Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածների խնդիրը շարունակում է մնալ չլուծված արդեն ավելի քան երեք տասնամյակ․ ՀՔԱՎ

Օգոստոս 29,2026 18:30 Share

2010 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 65/209 բանաձևով խորը մտահոգություն արտահայտելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում բռնի անհետացման դեպքերի աճի կապակցությամբ և ողջունելով «Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայի» ընդունումը՝ որոշեց օգոստոսի 30-ը հռչակել բռնի անհետացման զոհերի միջազգային օր:

Օգոստոսի 30-ը հերթական հիշեցումն է, որ զինված հակամարտությունների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրի պարզումը ոչ միայն մարդասիրական խնդիր է, այլև միջազգային իրավունքի պահանջ և պետությունների ստանձնած պոզիտիվ պարտավորություն։ Յուրաքանչյուր անհայտ կորած անձի հետևում կանգնած է ընտանիք, որը տարիներ, հաճախ՝ տասնամյակներ շարունակ ապրում է անորոշության մեջ՝ զրկված լինելով ճշմարտությունն իմանալու իր հիմնարար իրավունքից։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 հոգի, որից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 հոգի, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ներկայումս անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 19-ը քաղաքացիական անձինք են, իսկ 172-ը՝ զինծառայողներ։

Անհայտ կորածների խնդիրը շարունակում է մնալ չլուծված արդեն ավելի քան երեք տասնամյակ։ Սակայն այսօր առավել ակնհայտ է դարձել, որ դրա լուծման հիմնական խոչընդոտը ոչ թե իրավական կամ տեխնիկական հնարավորությունների բացակայությունն է, այլ քաղաքական կամքի պակասը, հատկապես՝ Ադրբեջանի կողմից։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շուրջ 20 տարվա ջատագովության արդյունքում 2026 թվականի մարտի 4-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք)՝ առաջին անգամ ստեղծելով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համապարփակ իրավական հիմք։

Օրենքի ընդունումը կարևոր քաղաքական ուղերձ էր․ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ինստիտուցիոնալ և իրավական մակարդակով լուծել անհայտ կորած անձանց հարցերը՝ դրանք դիտարկելով ոչ թե բացառապես անվտանգության կամ քրեական արդարադատության, այլ առաջնահերթ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Հայաստանը կատարել է կարևոր քայլ, սակայն միայնակ չի կարող լուծել խնդիրը։

Նմանատիպ իրավական կարգավորման բացակայությունը Ադրբեջանում շարունակում է խոչընդոտել երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցությանը։ Հայաստանում և Ադրդբեջանում համադրելի իրավական կարգավորումների բացակայության պայմաններում դժվար է ձևավորել կայուն և փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված երկխոսություն։

Հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի կառավարության վարքագծի փոփոխությունը երեք տասնամյակ առաջ և հիմա. ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը տարիներ շարունակ անհայտ կորածների թիվը (շուրջ 4000), նրանց ընտանիքների խնդիրները ակտիվորեն բարձրացնում էր միջազգային հարթակներում՝ այն օգտագործելով նաև որպես զուտ քաղաքական ճնշման գործիք։ Այդ ընթացքում մարդասիրական խնդիրը չէր տարանջատվում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացից։

Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները հակամարտությունը հայտարարեցին «լուծված», Ադրբեջանի մոտեցումը էականորեն փոխվեց։ Անհայտ կորածների հարցը գործնականում դուրս մնաց Ադրբեջանի կառավարության օրակարգից և պետական առաջնահերթություններից։ Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի հետևանքով ներկայումս անհայտ կորած 6 անձի մասին։ Ադրբեջանական կողմը չի ցուցաբերում անհրաժեշտ պատրաստակամություն անհայտ կորածերի հարցի վերաբերյալ Հայաստանի հետ երկխոսություն ծավալելու, երկու կողմերի անհայտ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման և համատեղ փաստահավաք աշխատանքի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ անհայտ կորածների հարցը չի կարող կախված լինել կողմերի քաղաքական հարաբերությունների մակարդակից կամ խաղաղության գործընթացի ընթացքից, քանի որ այն մարդասիրական խնդիր է։ Իսկ միջազգային մարդասիրական իրավունքը հստակ պահանջում է, որ պետությունները համագործակցեն նույնիսկ ամենաբարդ քաղաքական պայմաններում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ քաղաքական երկխոսության սահմանափակ հնարավորությունների պայմաններում առավել մեծ նշանակություն են ստանում միջազգային կառույցներն ու մեխանիզմները։ Այնպիսի կառույցներն, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդ, Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP), ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խումբը (WGEID), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հանձնակատարը, այնպիսի մեպխանիզմները, ինչպիսիք են Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված միջազգային մարդասիրական մեխանիզմները, ԵԱՀԿ-ի մարդասիրական հարթակներն ու վստահության կառուցման գործիքները, Եվրոպական միությունը՝ իր մարդու իրավունքների և վստահության կառուցման նախաձեռնությունների միջոցով կարող են և պետք է ջանքեր գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ համագործակցության և երկխոսության ձևավորման ուղղությամբ։

Այս կառույցների ներգրավմամբ անհրաժեշտ է ձևավորել կայուն և շարունակական երկխոսություն, որը պայմանավորված չի լինի քաղաքական զարգացումների ընթացքով։

Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև ICMP-ի նախագահի Քեթրին Բոմբերգերի 2026 թվականի հունիսի 30-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների միասնական բազայի ստեղծման հնարավորության վերաբերյալ։ Նման նախաձեռնությունը կարող է դառնալ փոխադարձ վստահության ձևավորման կարևոր գործիք, եթե երկու պետություններն իրական քաղաքական կամք ցուցաբերեն դրա իրականացման համար։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համոզված է, որ անձանց անհայտ կորելու հանգամանքների պարզումը պետք է դիտարկել որպես փաստահավաք առաքելություն։

Կազմակերպությունը մշտապես ընդգծել է, որ անհայտ կորած անձանց ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցության ապահովման հետ միասին կարևոր և աջաջնահերթ նշանակություն ունի անհայտ կորելու հանգամանքների հնարավորինս ամբողջական բացահայտմանը։ Այս աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն քրեական գործերով իրականացվող քննչական գործողություններով։ Քրեական արդարադատությունն ունի իր նպատակը՝ պարզելու հանցագործության առկայությունը և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։ Սակայն փաստահավաք առաքելության նպատակը բոլորովին այլ է՝ վերականգնել իրողությունը։ Այս գործընթացում յուրաքանչյուր տեղեկություն, նույնիսկ եթե այն քրեական պատասխանատվության համար բավարար չէ, վճռորոշ նշանակություն ունի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզման գործընթացում։ Փաստահավաք առաքելությունը ներառում է ականատեսների վկայությունների հավաքագրում, ռազմական փաստաթղթերի ուսումնասիրություն, քարտեզների և արխիվների համադրում, զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկությունների ստուգում, ԴՆԹ տվյալների համադրում, միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկատվության փոխանակում, զոհերի նույնականացման ամբողջ գործընթացի համակարգում և այլ գործողությունների իրականացում։ Հետևաբար, անհրաժեշտ է ձևավորել փաստահավաք առաքելություն, որը կգործի քրեական վարույթներից անկախ՝ բացառապես անհայտ կորած անձանց ճակատագրի պարզման նպատակով։

Օրեր առաջ հայտնի դարձավ շատ կարևոր նախաձեռնության` անհայտ կորածների հարազատները կողմից «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» ստեղծման մասին, որը նպատակ ունի խթանել անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման գործընթացը և պաշտպանել նրանց ընտանիքների իրավունքները։ Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, որը վկայում է, որ անհայտ կորած անձանց ընտանիքները ցանկանում են ոչ միայն ստանալ սոցիալական աջակցություն, այլև դառնալ պետական քաղաքականության ձևավորման ակտիվ մասնակից։ Անհայտ կորածների հարցերով մարմինների կազմում ընտանիքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը բարձրացնում է վստահությունը, թափանցիկությունը և գործընթացների արդյունավետությունը։

Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք ունի անօտարելի իրավունք՝ իմանալ ճշմարտությունը։ Այդ իրավունքը չի կարող կախված լինել քաղաքական իրավիճակից, սահմաններից կամ բանակցություններից։ Այն պետք է պաշտպանվի միշտ, բոլոր հանգամանքներում և բոլոր պետությունների կողմից։ Եվ իրավունքի պաշտպանությունը պետք է սկսել այսօր։ Ի վերջո, պետք է հաշվի առնել մեկ պարզ հանգամանք, որ անհայտ կորածների հարցում ժամանակը չափազանց որոշիչ գործոն է, քանի որ յուրաքանչյուր անցնող օր նվազեցնում է վկաների թիվը, ոչնչացնում է փաստեր, բարդացնում է մասունքների հայտնաբերումը և նույնականացումը։ Այն, ինչ հնարավոր էր անել 2021 թվականին, այսօր արդեն զգալիորեն ավելի դժվար է, իսկ մի քանի տարի անց կարող է դառնալ ավելի դժվար։ Հետևաբար, համագործակցության բացակայությունը միայն քաղաքական խնդիր չէ․ այն հանգեցնում է ապացույցների կորստի և ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի շարունակական խախտման։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել