Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում․ ՀՔԱՎ

Հոկտեմբեր 10,2021 17:40 Share

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։

Հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական խումբը, որի անդամ է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, օրերս, օրվան ընդառաջ, ասուլիս ունեցավ և ներկայացրեց ՀՀ հոգեբուժական հաստատությունների վիճակը՝ նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում։

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև հոգեբուժական հաստատությունների՝ COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրները և սոմատիկ (մարմնական, ֆիզիկական) հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակը։ Հիմքում COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․) ծրագրի շրջանակում խմբի մշտադիտարկումների արդյունքներն ամփոփող զեկույցն է։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:

Ուսումնասիրության նպատակն է գնահատել հոգեբուժական հաստատություններում անձանց սոմատիկ հիվանդությունների բուժսպասարկման վիճակը համավարակի պայմաններում` հիմնվելով իրականացված այցերի և հավաքագրված տվյալների վերլուծության վրա։ Մասնավորապես, ուսումնասիրությամբ ներկայացվում է, թե ինչպիսի կարգավորումներ գոյություն ունեն, արդյոք դրանք պատշաճ գործում ու պահպանվում են, հիմնական խոչընդոտները, որոնց բախվում են բուժում և խնամք ստացող անձինք ու հաստատությունները, ներկայացվում են ոլորտը բարելավելուն և կանոնակարգելուն ուղղված առաջարկություններ՝ վերհանելով լավագույն փորձը, առկա բացերն ու խնդիրները։

Ուսումնասիրությունն անդրադառնում է Հայաստանի 7 հոգեբուժական հաստատություններում COVID-19 համավարակի պայմաններում դիմելիության, ստացիոնար բուժման հասանելիության, համավարակին դիմակայելու պատրաստվածության հարցերին, ինչպես նաև՝ բուժում ու խնամք ստացող չափահաս անձանց սոմատիկ (մարմնական, ֆիզիկական) հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը։

Ուսումնասիրության շրջանակում կատարվել է օրենսդրության վերլուծություն, հարցազրույցներ անձնակազմի և բուժում ու խնամք ստացող անձանց հետ, ուսումնասիրվել են սոմատիկ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը վերաբերող փաստաթղթեր, կատարվել է դեղորայքային ապահովվածության և տարածքի դիտարկում։ Նաև տեղեկատվական հարցումներ են ուղարկվել համապատասխան հաստատություններ և ՀՀ ԱՆ։

Զեկույցի առաջին գլխում ամփոփ տեղեկատվություն է ներկայացված Հայաստանի հոգեբուժական հաստատությունների մասին։ Անդրադարձ է կատարվում Հայաստանում հոգեբուժական համակարգի կառուցվածքին և բնակեցվածությանը։

Երկրորդ գլուխն անդրադառնում է հոգեբուժական ստացիոնար բուժման հասանելիությանը COVID-19-ի պայմաններում, դիմելիության միտումների գնահատմանը, COVID-19-ի կանխարգելման և վերահսկման, հոգեբուժական հաստատություններին անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության խնդրին, ինչպես նաև COVID-19-ի դեմ պատվաստման իրականացման ընթացքին։

Երրորդ գլխում վերլուծված են բուժում և խնամք ստացող անձանց սոմատիկհի վանդությունների վերահսկումը և կանխարգելումը կարգավորող միջազգային չափորոշիչները և ներպետական օրենսդրությունը։

Չորրորդ գլուխը վերաբերում է սոմատիկ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը։ Ներկայացվում են հաստատություններում մահացության ցուցանիշները, հիմնական պատճառները, հաստատությունների համալրվածությունը դեղորայքով, սարքավորումներով և նեղ մասնագետներով, սոմատիկ հիվանդությունների վերահսկումը, կանխարգելումն ու COVID-19-ով պայմանավորված խնդիրներն ու փոփոխությունները։

Զեկույցն ամփոփվում է հիմնական եզրահանգումներով և առաջարկություններով։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։

ՀՔԱՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031