարական կազմակերպություններին մինչ մահապատժի վերջնական վերացումը:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















































