Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Առավել քան վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունը Երեւանում կկազմակերպենք ամենաբարձր մակարդակով»

Հունվար 31,2022 10:32

Մայիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ինչը բացառիկ իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում:

Aravot.am-ը ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ զրուցել է նախապատրաստության ընթացքի մասին:

-Հոկտեմբերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ Եվրոպայի առաջնությանը լավագույնս պատրաստվելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով: Անցած ամիսների ընթացքում ի՞նչ է արվել:

-Ամենակարեւոր նախապատրաստությունը Հայաստանի այս առաջնությունն է: Այստեղ մենք հասկանում ենք, թե ինչով ենք գնում Եվրոպայի առաջնություն, որովհետեւ այն լավ կազմակերպելուց պակաս կարեւոր չէ, որ մեր հավաքականը լավ մասնակցի ու չեմպիոն ունենա: Այս առումով կարծես, ամեն ինչ կարգին է: Լավ թիմ ունենք: Եվ եթե այս երեք-չորս ամիսը ուսումնամարզական հավաքներով լավ անցնեն, պիտի որ ցանկալի արդյունքն ունենանք: Այն քաշային կարգերում որտեղ մի քիչ խնդիրներ կան, կփորձենք համալրել այլ երկրներում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկներով: Մասնավորապես, այս առաջնությունում Ուկրաինայից երկու հայրենակից ունեինք, որոնք հավակնում են Հայաստանի հավաքականում տեղ ունենալ: Տեսնենք, թե ինչ կասի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ինչ վերաբերում է կառավարական հանձնաժողովին, երկու նիստ արդեն կայացել է: Շատ հարցեր արդեն իրենց պատասխանը գտել են: Օրինակ, թե «Զվարթնոց» օդանավակայանը հյուրերին ինչպես է սպասարկելու, ինչպիսին է լինելու Երեւան բերող ճանապարհը: Արդեն հայտնի են հյուրանոցները, որտեղ հանգրվանելու են մարզիկներն ու մարզիչները, մյուս հյուրերը: ՄՀՀ-ում ցուցատախտակի եւ հատակի տենդերը կազմակերպված է ու հաղթողներին գիտենք: Մոտ ժամանակներս այդ գույքը ձեռք կբերենք: Այս պահին քննարկվում է բրենդավորող կազմակերպության հարցը: Հուսով եմ՝ մի քանի օրից կիմանանք նաեւ թե ովքեր կձեւավորեն այս առաջնությունը՝ բացման, փակման արարողություններ, ընթացքը եւ ընդհանրապես, ձեւավորումը, հանդերձանքը, որոնք շատ կարեւոր են: Ու անելու ենք հնարավորինը, որ ով գա Երեւան այդ առաջնությանը մասնակցելու, հեռանալիս մտածի նորից վերադառնալու մասին:

-Բռնցքամարտի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների հետ աշխատո՞ւմ եք:

-Անշուշտ: Նրանց հետ ամենօրյա կապի մեջ ենք: Շուտով կժամանեն մասնագետներ: Սուպերվայզերը, եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, ամենայն հավանականությամբ, տնօրենը կգան: Միասին կնայենք, մեր առաջարկները կքննարկենք: Եթե փոխելու բան կա, իսկ այդպիսիք կլինեն, կփոխենք, միմյանց հետ կհամաձայնեցնենք: Այնպես որ, առավել քան վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացնենք ամենաբարձր մակարդակով:

-Նշեցիք՝ Հայաստանի այս առաջնությունը ցույց է տալիս, որ կարող հավաքական ենք ունենալու Եվրոպայի առաջնությունում: Սակայն հայտնի է, որ Հովհաննես Բաչկովը եւ Արման Դարչինյանը պատրաստվում են պրոֆեսիոնալ մենամարտերի ու չի բացառվում, որ չկարողանան մասնակցել երեւանյան առաջնությանը:

-Նախ, Բաչկովը չի հասցնի պրոֆեսիոնալ բռնցքամարտում 15 մենամարտ անցկացնել ու այդ դեպքում կարող է սիրողական ռինգ վերադառնալ: Մինչեւ աշխարհի առաջնություն ես եւ ՀԲՖ նախագահը Բաչկովի հետ զրուցել ենք եւ եկել համաձայնության, որ ինքը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Միայն նրա պրոումոթերների հետ պետք է վերջնական համաձայնության գանք: Կարծում եմ, որ խնդիր չի լինի ու Բաչկովը կլինի հավաքականի կազմում, թերեւս, ավագի կարգավիճակով: Նույնը՝ Արման Դարչինյանի հետ կապված: Բոլորի հետ էլ խոսել ենք: Եվ եթե հավաքականի գլխավոր մարզիչը գտավ, որ տղաները պետք են թիմին, մենք ամեն ինչ կանենք:

Կարեն Գիլոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը զրուցել է համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովի հետ եւ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի միջազգային այդ կառույցը աշխարհի առաջնության օրինակով մրցանակային հիմնադրամ սահմանի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31