«Նախիջեւան» հայրենակցական միությունը հոկտեմբեր 10-ին կազմակերպել էր Հիշատակի մոմավառություն՝ նախնյաց և Արցախյան պատերազմի ընթացքում բոլոր նահատակվածների հոգիների հանգստության համար:
Շուրջ 300- ամյա ավանդությամբ նշվող Հազարափրկչի ուխտը արդեն 26-րդ անգամ է տեղի ունենում Նոր-Խարբերդից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին:
Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը նշեց, որ սա դարձել է սովորություն, իսկ սովորությունները ձեւավորում են բնավորություն, բնավորության միջոցով ձեւավորվում է մշակույթ եւ 50-100 տարի հետո էլ՝ կենսակերպ:
Կարդացեք նաև
Տեր Ղազարը վաղ առավոտյան արդեն հոգեհանգստյան կարգ էր կատարել՝ իր խոսքով հանուն փառքի պսակը ստացած եւ նահատակված հայորդիների:
«Ես գիտեի, որ ամեն տարի պարբերաբար գալիս են մարդիկ, բայց չգիտեի, որ 26 տարվա վաղեմություն ունի ուխտագնացությունը»,- ասաց հոգեւորականը:
Միջոցառման նախաձեռնողներից «Նախիջեւան» հայրենակցական միության փոխնախագահ Բաբաջան Գյոմուրցի Բաբախանյանը, կարեւորելով օրվա խորհուրդը, ուրախությամբ փաստեց, որ իր մանկության ընկեր Ներսես Վարպետյանը ԱՄՆ-ից հատուկ եկել է ուխտագնացությանը մասնակցելու:
Նշեց, որ նա անցյալ տարի նաեւ բարեգործական ծրագիր է իրականացրել պատերազմում անմահացածների ընտանիքներին աջակցելու համար:
Ի թիվս այլոց, ուխտագնացությանը մասնակցում էին «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ գեներալ -մայոր Լեւոն Ստեփանյանը, փոխնախագահներ Վլադ Մանուկյանն ու Բաբաջան Բաբախանյանը, հայագետ Արգամ Այվազյանը, երգչուհի, Նժդեհի գաղափարական կենտրոն-թանգարանի պատասխանատու Գայանե Ներսիսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































