Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվանից թագավորությունը՝ հայոց երկրորդ պետականություն

Մարտ 03,2022 12:00

Բաքվի իշխանությունները կրկին փորձում են «ալբանիզացնել» Արցախի Հանրապետությունից բռնազավթած տարածքներում գտնվող հայկական հուշարձանները:

Նախիջեւանի տարածքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան հարյուրավոր խաչքարերը, որոնք համաշխարհային քաղաքակրթության մշակութային ժառանգության ոսկե ֆոնդի մաս էին կազմում, ադրբեջանական իշխանությունները անարգել ոչնչացրին: Քաղաքակիրթ աշխարհը, ավելի շուտ՝ աշխարհի տերերը, հաշվի առնելով Ռուսաստանի շահերին հակառակ Բաքվից դեպի Թուրքիա եւ Եվրոպա մղվող գազի ու նավթի խողովակաշարերը, այդ ոճիրը ներեցին Բաքվի քաղաքական վերնախավին:

Նույնը շարունակեցին Հյուսիսային Արցախում՝ հայ բնակչությանը իրենց հայրենի երկրամասից բռնագաղթի ենթարկելուց հետո, ոչնչացնելով հազարամյակների խորքից եկող հայկական հազարավոր հուշարձանները: Առավել հայտնի հուշարձանները, որոնց թվում են Արանց անապատը, Խունիսավանքը, Չարեքավանքը, Չարեքաբերդը, Փառիսոսի բերդը, Այրիվանքը՝ Գետաբեկի շրջանում, Տկռուկի, Հրեշտակապետանց, Սուրբ Ստեփանոս, Ոսկան Նահատակ, Եղնասարի վանքերը՝ Շամխորի շրջանում, Հնաբերդը, Ողջաբերդը, Վահրամ իշխանի բերդը Տավուշ-Թովուզում, Սուրբ Թարգմանչաց վանքերը, Մեծաբերդ- Տիգրանակերտը՝ Քարհատ-Դաշքեսանի շրջանում, Կուսանաց անապատը, Դուլուս վանքը, Ոսկանապատի բերդը՝ Ելենենդորֆ-Խանլարի շրջանում, Գավարզին բերդը՝ Ղազախի շրջանում, ինչպես եւ հարյուրավոր եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակավայրեր, վանդալների ձեռքով ոչնչացվեցին դրանց վրա գոյություն ունեցող հայատառ որմնագրերը: Բաքվի քաղաքական վերնախավը անարգել ջնջում է հայկական հետքերը, իսկ մնացածը փորձում ներկայացնել իբրեւ «ալբանական» գրեր:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ալբանիան կամ Աղվանքը: Հունական, հռոմեական, արաբական, պարսկական, վրացական աղբյուրները վկայում են, որ անտիկ շրջանում այն Հայաստանից սահմանազատվում էր Կուր գետով եւ սահմանակից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նախարարություններին: Իսկ բուն Կովկասյան Ալբանիա-Աղվանքը (այսօրվա Դաղստանը) Պարսից կայսրության մարզպանություններից էր, սակայն նրա հետ ընդհանուր սահման չուներ: Պարսից արքայից արքաները վաղուց էին ձգտում Մեծ Հայքից խլել նրա հյուսիս-արեւելյան նախարարությունները՝ Արցախը, Ուտիքն ու Փայտակարանը: Դա հնարավոր դարձավ 287 թ. Անակ Պարթեւի ձեռքով հայոց Խոսրով թագավորի եղերական սպանությունից հետո: Մեծ Հայքի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նախարարությունները գրավելով, Պարսկաստանը միացրեց իր տիրապետության տակ գտնվող Աղվանք-Ալբանիա մարզպանությանը, սակայն հաշվի առնելով այդ նախարարությունների ռազմական պոտենցիալը, մարզպանությանը զուգահեռ հիմնեց Աղվանից թագավորություն՝ թագավոր կարգելով արցախի Ջրաբերդ գավառից Քաջ Վաչական իշխանին: Այս տոհմի 11 տերերը ժառանգական իրավունքով իրար հաջորդելով, անպայման մեկնում էին Պարսից մայրաքաղաք Տիզբոն, թագադրվում, պսակվում արքայից արքայի դստեր հետ, վերադառնում հայրենի երկիր՝ թագավորելու: Վաչականյանները իրենց նստավայր ընտրեցին Ջրաբերդ անառիկ ամրոցի դիմաց Տրտուական (Թարթառ) գետի աջ ափին Կարապետանց Քար լեռան վրա Դիտական բերդավանը, որը մինչ այդ Զորատափի Հարթապտուկ բարձունքն ու Ջրաբերդը իրար կապող դիտակետ էր ծառայում:

Փաստորեն, Ալբանիա-Աղվանք երկրում գոյություն ուներ Պարսից կայսրության Աղվանից մարզպանություն՝ Պարտավ կենտրոնով եւ Տիզբոնին ենթակա հայկական Աղվանից թագավորություն՝ Դիտական կենտրոնով: Հայտնի է, որ Վաչական Գ արքան իր թագավորության սահմաններում հաստատում է Մեծ Հայքում գործող Շահապիվանի սահմանադրական կանոնները՝ մերժելով պարսից կողմից քրիստոնեության փոխարեն բռնի կերպով պարտադրվող Զրադաշտությունը, հիմնում է տասնյակ հայկական դպրոցներ եւ եկեղեցիներ:

Այս կերպ հայոց երեք նախարարություններում պահպանվում է հայկական մշակույթի, ինքնության ընդհանուր դաշտը: Պարսից Արքայական խորհուրդը եւս ընդունում էր, որ Ալբանիա-Աղվանքը փաստորեն հայկական երկրորդ պետություն է: Աղվանից թագավորությունը գոյություն ունեցավ մինչեւ 528 թվականը՝ Քաշաթաղի Բաղակաշատ ամրոցի ստորոտում Պարսից արքայից արքա Կավատի կողմից Վաչական Գ Բարեպաշտ արքայի եւ իր եղբորը՝ Ջամասպ արքայից արքայի եղերական սպանությունը:

Ինչ վերաբերում է Աղվանից եկեղեցուն, ապա Հայոց առաքելական եկեղեցին, նպատակ ունենալով Բուն Աղվանքում եւս տարածել քրիստոնեությունը եւ հայոց մշակույթի ազդեցությունը, հիմնում է Հայ առաքելական եկեղեցուն ենթակա Աղվանից եկեղեցու թեմը, որպես թեմի առաջնորդ ուղարկելով Գրիգոր Լուսավորչի թոռանը՝ Գրիգորիս եպիսկոպոսին, հետագայում այն վերածում կաթողիկոսության: 501 թ. Աղվանից կաթողիկոս է ընտրվում Աբասը:

Սիրիական աղբյուրներից հայտնի է, որ Մերձկասպյան հոների հրավերով ու Հայոց ամենայն կաթողիկոսի եւ Աղվանից կաթողիկոսի հանձնարարությամբ 501 թ. նրանց կենտրոն Վարաչան է մեկնում Ջրաբերդի Հոռեկավանքի եպիսկոպոս Քարդոստը, որը յոթ տարում ստեղծում է հոների 25 տառանոց այբուբենը, ապա հաջորդ յոթ տարում այդ գրերով հոներեն է թարգմանում Ավետարանը, միեւնույն ժամանակ հիմնում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Այս մասին ընդարձակ տեղեկություն է հայտնում Բրիտանական հանրագիտարանը: Բյուզանդիայի կայսր Հուստենոս I-ը (518-527 թթ.) Քարդոստին որպես նվեր եւ օգնություն ուղարկում է երեսուն ջորիներով բեռնված մթերք, դպրոցական, եկեղեցական պարագաներ: Ցավոք, հոները, թափառական ու թալանով ապրող ժողովուրդ լինելով, չպահպանեց հայոց եկեղեցու այս նվերը: Հայտնի է, որ դրանից մեկ դար առաջ Մաշտոցն էր բազմալեզու կովկասցի բնիկ ժողովուրդների համար գրեր ստեղծել, որոնք եւս չեն պահպանվել, ու քրիստոնեական մշակույթը այդպես էլ չարմատավորվեց Բուն Աղվանքում: VII դարի կեսին կրկին հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու հոների Մեծ իշխանի խնդրանքով Արցախի նույն Հոռեկավանքի եպիսկոպոս Իսրայելը մեկնում է Վարաչան՝ հոների մոտ քրիստոնեություն քարոզելու: Հայտնի է, որ վրաններում ապրող ռազմատենչ հոները այդպես էլ նստակյաց չդարձան, գերադասեցին թալանը՝ սեփական աշխատանքով ապրելու փոխարեն: Իսկ դրան հակառակ՝ Աղվանից եկեղեցին, ինչպես եւ պետականությունը, չնայած Պարսից Սասանյան հարստության ջանքերին՝ զուտ հայկական մնացին:

Հայոց Հյուսիս-արեւելյան նահանգներ Արցախն ու Ուտիքը (Պարսկաստանը ամբողջապես հայությունից բռնազավթել էր Փայտակարան նահանգը) իրենց երեքհազարամյա կյանքում, շուրջ 10 անգամ, երբ Մեծ Հայքը այս կամ այն քաղաքական իրադարձության իրավիճակում կորցնում էր իր պետականությունը, ստեղծում էին իրենց անկախ կամ կախյալ պետականությունը, այդպես պահպանելով իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն, ազգային ինքնագիտակցությունը: Այս տեսանկյունից 1988-ի ապստամբությունը ազատագրական շարժման երեքհազարամյա պայքարի ժառանգականության ուժի դրսեւորումն էր:

18-րդ դարի առաջին կեսին, երբ դեպի Կասպիական արեւելյան ափամերձ շրջանները ռուսներից խլելու նպատակով ճանապարհին Օսմանյան Թուրքիայի բանակները փորձում էին նվաճել Հայոց հյուսիս-արեւելքը, Արցախ-Ուտիքում հիմնվեց Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը, որի ղեկավարներն էին զորավար Ավան Յուզբաշին եւ Աղվանից կաթողիկոս Եսայի Հասա-Ջալալյանը: Ավան զորավարի բանակը ամեն անգամ հաջողությամբ ետ էր մղում թուրքական կանոնավոր բանակների հարձակումները: Երբ Ռուսաց ինքնակալ թագավոր Պետրոս Առաջինը Արցախ-Ուտիքի հայությանը առաջարկեց գաղթել Դերբենտից մինչեւ Գիլան ու Մազանդարան Կասպիականի ափամերձ շրջանները եւ այնտեղ ռուսական խնամակալության տակ հայկական թագավորություն հիմնվի: Նա հատուկ հրամանագրերով Դերբենտի, Բաքվի, Գիլանի նահանգապետներին ու պարետներին հանձնարարում է ընդունել հայ գաղթականներին, պայմաններ ստեղծել նրանց բնակության համար: Այդ գրություններում խոսք անգամ չկա թուրք կամ թաթար բնակչության մասին, քանի որ դրանք այդ տարածքում գոյություն չունեին: Սակայն Պետրոս առաջինի մահը անկատար թողեց հայկական պետության ստեղծման ծրագրի իրականացումը:

Վաղ քրիստոնեական եկեղեցիներ դեռեւս մնացել են Կովկասյան լեռներում: Սակայն Խորհրդային տարիներից սկսած Բաքվից ուղարկվող վանդալների խմբերը, տեղի բնակիչներին ներկայանալով որպես վրացիներ, ամենուր ջնջում էին այդ հուշարձանների հայերեն գրերը, ձգտելով վերացնել հայկական մշակույթի հետքերը:

Բաքվի քարոզչությունը պակաս ջանքեր չի թափում յուրացնելու հարեւան Իրանի մշակույթը, պատմությունը: Եթե Իրանում 1501-1736 թթ. թագավորում էր Սեֆեվիների հարստությունը, Բաքվի քաղաքական վերնախավը Իրանը համարում է ադրբեջանական պետություն: Ստացվում է, որ եթե Բյուզանդիայում 300 տարի կայսրերը հայկական ընտանիքներից են, ուրեմն այն Հայո՞ց պետություն էր: Եթե ԽՍՀՄ-ում ղեկավում էր վրացի Ստալինը, ուրեմն այն Վրա՞ց պետություն էր: Հասկանալի է, Բաքվի տիրապետող տները փորձում են ամեն կերպ թոթափել քոչվոր ժողովրդի ժառանգությունից, սակայն անպայման հարեւան ժողովուրդների պատմության, մշակույթի, ինքնության սեփականացման հաշվին:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում Հայկական ուժերի պարտությանը, ապա այստեղ վճռական դեր կատարեց Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային պայմանագիր կնքելու նախնական պայմանավորվածությունը, որի գինը Արցախի Հանրապետության մեծ մասի կորուստն էր եւ Ռուսական ռազմահենարանի ստեղծումը: Իսկ Հայաստանի թուլակամ իշխանությունները ընդառաջ գնացին Ռուսական Դաշնության եւ Ադրբեջանի կամքին եւ ինքնակամ զիջեցին Արցախի մեծ մասը թշնամուն: Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի շրջանի կեսը Սյունիքի, կեսը՝ Արցախի պատմական տարածքք է: 2016-2020 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետազոտական խմբի կազմում ուսումնասիրել եմ ազատագրված տարածքների շուրջ 60 նորահայտ ամրոցները, որոնք կապված են հայոց պատմության հետ: Հայտնաբերել եւ արձանագրել ենք տասնյակ հուշարձաններ, որոնք Հայոց մշակույթի եւ պատմության անբաժանելի մաս են կազմում: Եվ այդ ամենը թեթեւ ձեռքով նվիրաբերել թշնամուն, որը պատմականորեն ոչ մի կապ չունի դրանց հետ, սակայն ջնջելով հայկական մշակույթի, գոյության հետքերը, հարյուրավոր կեղծ գրքերով ու վկայություններով փորձում է իր համար պատմություն կերտել, իբրեւ թե Կովկասյան Ալբանիա-Աղվանքի ժառանգորդ է հանդիսանում, անշուշտ, սրբապղծություն է:
Օրերս Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարեց, որ նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը «կոչված է հեռացնելու կեղծ գրերը, որոնք հայերը նկարել են ալբանական տաճարների եւ վանքերի վրա»:

Սրանով Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ սկսում է Արցախի օկուպացված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության վերացման կազմակերպված գործընթաց: Հիշեցնեմ, որ դեռեւս 2021 թվականի մարտին Ալիեւը օկուպացված Հադրութ այցի ժամանակ, հայկական եկեղեցու մոտ, բոլորի աչքի առջեւ հայտարարում է. «Այս բոլոր գրությունները կեղծ են, դրանք ավելի ուշ են գրվել: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել մեր հնագույն հողերում:

Հայերը ցանկացել են հայկական դարձնել այս եկեղեցին եւ այստեղ հայկական գրություններ են թողել, բայց նրանք ձախողել են»: Նման լպիրշություն նույնիսկ նրա նախորդները չեն համարձակվել անել: Դրանով իսկ մեկնարկ տրվեց հետպատերազմյան շրջանում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու կեղծմանը: Ադրբեջանի մշակույթի նախարարությունն անգամ Դադիվանքն է փորձում «ալբանիզացնել»: Մի կողմից, կեղծիքի այս քաղաքականությունը մեզ լավ ծանոթ է, մյուս կողմից, սա հիշեցնում է մեզ հայտնի գործելաոճը, երբ 2000-ականներին սիստեմատիկ կերպով վերացվեցին Ջուղայի հայկական խաչքարերը: Նախիջեւանի հայկական բնակչությանը բռնագաղթի ենթարկելուց հետո, ադրբեջանական իշխանությունները հայկական հետքը ջնջելու նպատակով սկսեցին նաեւ իրագործել մշակութային ցեղասպանությունը՝ հողին հավասարեցնելով մոտ 10 000-ի հասնող հսկայածավալ քրիստոնեական ժառանգություն՝ եկեղեցիներ, խաչքարեր եւ գերեզմաններ: Այս գործելաոճը չի փոխվել: 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մենք ականատես եղանք, թե ինչպես անհետացավ եկեղեցին Ջրականում, որն էլ արձանագրել էր BBC-ի թղթակիցը: Պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծելուց հետո, արդեն օկուպացված Շուշիում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Բաքվի իշխանությունները սկսեցին ամբողջությամբ վերափոխել եկեղեցին, այն դարձնելով մզկիթ: Մի կողմից, մենք գործ ունենք հրահանգված եւ կազմակերպված «ալբանիզացման», մյուս կողմից՝ մշակութային ժառանգության վերացման հետ:

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցի՝ պատերազմից հետո «Հայկական պատմական եւ մշակութային սեփականություն հանդիսացող մոտ 1456 օբյեկտ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրա մեջ ներառված են 161 հայկական եկեղեցի, 591 խաչքար (փորագրված խաչքարեր), Տիգրանակերտի հնագիտական պեղումները, Ազոխի քարանձավը եւ այլ արժեքավոր վայրեր…»: Հազարավոր մարդիկ բռնագաղթի են ենթարկվել Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի զավթած տարածքներից, Շուշի բերդաքաղաքից: Քաղաքակիրթ Եվրոպան ու ԱՄՆ-ը հանգիստ ներում են դա Բաքվի բռնապետին, քանի որ նրանց համար ավելի կարեւորը նավթն է ու գազը:

Հայտնի է նաեւ, որ հետպատերազմյան շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձերը այցելել տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, խոչընդոտվել են Բաքվի կողմից: Այսօր Բաքուն ակնհայտ խոստովանում է, որ սկսում է հայկական մշակութային ժառանգության վերացման ու կեղծման քաղաքականություն: Այս խնդրում կարող է կարեւոր դերակատարում ունենալ միջազգային հասարակական կարծիքը: Այս ուղղությամբ շատ քիչ բան է արվում մեր կողմից: Պետական համապատասխան կառույցները չտեսնելու են տալիս խնդիրները, ասպարեզը թողնելով թշնամուն, այնինչ նույնիսկ սուղ միջոցներով կարելի է ծնկի բերել հակառակորդին: Ուղղակի պետք է օգնել այն նվիրյալներին, որոնք կարող են անել դա: Սա որոշակի զսպաշապիկ կլինի Բաքվի համար: Եթե կազմակերպված աշխատանք տարվի, ապա շատ հարցերում կկարողանանք կանխել Ադրբեջանի հանցավոր գործելաոճը կամ համարժեք գնահատականներ ստանալ միջազգային կառույցներից:

Անշուշտ, պետք է վերականգնել պատմական անհերքելի ճշմարտությունը, Հայոց երկրորդ պետականության նկատմամբ հայ ժողովրդի իրավունքը, թույլ չտալ, որ Լեռնային Ալթայից եկած քոչվոր ցեղախմբերի ժառանգները սեփականացնեն մեր մշակույթը, պատմությունը, տարածքները:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Շուշի» հիմնադրամի նախագահ
Բանասիրական գիտությունների պատվավոր դոկտոր
26.02.2022

«Առավոտ» օրաթերթ
02.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031