Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում իրարանցում էր՝ գյուղացիները հավաքվել էին աշնանացան ցորենի սերմնացու ստանալու, որը բաշխվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական աջակցության ծրագրերի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ Խաչիկում մոտ 118 ընտանիքների տրամադրվեց 32 տոննա ցորեն` մեկ հեկտարի համար 300 կգ:
Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը գյուղ այցելած լրագրողներին տեղեկացրեց, որ կադաստրային քարտեզով գյուղի վարելահողերը 1200 հա են։ «Հարթավայրում ունենք մոտ 400 հա հարթ տարածք, որից մոտ 200 հա-ն վարելահողեր են։ Նախանցած տարի ԿԽՄԿ օգնությամբ հողերը մելիորացրեցինք, 200 հա ցանեցինք, որից 100 հա հաճար ու ոլոռ։ Այս տարի այս համագործակցության արդյունքում ցորեն ենք ստանում, ինչի համար անչափ շնորհակալ ենք»,- ասաց վարչական ղեկավարը։
Կարդացեք նաև
ԿԽՄԿ-ն այս ծրագիրն իրականացնում է սահմանամերձ ու խոցելի մարզերում՝ մեղմելու պատերազմի հետեւանքները։
Սյունիքի Կապան համայնքի գյուղերը եւս ծրագրի շահառու են։ Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանք է կատարվել ԿԽՄԿ կողմից, ինչը հնարավորություն է տվել առաջին հերթին գյուղապահպանության հարցը լուծել, որն առաջնային խնդիր է պատերազմից հետո։ «Շատ կարեւոր է ամեն ինչ անել, որպեսզի գյուղացիները չլքեն սահմանամերձ բնակավայրերը։ Եվ այսօր կարող ենք փաստել, որ համայնքի կողմից իրականացված քաղաքականության արդյունքում, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նման միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք պայմաններ, որպեսզի գյուղերը չդատարկվեն»,- ասաց Գոռ Թադեւոսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վերջին 5-6 տարիներին ԿԽՄԿ գրասենյակի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսության զարգացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, համայնքներում առողջապահության ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանը։ «Շուրջ 15 սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակիչներ ընդգրկված են եղել այս ծրագրերում, գումարած Կապան քաղաքը։ Կարեւոր եմ համարում նաեւ գյուղական բնակավայրերում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված դասընթացների անցկացումը, որը հնարավորություն է տալիս գյուղացիներին ճիշտ եւ արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մենք կարծում ենք, որ այս ծրագրերը շատ կարեւոր էին հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում»,- հավելեց Թադեւոսյանը։
2025 թվականի ընթացքում 201 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմնացու է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Կուտական, Ազատ, Կութ, Նորաբակ համայնքների 348 տնային տնտեսությունների: 2026 թվականի ընթացքում մոտ 130 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու է տրամադրվել Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր, Ազատ, Կութ, Նորաբակ, Վայոց ձորի մարզի Խաչիկ, Սյունիքի մարզի Արավուս, Ներքին Խնձորեսկ համայնքների 370 տնային տնտեսությունների։
Իսկ Սյունիքում 2026-ին ԿԽՄԿ-ն աջակցել է 30 տնային տնտեսությունների՝ Շիկահող եւ Սրաշեն համայնքներում՝ իրականացնելու փոքր եկամտաբեր ծրագրեր՝ մեղվապահություն, թռչնաբուծություն, նաև անասնակերի գնում։
Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրով գյուղի բնակիչները մասնակցել են գյուղատնտեսական դասընթացի, հաղթողները ստացել են դրամական միջոցներ, որի արդյունքում ձեռք են բերել հավեր, անասնակեր, մեղուներ։ Դրանից առաջ վառելափայտի համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գյուղացիներին, քանի որ Շիկահող համայնքը չի գազիֆիկացվում։
Շիկահողի բնակիչ Վլադիկ Աղաթելյանը ծրագրի շահառուներից է, ստացել է 300 հազար դրամ՝ հավի ճտեր ձեռք բերելու համար։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մտադիր է ընդլայնել գործունեությունը։ «Ծրագիրը շատ կարեւոր է հատկապես սահմանամերձ բնակավայրերի համար, որովհետեւ պատերազմի հետեւանքով շատ բնակիչներ իրենց տնային կենդանիներին մորթեցին, քանի որ անորոշ վիճակ էր»,- նշեց նա։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Տնտեսական անվտանգությունն այն է, երբ մենք օգնում ենք հակամարտության հետեւանքով տուժած համայնքներին ու բնակչությանը, որպեսզի իրենք կարողանան իրենց առաջնային կարիքները եւ անխուսափելի ծախսերը հոգալ արժանապատիվ ձեւով»։
Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացվում է սահմանամերձ ամենախոցելի համայնքներում։ «Երկրորդ տարին անընդմեջ իրականացնում ենք սերմերի բաշխում, այս տարի ցորենի սերմերի բաշխումն իրականացնում ենք յոթ համայնքներում՝ Խաչիկում, Սյունիքի մարզի Արավուս եւ Ներքին Խնձորեսկ եւ Գեղարքունիքի մարզի Կութ, Ազատ, Նորաբակ եւ Ջաղացաձոր գյուղերում»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։ Նա նշեց, որ սերմնացուի տեսակն ընտրվել է՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի հողերի առանձնահատկությունն ու բնակլիմայական պայմանները։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի Զառա Ամատունին լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին 10 տարիների ընթացքում նմանօրինակ ծրագրեր են իրականացրել հանրապետության Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Իսկ 2020 թվականի պատերազմից հետո աշխատանքներն ակտիվացրել են հատկապես սահմանամերձ Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերում։
Զառա Ամատունին նաեւ տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ն մինչեւ տարեվերջ կավարտի տնտեսական աջակցության ծրագիրը։ «Ինչ վերաբերում է մեր առաքելության ավարտին սահմանամերձ բնակավայրերում, դա, բնականաբար, կապված է իրավիճակի ավելի կայունացման հետ։ Այսօր չկա այն սուր իրավիճակը, որ մարդիկ անմիջական կարիք ունեն եւ չունեն հնարավորություն դա այլ կերպ հոգալու, քան միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Հետեւաբար, արդեն այս տարվա ավարտին այս ծրագրերը կամբողջացնենք։ Մեր ներկայությունը, մեր մարդասիրական մանդատն արդեն տարածվելու է այլ մարդասիրական խնդիրների վրա, որոնցից է, օրինակ, անհայտ կորածների հարցը, նրանց ընտանիքների հետ աշխատանքը, մարդասիրական մեր երկխոսությունը իշխանությունների հետ միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացման հարցում, համագործակցությունը Զինված ուժերի հետ այդ նույն հացերի շուրջ»,- ասաց Զառա Ամատունին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

























































